Մեդիագրագիտության տարածումը Արարատի մարզում
«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի գործունեության թիրախում 2024 թվականին Արարատի մարզն էր, որտեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալ և համագործակցել նվիրյալ ու բարեխիղճ ուսուցիչների հետ: «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրն իրականություն է դարձել «Ֆրիդըմ Հաուս» միջազգային կազմակերպության եւ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ:
Ղուկասավանի միջնակարգ դպրոցում մեր թվով հինգերորդ մեդիագրագիտության-դասարան ակումբի ստեղծմանը զուգահեռ ծրագրի շրջանակում դրամաշնորհներ ստացան նաև Արալեզի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինե Զարոյանը և Վանաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը: Ուսուցիչները ոչ ֆորմալ կրթական մեդիախմբակներում մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպել՝ փոխանցելով երիտասարդներին մեդիագրագիտությանն առնչվող ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ՝ կրթական գործընթացը հետաքրքրացնելով թեմատիկ մրցույթներով, խաղերով, ֆիլմերի դիտումներով և բեմադրություններով: Արդյունքում երկու համայնքների ավելի քան չորս տասնյակ պատանիներ այս տարի զինվեցին նոր գիտելիքներով ու հմտություններով:
Շնորհակալություն ենք հայտնում մեր ծրագրի շահառու ուսուցիչներին պրոֆեսիոնալ աշխատանքի համար և Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանին արդյունավետ համագործակցության համար: