Արվեստը դեռահասների կարողությունների զարգացման և վերականգնման միջոց
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, այս ամռանը տարբեր համայնքներում իրականացրել է մշակութային ծրագրեր և արտթերապիայի դասընթացներ։ Դրանք կազմակերպվել են «Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցի դեռահասներին։
Դասընթացների նպատակն էր օգնել նրանց ինտեգրվել և վերականգնվել արվեստի միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց կրթական ժամանցը ամառային արձակուրդներին։
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բոհեմ արվեստանոցն այս ամառ վերածվել էր այնպիսի վայրի, որտեղ արցախցի և տեղաբնակ դեռահասները գտել էին իրենց սիրելի անկյունը։ Նկարչուհի Գոհար Մնացականյանը նրանց ընձեռել էր ազատ ստեղծագործելու և ներկերի միջոցով աշխարհը բացահայտելու հնարավորություն՝ գունավորելով նրանց ամառը։