Կանանց առաջնորդության ակադեմիա | Կանանց հզորացման նոր նախագիծ
Նոյեմբերի 30-ին «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը՝ համախմբելով Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող եւ Արցախից տեղահանված կանանց։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
Ամբողջական կրթական կուրսը բաղկացած է 10 խորացված դասընթացներից, որոնք հինգ շաբաթների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ զարգացնելու են մասնակից կանանց կարողություններն ու հմտությունները։
Ծրագրի մեկնարկային շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան Քրիստինա Ասատրյանի հետ՝ քննարկելու հուզական ինտելեկտի և ինքնաճանաչման թեմաները, որին հաջորդեց հանդիպում հոգեբան Նարինե Խաչատրյանի հետ` «Հետտրավմատիկ սթրեսային խնդիրներ. դիմակայելու հատուկ հմտություններ» թեմաների շուրջ:
Ինքնաբացահայտմանն ու փափուկ կարողությունների զարգացմանը հաջորդեց տարբեր ուղղություններով գիտելիքների ձեռք բերման փուլը։ Ֆինանսական գրագիտության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների վերաբերյալ հարցերը մանրամասն քննարկեցին Ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ։
Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետաքրքիր դասընթացները և հանդիպումները շարունակվեցին CODE-SE HUB հիմնադիր նախագահ և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սուրեն Մխիթարյանի հետ: Պարոն Մխիթարյանի հետ աադեմիայի մասնակիցները ստացան ձեռներեցություն և սոցիալական ձեռներեցություն նախաձեռնելու, ծառայությունը հանրությանը հասանելի դարձնելու, բիզնեսի ռիսկերն ու հաջողությունները վերլուծելու հմտություններ։ Նրանք նաև ունեցան քննարկումներ սպասարկման ոլորտում էթիկայի կանոնների, հաճախորդների հետ հաղորդակցման ճիշտ մոտեցումների, կապերի կառուցման և պահպանման հարցերի վերաբերյալ։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանի հետ հանդիպումը հաջորդեց Սուրեն Մխիթարյանի հետ հանդիպմանը: Տիկին Աբրահամյանի հետ մասնակիցները քննարկեցին կանանց քաղաքական մասնակցության իրավական հիմքերն ու կանանց ներգրավվածության կարեւորությունը, ինչպես նաեւ կանանց իրավունքների եւ ավանդական արժեքների համատեղելիության հարցերն ու դրանց շուրջ առկա կեղծ խոսույթները: Մասնակիցները նաև որոշակի հմտություններ ու գիտելիքներ ստացան իրենց նախաձեռնությունների լոբբինգի, առաջմղման եւ կապերի կառուցման մարտավարությունների վերաբերյալ։
Այս դասընթացները միտված են մասնակիցներին պատրաստելու նաև իրենց նախաձեռնությունները լոբբինգի, առաջմղման և արդյունավետ կապերի կառուցման համար։ Մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները, բարելավել իրենց հաղորդակցման հմտությունները և ստեղծել փոփոխություն իրենց համայնքներում։