Կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառում

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած և անհատ բարերարների աջակցությամբ իրականացվող, պատերազմի եւ բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծրագրի շահառու կանայք, այլ նաև ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրած նվիրատուները:
Ծրագրի շահառու արցախցի կանայք վերջին 6 ամիսներին սովորել եւ նոր մասնագիտություն էին ձեռք բերել՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Փոխդեսպան տիկին Միքայելա Ջերաբկովան ծրագրի շահառուներին հանձնեց վկայականներ եւ մաղթեց հաջողություններ` հաղթահարելու սոցիալական ու հոգեբանական ծանր խնդիրները։
Ծրագրի անհատ նվիրատուները, որոնք իրենց նվիրատվություններով հնարավորություն էին տվել արցախցի կանանց ոչ միայն ստանալ մասնագիտություն, այլ նաեւ ձեռք բերել մասնագիտական աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Միջոցառումն անցկացվեց ոչ ֆորմալ թեյախմության ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին դժվարին ժամանակներում իրենց կողքին կանգնելու և աջակցելու համար, իսկ ծրագրի շահառու, կոնսերվատորիայի ուսանող Անուշ Ստեփանյանն իր շնորհակալությունը հայտնեց Արցախի բարբառով ժողովրդական երգերի հիանալի կատարմամբ` հուզելով, բայց նաեւ պայքարի կամք ներշնչելով բոլորին։
Մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը շարունակվում է, քանի որ շատ կանայք սպասում են իրենց հերթին՝ ստանալու մասնագիտություն և աշխատանք։