«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը շարունակվում է

«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը շարունակվում է։
Մայիսի 4-ին և 5-ին Հոդված 3 ակումբը հյուրընկալեց շահառուների նոր խումբ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում 20 արցախցի կանայք ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ բիզնեսի կառավարման, ֆինանսական գրագիտության, մարքեթինգի, հաղորդակցության ոլորտներում, որոնց շնորհիվ հետագայում հայաստանյան աշխատաշուկայում եւ սպառողական շուկայում մրցունակ կլինեն։
Այս անգամ ծրագրի շահառուների առաջին հանդիպումը տեղի ունեցավ CODE-SE HUB հիմնադիր նախագահ, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սուրեն Մխիթարյանի հետ։
Հանդիպման ընթացքում շահառուները ձեռք բերեցին գաղափարը բիզնեսի վերածելու, ձեռներեցություն նախաձեռնելու, ծառայությունը հանրությանը հասանելի դարձնելու հմտություններ, ինչպես նաև ունեցան քննարկումներ սպասարկման ոլորտում Էթիկայի կանոնների, հաճախորդների հետ հաղորդակցման ճիշտ մոտեցումների, կապերի կառուցման և պահպանման հարցերի շուրջ։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին այստեղ։ https://shorturl.at/fmAGP
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: