Խմբագրաթոն․ Մարդու իրավունքներ | խմբագիրների հայտագրում
Հայերեն վիքիպեդիայում մարդու իրավունքների և առընթեր ոլորտների վերաբերյալ հոդվածներ խմբագրելու և հրապարակելու համար «Հոդված 3» ակումբը հայտարարում է խմբագիրների հայտագրում: Ծրագրի ավարտին կհրատարակվի նաև հոդվածների ժողովածու։
Դիմել կարող են բոլոր ցանկացողները։ Հայերեն և մեկ օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն) լավ իմացությունը պարտադիր է։ Վիքիպեդիայում խմբագիր լինելու փաստը կդիտվի որպես առավելություն։ Խմբագիրները հետազոտական աշխատանքը և հոդվածի լրամշակումը կիրականացնեն խորհրդատու մասնագետների ուղղորդմամբ։
Ընտրված խմբագիրները կմասնակցեն «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության փորձառության առցանց դասընթացին և ձեռք կբերեն Վիքիպեդիայի չափանիշներին համապատասխան հոդվածներ գրելու հմտություններ։
Հոդվածների շարքը հայերեն վիքիպեդիան կհարստացնի վստահելի և հավաստի աղբյուրներից ստուգված ազատ տեղեկատվությամբ։ Երբեմն ոչ հավաստի, կեղծ և չճշտված տեղեկատվությունն է, որ թերի բովանդակության ստեղծման և տարածման պատճառ է դառնում։ Վիքիպեդիան հայալեզու միակ առցանց տեղեկատվական աղբյուրն է, որի բովանդակությունը բաց է օգտագործման համար։
Խմբագիրները կստանան հոնորար, որը ներառում է հոդվածի հեղինակումը, մշակումը, լրամշակումը երկու օրինակով․ մեկ օրինակը՝ Վիքիպեդիայի ստանդարտներին համապատասխան, իսկ մյուսը՝ տպագրական ֆորմատին։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ցանկից ընտրել նախընտրելի թեման։ Յուրաքանչյուրը կարող է հեղինակել միայն մեկ հոդված։
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 21-ն է։
Մենք կապ կհաստատենք միայն առաջին փուլն անցած դիմողների հետ։
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հունիսի 26-ին։
Խմբագրաթոնն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։