Երկօրյա աշխատանքային հանդիպումներ համայնքային ապագա առաջնորդների հետ
Վերջին երեք ամիսների ընթացքում «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակում 40 մարզաբնակ և Արցախցի կանայք ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ տարբեր ոլորտներում՝ համայնքային զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով։ «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Փետրվարի 15-ին և 16-ին կրթական ծրագիրը մասնակիցների հետ անցկացրեց երկօրյա ինտենսիվ հանդիպումներ, որոնք արդյունավետ լրացրեցին ծրագրի առաջին փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Այս գործնական հանդիպումները հնարավորություն ընձեռեցին կանանց ակտիվորեն աշխատել իրենց համայնքային ծրագրերի վրա՝ օգտագործելով առաջին փուլի ընթացքում ստացած հմտություններն ու գիտելիքները։ Մասնակիցները զարգացրին իրենց կարողությունները և նախապատրաստվեցին՝ համայնքային զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու։
Երկօրյա հանդիպումը մեկնարկեց խմբային քննարկումներով և մտագրոհով, որի ընթացքում մասնակիցները վերհանեցին համայնքային խնդիրները և աշխատեցին ծրագրային գաղափարների շուրջ։ Մենթորների հետ միասին մասնակիցները իրականացրեցին շահառուների, գործընկերների և աջակիցների քարտեզագրում, ինչպես նաև ծրագրերի մշակման և իրականացման հիմնական քայլերի մշակում։ Հանդիպման խտացած օրակարգի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան նաև բացահայտելու սքրափբուքինգը որպես արտթերապիայի և ինքնաարտահայտման մեթոդ։
Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր գաղափարների ներկայացմանը և վկայականների հանձնման արարողությունը։ Օրվա առաջին կեսին մասնակիցները շարունակեցին անհատապես աշխատել համայնքային ծրագրերի գաղափարների շուրջ մենթորների հետ, որին հաջորդեց դրամաշնորհների դիմելու ընթացակարգի դասընթացը։ Օրվա երկրորդ կեսին ակադեմիայի մասնակիցները ներկայացրեցին իրենց ծրագրային գաղափարները և հնարավորություն ունեցան լսել իրենց գործընկերների կարծիքները։ Երկօրյա ինտենսիվ միջոցառումն ավարտվեց վկայագրերի հանձման արարողությամբ։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանը և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Գայանե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին պատրաստակամության և իրենց համայնքներում ծրագրեր իրականացնելու հանձնառության համար։
Շուտով կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում լավագույն ծրագրային գաղափարները կստանան դրամաշնորհներ և կիրականացվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ մարզաբնակ և արցախցի կանանց կողմից։