Կայացավ «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը

Կայացավ «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Արդեն երկրորդ տարին է Մարդու իրավունքների միջազգային օրը նշանավորում ենք լրագրողական մրցանակաբաշխությամբ, մեկտեղելով պետական եւ միջազգային կառույցների ու քաղհասարակության ջանքերը, գնահատելու այն լրագրողների աշխատանքը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել են մարդու իրավունքների խախտումները, նաեւ նպաստել խնդիրների լուծմանը։
Մրցանակաբաշխության բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Յապ Ֆրեդերիքսը եւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ․
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կողմից՝ արցախցի լրագրող Մարութ Վանյանին, որպես գնահատանք լրագրողական ահռելի աշխատանքի, որը Մարութն իրականացրել է շրջափակման եւ բռնի տեղահանման օրերին։
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ տրվեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից։ Պաշտպանի մրցանակը ստացավ Հետք մեդիա գործարանի ուսանող, լրագրող Աստղիկ Հովհաննեսովը՝ «Անօթևանների կացարանը` ներսից. տարիներով չլուծված խնդիրներ» հոդվածի համար։
Այս տարի եւս ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ տրվեցին ՄԱԿ-ի գործակալությունների կողմից։
ՄԱԿ-ի գրասենյակի կողմից մրցանակի արժանացավ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը՝ «Կարծրատիպերին դեմ գնացած ու ինքն իրեն ամբողջական դարձրած Արմինեն» հոդվածի համար։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Հատուկ մրցանակի արժանացավ Սոնա Մարտիրոսյանը՝ «Ծնողները լռում են»․ Հայաստանում տարեցների նկատմամբ բռնության մասին» հոդվածով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրի կողմից Հատուկ մրցանակներով պարգեւատրվեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը «ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հիվանդասենյակի դուռը երեխայի ծնունդից հետո մի ամբողջ օր ոչ մի բժիշկ չի բացել» ռեպորտաժի եւ Սիվիլնեթի լրագրող Հասմիկ Հովհաննիսյանը՝ «Սկեսրայրս ասաց՝ երեխուն հեռացրու․․․ՄԻԱՎ-ով կանանց բարդ կյանքը Հայաստանում» հոդվածի համար։
Մասնագիտական Ժյուրիի կողմից տրված մրցանակների մանրամասները՝ հաջորդիվ գրառումներում։
«Հոդված3․ լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդներ Թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (EED) աջակցությամբ: