Հայաստան-ԱՄՆ. 30-ամյա համագործակցություն և 3 մլրդ դոլարի աջակցություն
Հայաստանը, որին ավանդաբար ընդունված է համարել Ռուսաստանի հիմնական դաշնակիցը Հարավային Կովկասում, անկախության վերանվաճումից հետո փորձել է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները նաև այլ ուժային կենտրոնների հետ, որոնցից կարևորագույնն ԱՄՆ-ն է: Միացյալ Նահանգները զգալի ներդրումներ են կատարում ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, այլև դարձել են ՀՀ-ի` մարդասիր
ական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը:
Դիվանագիտական կապերի հաստատման երեսուն տարիներին սոցիալական զարգացման և ժողովրդավարության կայացման նպատակով ԱՄՆ-ը 1992 թվականից Հայաստանին տրամադրել է 3 մլրդ դոլար: 2019 թվականից Երևանը և Վաշինգտոնը սկսել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը (USASD)` ըստ էության ընդլայնելով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ երկու երկրները դեռևս հեռու են տնտեսական կապերը խթանող կրկնակի հարկումը բացառող նոր համաձայնագրի կնքումից: Մինչ այժմ գործում է ԽՍՀՄ-ի հետ 1973թ․ կնքված համաձայնագիրը, որից հետո շատ ջրեր են հոսել, իսկ ամերիկյան ներդրումները կենտրոնացած են մեծամասամբ ՏՏ, էներգետիկ և մի փոքր էլ հանքարդյունաբերության ոլորտներում:
Իրավապայմանագրային հենք և փոխադարձ այցելություններ
Թերեւս, չենք կարող ասել, թե Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծել են երկկողմ կապերի համար հարուստ և ամուր իրավապայմանագրային դաշտ: Դիվանագիտական հարաբերությունների երեսուն տարիների ընթացքում երկու պետությունները կնքել են շուրջ 20 hամաձայնագիր և հուշագիր: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանի հետ նույն ժամանակահատվածում Հայաստանն ունի կնքված շուրջ 250 համաձայնագիր ու միջպետական փաստաթուղթ, Վրաստանի հետ այդ թիվը հասնում է 80-ի: Ուղիղ զուգահեռներ տանելն, իհարկե, կոռեկտ չէ, քանի որ Վրաստանն անմիջական հարևանն է, իսկ Ռուսաստանը` դաշնակից երկիր, որի հետ Հայաստանը համագործակցում է նաև բազմակողմ ձևաչափերում` ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ:
Այնուամենայնիվ համեմատության մեջ ավելի տեսանելի է դառնում մոլորակի թիվ մեկ գերտերության հետ հարաբերությունների հենքը, որն իր հերթին խոսում է երկկողմ կապերի ներկա մասշտաբների ու զարգացման սահմանափակ հնարավորությունների մասին: Կարևոր ցուցիչ է նաև այն, թե ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում ինչ տեղ է հատկացված ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Ֆունդամենտալ նշանակության այդ փաստաթղթում ԱՄՆ-ն հիշատակվում է ընդամենը երկու անգամ, որի հետ հարաբերությունները ձևակերպված են խիստ ընդհանրական մտքերով` «ռազմաքաղաքական համագործակցություն», «պաշտպանական բարեփոխումներ», «մարդու իրավունքներ», «ժողովրդավարության պաշտպանություն» և այլն:
Հայաստանն ու ԱՄՆ-ն այս տարվա մայիսին արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Վաշինգտոն այցի ընթացքում, ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այն տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում: Այդ փաստաթուղթը, ըստ պաշտոնական տեղեկատվության, պետք է ծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով «երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև»:
Որոշ փորձագետներ շտապեցին անգամ նշել, որ այս փաստաթուղթը Հայաստանի առջև կարող է բացել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ ստանալու պատուհան` նոր ատոմակայան կառուցելու համար: Սակայն մյուսների ակնկալիքներն առավել չափավոր են ու դրա համար կա առնվազն մեկ պարզ պատճառ` ամերիկյան ռազմավարական նշանակության տեխնոլոգիաների հասանելիությունը բարդ է Հայաստանի նման պետությունների համար, որոնք գտնվում են Ռուսաստանի առաջնորդությամբ գործող հակառակորդ ռազմաքաղաքական դաշինքում` ՀԱՊԿ-ում, գործում են ՌԴ-ի աշխարհաքաղաքական դաշտում, Մոսկվայի հետ ունեն երկկողմ ամուր ռազմաքաղաքական կապեր:
Հայ-ամերիկյան հարաբերությունների հարստացման ու խորացման գործում կարևոր քայլ կարող էր լինել կրկնակի հարկումը բացառող խորհրդային տարիներին կնքված համաձայնագրի վերաբանակցումն ու կնքումը, որի շուրջ ակտիվ քննարկումներ էին սկսվել 2017-2018 թթ., սակայն հարցը մինչ օրս մնում է առկախված:
Երեսուն տարվա ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ 50 այց է տեղի ունեցել ԱՄՆ, այդ թվում բոլոր նախագահների և գրեթե բոլոր վարչապետերի մակարդակով: Նույն ընթացքում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան այցելել են ավելի քան 40 անգամ, ընդ որում երկու անգամ պետքարտուղարի մակարդակով` Զեյմես Բեյքեր 1992 թ., Հիլարի Քլինթոն 2010թ., 2012թ.: Հայաստան երբևէ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է եղել` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից օրեր անց:
Նա հասցեական դատապարտեց «ՀՀ տարածքի նկատմամբ Բաքվի մահացու հարվածները»` ազդարարելով Կոնգրեսում Ադրբեջանին դատապարտող բանաձևի մշակման և «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության մասին:
Առևտրատնտեսական կապեր
Թեև ԱՄՆ-ն Հայաստանին աջակցող խոշորագույն դոնորն է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից, այնուամենայնիվ հայ-ամերիկյան տնտեսական կապերը շատ համեստ են: Ամերկյան ներդրումները մեծամասամբ կենտրոնացած են ՏՏ, էներգետիկ և մի փոքր էլ հանքարդյունաբերության ոլորտներում: Հայաստանի տնտեսությունում ամերիկյան ներդրումների ճշգրիտ ծավալի վերաբերյալ հստակ գնահատական չկա:
Դեսպան Ռիչարդ Միլսի պաշտոնավարման տարիներին հայտարարվեց ԱՄՆ-ի ամբիցիոզ նպատակի` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում մինչև 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորության մասին: Քննարկումներն ամերիկյան մեծ ներդրումների վերաբերյալ սակայն շատ չծավալվեցին, քանի որ դրանց իրագործման համար պետք էր ապահովել հստակ պայմաններ, որոնց մասին նշեց Միլսը. «Խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան»: Իրանի նկատմամբ գործող արևմտյան խիստ պատժամիջոցների և ՀՀ էներգետիայի ոլորտում ռուսական ընկերությունների դոմինանտության պայմաններում, դժվար էր ակնկալել վերոնշյալ պայմանների ապահովումը:
Ամերիկյան կապիտալով խոշոր ներդրումային ծրագիր է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, որը Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների դիմադրության արդյունքում 2019 թվականից առկախված է: Բնապահպաններն ու տեղի բնակիչները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը` առաջացնելով բնապահպանական աղետ։ Չնայած, տեղի բնակիչներին ուղղված ՀՀ կառավարության հորդորներին` չխանգարել հանքավայրի շահագործմանը, իսկ այնուհետև այդ ծրագրի վերսկսման վերաբերյալ «որոշում կայացնելու» մասին հայտարարությանը, հանքավայրի ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ: Դա իր հերթին խոչընդոտող հանգամանք է ամերիկյան ներդրումների համար, որի մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:
«Ներդրողները նաև մտահոգություն են հայտնել պետական պաշտոնյաների` իրենց առջև ծառացած խնդիրներն արագ լուծելու կարողության վերաբերյալ: Երկրի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճն արժանացել է միջազգային զգալի ուշադրության և մի քանի տարի անց մնում է չլուծված»,- ասվում է հայտարարության մեջ:
Ամերիկյան ընկերությունների ներկայացվածությունը ՀՀ-ում կարևոր է ոչ միայն ներդրումների, այլև կորպորատիվ կառավարման էթիկայի և կուլտուրայի ներդրման ու տարածման տեսանկյունից:
Որոշակիորեն ակտիվացել է երկկողմ առևտրաշրջանառությունը, սակայն ԱՄՆ-ն Հայաստանի առևտրային գործընկերների շրջանակում առաջատար դիրքեր չի զբաղեցնում:
2021 թ. երկկողմ առևտրաշրջանառությունը, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման, կազմել է շուրջ 207,5 մլն դոլար, որի կառուցվածքում Հայաստանից ԱՄՆ արտահանումը հասել է 82 մլն դոլարի, ներմուծումը` 137 մլն դոլարի: Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին եկկողմ առևտուրը կտրուկ ակտիվացել է` գերազանցապես ներկրման հաշվին հասնելով շուրջ 190 մլն դոլարի: Յոթ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ՀՀ-ից արտահանման ծավալը գրեթե նույնն է մնացել, սակայն ներմուծումն աճել է 2,6 անգամ` հասնելով 140,5 մլն դոլարի՝ 15 մլն-ով գերազանցելով ամբողջ անցյալ տարվա ցուցանիշը:
Ներմուծման կտրուկ աճը որոշ փորձագետներ բացատրում են արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստան «զուգահեռ արտահանմամբ», որի միտումները սկսվել են նկատվել նաև հարևան այլ երկրներում, որոնք չեն միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Հետաքրքական է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 70 տոկոսով, նույն պատկերն է հարևան Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ: Դա առաջացրել է Եվրամիության անհանգստությունը, որին հետևել է ԱՄՆ-ի նախազգուշացումը:
Խոչընդոտներ և բաց թողնված հնարավորություն
Թեև Հայաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագրերով ամրագրել են առևտրի, ներդրումների խրախուսման և պաշտպանության փոխադարձ պարտավորությունները, այնուամենայնիվ քիչ չեն խոչընդոտող հանգամանքները: Ընդ որում` օբյեկտիվ և սուբյեկտիվ, որոնց մասին հիշատակվում է Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«Խոչընդոտները ներառում են Հայաստանի շուկայի փոքր չափը, կապիտալի շուկայի թերզարգացվածությունը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, օրենքի գերակայության թուլությունը և դատական համակարգը և կոռուպցիայի ժառանգությունը», — ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ որոշ դեպքերում խնդիր է դառնում առանցքային ինստիտուտներում, առաջին հերթին դատական համակարգում անկախության, կարողությունների կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։
Հայ-ամերիկայն տնտեսական հարաբերությունների զարգացմանը կարող է նպաստել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի վերաբանակցումն ու նոր իրողություններին համապատասխանեցումը, սակայն հստակ աշխատանք այդ ուղղությամբ չի նկատվում: Խնդրի շուրջ 2017-2018 թթ. հայ-ամերիկյան ակտիվ քննարկումներ էին սկսվել, սակայն որևէ լուրջ արդյունքի չհանգեցին:
Այդ համաձայնագիրը վերաբանակցելու անհրաժեշտություն Երևանը տեսնում է: Նախ՝ 1973 թվականին կնքված համաձայնագիրը Հայաստանի համար կիրառելի չէ, քանի որ ՀՀ-ն չի հանդիսանում ԽՍՀՄ իրավահաջորդը եւ սա արդեն իսկ խնդրահարույց է միջազգային իրավունքի տեսանկյունից: Մյուս կողմից՝ 1973 թվականից մինչ օրս էականորեն փոխվել են հարկման միջազգային սկզբունքները, որոնք կարգավորվում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD — OECD) նորմերով:
Փոխվել է նաև միջազգային առևտրի բնույթը, օրինակ` նախկինում չկար էլեկտրոնային առևտուր, այժմ կա։ Ամերիկյան գործընկերների փաստարկին, թե Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարկային դաշտում խաղի կանոններից դեռ ոչ ոք չի դժգոհել, Երևանում մատնացույց են անում Որոտանի ՀԷԿ-երի կասկադի գնման գործարքը: Բանն այն է, որ ամերիկյան «Կոնթուր Գլոբալ» ընկերությունը հենց կրկնակի հարկումից խուսափելու համար հիդրոկասկադի գնման գործարքը կատարեց Լյուքսեմբուրգի իր դուստր ձեռնարկության միջոցով, քանի որ Լյուքսեմբուրգի հետ Հայաստանն ունի կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր։
Ընդարձակ աջակցություն
ԽՍՀՄ փլուզումից ի վեր ԱՄՆ-ն Հայաստանի մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է: 1992 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է մոտ 3 միլիարդ դոլարի աջակցություն` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսության զարգացմանը:
Աջակցության ծրագրերը բազմազան են` ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը, կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրավական համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը:
Նման նախաձեռնություններում ակտիվորեն մասնակցել են ամերիկյան մի քանի գերատեսչություններ և գործակալություններ: 1992 թվականից ի վեր ԱՄՆ Խաղաղության կորպուսի ավելի քան 1100 կամավորներ ծառայել են Հայաստանի գյուղերում և քաղաքներում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ակտիվ ներգրավվածությամբ բարեփոխումներ են կատարվել Հայաստանի սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային, հարկային համակարգերում, իրականացվել են մակրոտնտեսական բարեփոխումներ` նպաստելով շուկաների ազատականացմանը: Նույն գործակալության աջակցությամբ բարելավվել է հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը և արդիականացվել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից ախտորոշիչ հաստատություն: Եվ սա ամբողջական ցանկը չէ:
Կրթության ոլորտում ԱՄՆ-ի ներկայության կարևոր բաղկացուցիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն ամենապահանջված բուհերից մեկն է՝ հանդիսանալով ակադեմիական գերազանցության կենտրոն: Մինչ օրս բուհն ունեցել է ավելի քան 5000 շրջանավարտ: Բացի զուտ ֆորմալ կրթական ֆունկցիաներից բուհը նաեւ անուղղակիորեն դարձել է քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական արժեքների տարածման եւ խրախուսման ոչ ֆորմալ հարթակ։
Ամերիկյան աջակցությամբ ստեղծվել են ՏՏ գերազանցության կենտրոններ միջազգային տեխնոլոգիական, այդ թվում՝ «IBM» և «Microsoft» ընկերությունների հետ համատեղ: Դրանք արդեն ծառայում են որպես երիտասարդ ձեռներեցների ինկուբատորներ:
Ներկայում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ բարեփոխումներ են կատարվում ոստիկանությունում, ներդրվում են հակակոռուպցիոն մեխանիզմներ: Խոսքը հատկապես պարեկային ոստիկանության նոր աշխատակիցների վերապատրաստման ու վերազինման, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ինստիտուտների ստեղծման մասին է, որի նպատակով Պետդեպարտամենտը ավելի քան 50 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին:
Հայաստանն աջակցություն է ստացել ԱՄՆ-ից նաև էներգետիկ ոլորտում, որտեղ ավանդաբար ուժեղ են ռուսական պետական կամ պետության հետ կապված ընկերությունների դիրքերը: ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ուղղակի օգնություն է ցուցաբերել ՀՀ-ին Մեծամորի ԱԷԿ-ի պահպանման համար: Շուրջ 27 մլն դոլար հատկացրել է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային դեպարտամենտը Հայաստանում չօգտագործված ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ և ապահով վերացմանն աջակցելու նպատակով:
ՀՀ մաքսային ծառայությունը սարքավորումների նվիրատվության եւ վերապատրաստումների տեսքով տեխնիկական աջակցություն է ստացել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից: Պաշտպանական և անվտանգային կարողությունների զարգացման գծով, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում, Հայաստանին աջակցություն է տրամադրել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Վերոնշյալ ծրագրերն ու տարբեր ոլորտներում ԱՄՆ ներգրավվածությունն անշուշտ բավարար չէ եւ բոլոր զարգացման ու աջակցության նախաձեռնությունները կարող էին կրկնապատիկ լինել, եթե այս ուղղությամբ առավել մեծ ջանք եւ ճիշտ աշխատանք իրականացվեր տարիներ ի վեր, որոշակի ակտիվություն այդ ուղղությամբ վերջին տարիներին կարծես թե տարվում է, սակայն արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։
Արշալույս Մղդեսյան
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: