Որակյալ կրթության խորը ճգնաժամը․ կրթության ոլորտը բարեփոխումների տեղապտույտում
Որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորության երաշխավորումը դեռ լուրջ մարտահրավեր է բազմաթիվ պետություններում՝ այդ թվում Հայաստանում։ Մինչ Հայաստանում անկախությունից ի վեր կրթության ոլորտը բարեփոխումների անվերջ պտտահողմի մեջ է, կրթական մակարդակի գահավիժումը վերջին տասը տարիներին աննախադեպ էր՝ Հայաստանում ամեն երրորդ երեխա տարրական գիտելիքների պակաս ունի, ըստ էության, ֆունկցիոնալ անգրագետ է։
Այս տվյալները բացահայտվել են միջազգային հեղինակավոր TIMSS ստուգատեսի հետազոտություններով 2015 թ.-ին։ Սակայն դեռևս 2011-ի արդյունքներով, Հայաստանը զիջում էր հարևան գրեթե բոլոր երկրներին՝ թե՛ աշակերտների գրագիտության, և թե՛ տրամաբանության ու դպրոցում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու առումով:
TIMSS-ն (Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն)՝ աշխարհում ամենահեղինակավոր հետազոտություններից մեկն է, որի արդյունքների հիման վրա մի շարք երկրներ մշակում են իրենց կրթական քաղաքականությունը: Այն ուսումնասիրում է ոչ միայն երեխայի գիտելիքները, այլ նաև մաթեմատիկայի բնագիտական առարկաների շրջանում նրա հմտություններն ու ստեղծագործական ունակությունները: Ուսումնասիրության հիմնական նպատակն է՝ համեմատել տարբեր կրթական համակարգերով երկրների՝ աշակերտների գիտելիքների մակարդակը և հասկանալ առաջադիմության վրա ազդող հիմնական գործոնները: Ստուգատեսն անցկացվում է չորս տարին մեկ անգամ՝ 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանում:
Հայաստանը TIMSS-ին մասնակցում է 2003-ից, վերջին անգամ ԹԻՄՍ-ի ստուգատեսին հայաստանցի դպրոցականները մասնակցել են 2015 թվականին։
TIMSS 2015-ի արդյունքներն էապես չեն տարբերվում նախորդ տարիների պատասխաններից. կրկին տատանվում ենք միջին բալերի շեմում: Աշակերտների ձեռքբերումների մակարդակը ներկայացվում է 1000 բալանոց սանդղակում, որտեղ դրա միջինը 500 բալն է: Շեմը 400-ն է, Հայաստանը երբեք չի հաղթահարել սանդղակի միջինը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի 8-րդ դասարանի աշակերտների 21%-ի արդյունքները ցածր են եղել TIMSS-ով սահմանված արդյունքային նվազագույն մակարդակից, տարրական դպրոցի աշակերտների դեպքում ավելի քան 30 տոկոսը չի հաղթահարել գիտելիքների նվազագույն շեմը։
«Նախորդ տարի շատ քննարկվեց, որ 2015 թվականին բնագիտության և մաթեմատիկայի միջազգային հետազոտության արդյունքով մեր երկրում տարրական դպրոցն ավարտած ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ, թեև գրաճանաչ է։ Ֆունկցիոնալ անգրագիտություն է սա, երբ կարծես թե գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, քանի որ անգիր, կիրառության չտանող, մտածելու չդրդող գիտելիք է»,– «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանը TIMSS-ին մասնակցել է 4 անգամ. ամենաբարձր առաջադիմությունը հայաստանյան դպրոցները գրանցել են 2007 թվականին, իսկ ամենացածրը՝ 2011-ի տվյալներն են:
Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ այսօր առկա խնդիրները դիտարկվում են երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից, և որակյալ կրթությունը համաչափ հասանելի չէ՝ խորացնելով սոցիալական անարդարությունը և աղքատության վերարտադրումը։
Վերջին տարիներին հանրակրթական ոլորտում իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնք նպատակ ունեին բարելավվել Հայաստանում կրթության որակը: Սակայն, ըստ Սոցիալական արդարությունը` Հայաստանի կրթության համակարգում հետազոտության՝ այդ հնարավորությունները, հիմնականում հասանելի էին միայն քաղաքային բնակավայրերում ապրող սովորողներին:
«Այսինքն, հանրակրթության ոլորտում որդեգրվել էր կրթության այնպիսի ռազմավարություն, որը միայն խորացրեց գոյություն ունեցող սոցիալական անհավասարությունը և աղքատությունը »,-նշվում է հետազոտության մեջ:
Հայաստանը տարածաշրջանի հետնապահն է կրթության վրա կատարվող ծախսերի/ներդրումների ցուցանիշով
Կրթությունը Հայաստանում ամենաթերֆինանսավորվող ոլորտներից մեկն է, մինչդեռ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ եթե կրթության ոլորտը բավարար ֆինանսավորում և ճիշտ ուղղություններով ներդրումներ չի ստանում, ապա պետության մյուս բոլոր օղակները զարգացման քիչ հնարավորություններ են ունենալու հեռանկարում։
Կրթական ռազմավարություններում կարմիր թելով անցնում է հիմնական մոտեցումը՝ կրթությունը ոչ թե ծախս է, այլ ներդրում, ներդրում ապագայի ու պետության զարգացման ամենակարևոր ոլորտում։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017 թվականին կրթության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 124.4 մլրդ դրամ (մոտ 276.5 մլն դոլար):
Հանրակրթության համակարգում 2017 թվականին գործել է 1379 դպրոց՝ միջին հաշվով 349 հազար աշակերտով, իսկ 2016 թվականին աշակերտների քանակը կազմել է 352 հազար, դպրոցներինը՝ 1354:
2018 թվականին կրթությանը հատկացվել է 121.6 մլրդ դրամ (մոտ 270 մլն դոլար): Հանրակրթության համակարգում 2018 թվականին գործել է 1383 դպրոց՝ 384 հազար աշակերտով, իսկ 2019-ին կրթության բյուջեն կազմել է 157.3 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար):
Վերջին առնվազն տասը տարիների ընթացքում գրեթե ամեն տարի բյուջեի քննարկումների ընթացքում և կրթության ոլորտի բարելավմանը նվիրված ռազմավարական բոլոր փաստաթղթերում խոստումներ են հնչեցվել և արձանագրվել, որ կրթության բյուջեն պետք է ավելանա և կազմի ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսը, մինչդեռ Հայաստանում այն առավելագույնը հասնում է երկու տոկոսի։
ՄԱԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների ու դրանց հիման վրա արվող կանխատեսումների համաձայն, այն երկրները, որոնք բավարար գումար չեն ներդնում և կրթության ֆինանսավորումը առնվազն ՀՆԱ 3 տոկոսը չի կազմում, ապա 2050 թվականին այդ երկրներում կարող է լինել 50 տոկոս անգրագիտություն։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՍԱՔԱՆԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Որակյալ կրթությունը միայն բովանդակությունը, դասավանդման մեթոդներն ու ուսուցիչների պատրաստվածությունը չէ, դժվար է խոսել որակյալ կրթության հասանելիության մասին, եթե տասնյակ տարիներ հանրապետության դպրոցների առնվազն կեսը հիմնանորոգման կարիք ունի և անմխիթար վիճակում է։
Ըստ Վիճակագրական կոմիտեի 2021/22 թվականների ամփոփման՝
Հայաստանում այժմ կա 1402 դպրոց, որոնցից միայն 560-ի շենքի վիճակն է բավարար, 460-ը կարիք ունեն հիմնանորոգման, 70–ում չկա ջրամատակարարում, 135-ում չկա անգամ կոյուղի, 425-ում չկա գազամատակարարում, 429-ի ջեռուցումը էլեկտրաջեռուցիչներով է իրականացվում, իսկ 9-ում ջեռուցում ընդհանրապես չկա:
Հանրակրթության այս աղետալի վիճակը մեղմելու համար բավական ակտիվորեն ծրագրեր մեկնարկեցին 2018-ից ի վեր, սակայն արդյունքները դեռ քիչ տեսանելի են։
2022 թվականի «Հանրակրթության մասին» օրենքի հաստատումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ «Կառավարության ծրագրով սահմանված է, որ 2026 թվականի ավարտին ունենանք առնվազն 300 դպրոց՝ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ ու պայմաններ: Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցներն ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտ լաբորատորիաները»:
Սակայն այս ծրագիրը ենթադրում է, որ մինչև 2026 թվականը կհիմնանորոգվի Հայաստանի դպրոցների ընդամենը 21%-ը։ Հասկանալի է, որ տասնյակ տարիների չլուծված խնդիրները մի քանի տարում դժվար է կարգավորել, սակայն կրթության որակի բարձրացումն առանց տարրական պայմանների ապահովման հնարավոր չէ։
2021 թվականին ԿԳՄՍ բյուջեով՝ կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։
Միայն համակարգչային հագեցվածության տեսանկյունից 2020 թվականի ընթացքում ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ 305 ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով 101 ուսումնական հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ: Իսկ 2021-ին 272 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել է մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին՝ նաև մեկական դյուրակիր համակարգիչ:
«Ինչ վերաբերում է բնագիտական լաբորատորիաներին, ապա 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել է ընդհանուր առմամբ 335 լաբորատորիա: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Տարեվերջին կառավարությունը նաև կայացրեց որոշում Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում ստեղծելու 14 ինժեներական լաբորատորիա»,- ասել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Ուսուցչական կազմի փոփոխություն կամ «զտում» ատեստավորմամբ
2022 թվականի «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով հաստատվեց նաև նոր պետական չափորոշիչը: Այն հիմնված է սովորողների կարողունակությունների զարգացման վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։
Նոր օրենքով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից և տարրական դասարաններում: Գնահատման համակարգն ու տրամաբանությունն ամբողջությամբ փոխել։
Այդ փոփոխությունների մեջ անմասն չմնացին նաև ուսուցիչները. նոր օրենքով հաստատվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ կամավոր ատեստավորման ծրագրի նպատակն է խրախուսել բարձր մասնագիտական որակներ ունեցող ուսուցիչներին, մինչդեռ փորձագետները այս համակարգում խնդիրներ են տեսնում։
«Մինչև 400 հազար աշխատավարձ» ձևակերպումը շատ նման է խանութների «մինչև 70% զեղչ» ազդագրերին։ Մարդկանց թվում է, թե բոլոր ապրանքներն են 70% զեղչված, բայց պարզվում է, որ նման զեղչ կա 1-2 ապրանքի վրա։ Նույն տրամաբանությամբ, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք խոսում են այն մասին, որ բոլոր ուսուցիչներն են ստանալու 400 հազար դրամ։ Սրան գումարվում է նաև այն թյուր կարծիքը, որ այդ 400 հազարը զուտ աշխատավարձն է։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե «մինչև 400 հազար աշխատավարձի» փոխարեն՝ օգտագործվի «260-400 հազար աշխատավարձ» տարբերակը։ Այս դեպքում մարդկանց համար հասկանալի կլինի, որ ուսուցիչները տարբեր աշխատավարձ են ստանալու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մարդկանց մեծ մասը միայն նյութի վերնագիրն է կարդում, պետք է խուսափել «մինչև 400 հազար աշխատավարձ» ձևակերպումից:»- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
2021 թվականի հոկտեմբերին՝ ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը:
Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար: Ուսուցիչներին տրվել են հավելավճարներ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։
«Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվի շուրջ 14000 ուսուցիչ»,- ասել է ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը (23.12.21)։
Իսկ արդեն ապրիլի 28-ի կառավարության նիստում հաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին որոշումը։
Վարչապետ Ն. Փաշինյանն անդրադառնալով ատեստավորման գործընթացին և հանրակրթության մեջ առկա խնդիրներին ասաց.
«Կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ստանում են ամիսը 30 հազար դրամ աշխատավարձ, սա լրջագույն, համակարգային խնդիր է:»
Կամավոր ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել ատեստավորմանը: Այս տարի ուսուցիչը կարող է նորից հայտ ներկայացնել և ատեստավորմանը մասնակցել, ավելի բարձր միավոր ստանալու դեպքում նրա աշխատավարձը համապատասխանաբար բարձր կլինի:
«Ուսուցիչներին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ տրվելու է այս հնարավորությունը, բայց որևէ պահի ատեստավորում չանցած ուսուցիչն ուղղակի չի աշխատելու: Կառավարությունը կամ նախարարությունը չի որոշելու՝ տվյալ ուսուցիչն աշխատում է դպրոցում, թե չի աշխատում: Տվյալ ուսուցիչն ինքն է որոշելու՝ աշխատո՞ւմ է դպրոցում, թե՞ ոչ:» -կառավարության նիստում նշեց վարչապետը:
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ, և նրանք կարող են ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ։
Որոշման հեղինակները նշում են, որ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։
Ոլորտի մասնագետները սակայն, ուսուցիչների համար ծուղակ են համարում սա: Ծուղակ այն առումով, որ ուսուցիչների զգալի մասը, որոնք 65 տարեկանից մեծ են՝ դուրս կմնան մրցակցությունից կամ չեն անցնի ատեստավորման փուլը:
Վերջին մեկ տարում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս խնդիրը բարձրացրեց ամիսներ առաջ, սակայն պատճառները դեռ ուսումնասիրված չեն։
«Եթե 2020-2021 ուսումնական տարում 1.5 դրույքից ավելի դասավանդել է 807 ուսուցիչ, ապա այս ուսումնական տարում նման ուսուցիչների թիվը դարձել է 262։ Դժվար է հասկանալ, թե ինչու է նման կտրուկ նվազում արձանագրվել մեկ տարում։ Հետաքրքիր է, որ 2017թ.-ին նման ուսուցիչների թիվը եղել է 181։ Այսինքն՝ արձանագրվել է շեշտակի աճ և շեշտակի անկում։ Վերջին մեկ տարում շուրջ 400-ով նվազել է նաև 1.25-1.5 դրույք ունեցող ուսուցիչների թիվը։ Մինչև 1.25 դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների թվում էական տատանումներ չկան»,- ընդգծել է Խաչատրյանը։
Փորձագետը մտահոգիչ է համարում այն, որ Հայաստանի ուսուցիչների ծերացման միտումը շարունակվում է կտրուկ տեմպերով։ Էականորեն նվազել է մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը։ Փոխարենը՝ էականորեն աճել է 65-ից բարձր ուսուցիչների թիվը։
Վերջին 5 տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը կրկնապատկվել է։
2017-2018 ուսումնական տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը եղել է 1758, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 3559։
«Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր է։ Շեշտակի նվազել է նաև մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Եթե 2017-2018 ուսումնական տարում մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը 1516 էր, ապա այս ուսումնական տարում այդ թիվն արդեն 534 է։ Հինգ տարում գրեթե 3 անգամ պակասել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Մեծ նվազում կա նաև 25-29 տարեկան ուսուցիչների թվի մեջ։ Եթե 2017-2018 ուսումնական տարում ունեցել ենք 25-29 տարեկան 3686 ուսուցիչ, ապա այժմ ունենք այդ տարիքի ընդամենը 2033 ուսուցիչ»,- նշում է փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով, նախարարությունը փորձում է կամավոր ատեստավորման, ուսուցիչ աշխատելու պահանջները մեղմացնելու, ուսուցիչների որոշ մասի աշխատավարձը բարձրացնելու միջոցով մեղմել իրավիճակը։
«Ստացվում է` կամավոր ձևով է բարձրացվում ուսուցիչների աշխատավարձը, ուստի պետք է ներքին շեմն էլ բարձրանա։ Մասնագետը նկատեց` մյուս ոլորտներում այդպես չէ` որևէ մեկը բժիշկներին կամ ոստիկաններին չի ասում, թե դու քննություն կհանձնես ու նոր միայն բարձր կվարձրատրվես։ Բացի այդ, շատ հեշտ կլինի ատեստացիա անցնել կրկնուսույցների և ավագ դպրոցի ուսուցիչների համար, իսկ հիմնական դպրոցների ուսուցիչները մոռացել են ավագ դպրոցում անցնող ծրագրից շատ բաներ։ Ուստի, գյուղական դպրոցներում շատ քչերը բարձր կվարձատրվեն, ինչը կբերի դպրոցների բևեռացման»,- կարծում է փորձագետը։
Ուսուցչական կազմի փոփոխություններն իրապես մտահոգիչ են։ Վիճակագրական ծառայության կողմից իրականացված 2018-2019 թվականների հետազոտության՜ հանրակրթական դպրոցների ուսուցիչների քանակը 31 371 էր, իսկ 2021-22 թվակնաներին՝ 30 253, այսինքն 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը պակասել է 1115-ով:
Առավելապես պակասել է հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցների ուսուցիչների քանակը: Նշենք, որ 2021-22 թվականներին մինչև 29 տարեկան ուսուցիչների թիվը վերջին 3-4 տարիներին նվազել է 766-ով, իսկ 65 և բարձր տարիքի ուսուցիչների թվաքանակը մեծացել է 932-ով:
Ուսուցչական կազմի «ծերացման» այս խորացող միտումը մեղմելու համար, թե որքանով արդյունավետ կլինի ատեստավորման նոր համակարգը դեռ պարզ չէ, դպրոցը որպես աշխատատեղ բոլորովին գրավիչ չէ երիտասարդների և լավ մասնագետների համար ու մոտակա հեռանկարում խնդրի լուծման հույսերը խիստ աննշան են։
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ