«Պատավատապետության» դեմ պայքարի փոխարեն նոր մեքենաների գնումներ

Երբ 2021- ի տարեվերջին կառավարությունը որոշում ընդունեց՝ «հրատապ» պահանջով BMW-ի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնել 90 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա, այն օրերին, երբ պարբերաբար ահազանգեր էին հնչում, թե պատերազմի հետեւանքով վիրավոր զինվորներին բուժօգնության համար պետպատվերի գումարները սպառվել են, հանրությունը զայրույթից պոռթկաց, բայց կրկին ապարդյուն։

Դրան հաջորդեց մեկ այլ որոշում, որով վարչապետի աշխատակազմը նախատեսվում է 70 մլն դրամ հատկացնել տեսչական մարմիններին՝ մարդատար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

ՔՊ-ն իշխանության էր եկել՝ պադավատապետության դեմ պայքարելու կարգախոսով, մինչդեռ պետբյուջեի տվյալները վկայում են, որ ծառայողական մեքենաների թիվը ավելանում է ու չի պակասում: Եթե այս տարի՝ 2021-ին պետական համակարգում 923 մեքենա կա, մյուս տարվա համար նախատեսվել է գնել եւս 10 մեքենա:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանին երբ հարցրեցին պադավատապետության մասին, ասաց. «Ես ձեզ պետք է խոստովանեմ, որ էլի ենք մեքենաներ ձեռք բերել, այդ թվում՝ ինձ համար: Այսպիսի բաները պետք է չքննարկենք: Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել, ընդ որում՝ բնակավայրերի մեջ: Խնդիր չի, կարող եմ նույնիսկ բրդեմ՝ մեքենան խոդի գցելու համար, իմ պարզությունը չեմ կորցրել: Բայց հասկանո՞ւմ եք, 5-6 անգամ այն մեքենան, որը սպասարկում է վարչապետին, փչանում է: Մարդիկ գալիս ասում են՝ ա՛յ վարչապետ ջան, էս ի՞նչ է, կարո՞ղ է սվեչա է թրջել եւ այլն: Այդ մեքենաները ձեռք են բերվել ենթադրենք 2007-ին ու այդ մեքենան իմ պարագայում նրա համար չի, որ ինձ տեղից տեղ տեղափոխի, այլ նրա համար է, որ պետական պահպանության ծառայությունն իրականացնի օրենքով իր վրա դրած գործառույթները: Նույնը ԱԺ նախագահի դեպքում: Ինչու է մեքենա ձեռք բերվել, որովհետեւ երբ տեսնում ենք հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս ինչքան փող է ծախսվել՝ միլիոնավոր դրամներ…Երբ ես ասում էի՝ մեքենա պետք չի առնել, հետո բերում եմ իմ առաջ դնում են, ասում են՝ ա՛յ վարչապետ, մենք արդեն 30 մլն դրամ ծախսել ենք այս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր այս մեքենան փչանում է: Եկեք մեքենա առնենք, որ 5-10 տարվա մեջ մեր վրա ավելի էժան կնստի»:

Մենք ուսումնասիրել ենք եւ հարցումների ու բաց աղբյուրների միջոցով դիտարկել ենք, թե ՀՀ կառավարության ու ԱԺ-ի համար ծառայողական մեքենաների խոստացված կրճատումը որքանով է իրականացվել։

Ստորեւ ամբողջական պատկերը կարող եք տեսնել գրաֆիկական տվյալներով՝ ըստ գերատեսչությունների

Հեղինակ՝ Գեւորգ Թոսունյան

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ