«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» | ցուցահանդես

Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը՝ ժամը 12։00-ին, սիրով հրավիրում ենք «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում, (Մյասնիկյան 20):

Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ (մթնոլորտային շերտի հատված) են արտանետվում օզոնային շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար գազեր։

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» նախագծի շրջանակում կենցաղային տեխնիկայի նշված տեսակները վերակերպվել են հեղինակային արտ-օբյեկտների, այլ գործառույթ ունեցող իրերի (պահարան, դարակ, սեղան) և կցուցադրվեն հանրային իրազեկման բարձրացման նպատակով։

Լայն սպառման ապրանքների արտադրությունից և որոշ արտադրական գործընթացներից մթնոլորտ են արտանետվում քլոր և բրոմ պարունակող գազեր, որոնք կործանարար ազդեցություն ունեն Երկրի օզոնային շերտի համար։ Դրանցից քլորֆտորածխածինները (ՔՖԱ-ներ (CFCs)) և հիդրոքլորֆտորածխածինները (ՀՔՖԱ-ներ (HCFC-s)) որպես սառնագենտ և որպես մղիչ նյութ օգտագործվում են սառնարանային տեխնիկայում, օդորակիչներում, աերոզոլային բալոններում։ Արտանետվելով վերնոլորտ՝ այս գազերը քայքայվում են՝ արձակելով քլորի և բրոմի ատոմներ, որոնք վնասում են օզոնը։

Կարող եք միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը։

***
Նախագիծն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի աջակցությամբ։