«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած Երիտասարդական ֆորում
Նոյեմբերի 18-ին կայացավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած Երիտասարդական ֆորումը, որին մասնակցում էին վերջին տարիներին իրականացված երիտասարդական ու մարզային զարգացման ծրագրերի ավելի քան 80 շրջանավարտներ ՀՀ բոլոր մարզերից։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և մարզերում ապրող երիտասարդների միջեւ։
・ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունելով երիտասարդներին` շեշտեց, որ «YouthON» երիտասարդական ճամբարի եւ ֆորումի ծրագրերը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը.
・«Վստահ եմ, որ նմանօրինակ ծրագրերը կխթանեն տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնողականությունը: Նրանք նաև քայլեր կանեն համայնքային որոշումների կայացման գործում մասնակիցը դառնալու ուղղությամբ: Դժվար է պատկերացնել որոշում, որը երիտասարդներին չի առնչվում: Ներկայում պետությունը ևս զգալի միջոցներ է ներդնում համայնքային երիտասարդության ներուժի բացահայտման ու իրացման, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացման և երիտասարդության ինքնադրսևորման համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
・ԿԳՄՍ եւ ՏԿԵՆ նախարարությունների եւ ՀՀ ՏԻՄ մարմինների պաշտոնյաներին երիտասարդները ներկայացրեցին համայնքների զարգացման, կրթության, զբաղվածության եւ այլ ոլորտների խնդիրների լուծման, երիտասարդների ներգրավվման, երիտասարդական քաղաքականության ուղղությամբ իրենց առաջարկները, որին հաջորդեց քննարկումների և հարց-պատասխանի փուլերը:
・Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ ԿԳՄՍ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանը, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչները քննարկեցին մարզերում իրականացված ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները:
Ֆորումի ավարտին ամենամյա YouthON մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակիցները ներկայացրեցին ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած մարզային զարգացման ծրագրերը: Այս տարի կյանքի է կոչվել 7 մարզային զարգացման ծրագիր Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերի ավելի քան 10 համայնքներում: