Ղազանչի անտառային գոտին մաքրվեց աղբից և աղբամաններ տեղադրվեցին
«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի մասնակից Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում գտնվող Ղազանչի կոչվող անտառային գոտում մեծ և փոքր աղբամաններ տեղադրեցինք։
Կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը՝ Սպիտակ քաղաքի ավելի քան 20 երիտասարդներ մաքրեցին ու կարգի բերեցին տարածքի հանգստյան գոտու հատվածը՝ օրինակ ծառայելով տարածքում հանգստանալ ցանկացող համաքաղաքացիներին։ Աղբամաններից բացի, տարածում տեղադրեցինք նաև ցուցանակ՝ որը կոչ է անում չաղտոտել տարածքը։
Սպիտակի քաղաքապետարանի հետ էլ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աղբահանությունը տարածքում պարբերական բնույթ կկրի։
Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը։ Մինչ օրս արդեն կյանքի է կոչվել համայնքային զարգացման 3 ծրագիր։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։