«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավ
Նոյեմբերի 16-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը։ Արշավի մեկնարկը տրվեց Երևանի պետական համալսարանի բակում կայացած միջոցառմամբ` ներառելով հանրային իրազեկման քայլերթ, հեծանվաշքերթ, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ծաղրանկարների ցուցադրություն և հայկական ազգային պարերի ֆլեշմոբ։
Միջոցառումն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակում։ Մարաթոնը կազմակերպվել է Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։
Համապետական արշավի մեկնարկային միջոցառմանը ողջույնի խոսքով մասնակիցներին դիմավորեցին և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին խոսեցին ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։
Ելույթներից հետո 250 երիտասարդներ քայլերթով և հեծանվաշքերթով շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը Ազդարարման համակարգի վերաբերյալ։ Միջոցառումն ամփոփվեց կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ծաղրանկարների եւ ուղերձների մրցույթի մասնակիցների մրցանակների հանձնման արարողությամբ և ազգային պարերի ուսուցում-ֆլեշմոբով, նպատակն էր հայկական մշակույթի միջոցով համախմբել մասնակիցներին և ստեղծել դրական ու հիշարժան մթնոլորտ:
«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Մարաթոնի իրականացմանն աջակցել է նաեւ Սիգրիդ հիմնադրամը։