Հայաստանյան հ/կ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին
Երևան, 30-ը նոյեմբերի, 2022թ․
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։
Նամակում, որը պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ասվում է․
«Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից անցել է երկու տարի, բայց անվտանգության հիմնական խնդիրները դեռ չեն լուծվել։ Շատերի հիմնարար իրավունքները շարունակվում են ոտնահարվել, նոր բախումների ու վայրագությունների զգալի ու ահագնացող վտանգ կա։ Հատկապես տագնապալի է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների իրականացման հավանական սցենարը։ Ադրբեջանի կառավարության ծայրահեղ ատելությունը և ռազմատենչ հռետորաբանությունը, հայկական հուշարձանների ոչնչացումը և մշակութային ժառանգության յուրացումը, ադրբեջանական զինված ուժերի բացառիկ դաժանությունը, բռնության կիրառման շարունակական սպառնալիքները, ահաբեկումը բնորոշ են ցեղասպանական վայրագություններին։ Էթնիկ զտումների սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե ադրբեջանական կողմի հանցագործությունները մնան անհասցե, և պաշտոնական Բաքվի վրա արդյունավետ ճնշում չգործադրվի՝ բռնությունից զերծ մնալու համար»։
Կազմակերպությունները նշել են, որ այս իրավիճակը պետք է պատշաճ ուշադրության և գնահատականի արժանանա միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից: «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ հարձակումը բացահայտ ագրեսիայի ակտ էր՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, և Ադրբեջանը շարունակում է տարածքներ օկուպացնել Հայաստանի արևելյան և հարավային հատվածում ՝ կենսապահովման զգալի մարտահրավերներ ստեղծելով տեղի բնակչության համար։ Եվ այնուամենայնիվ, շատ հայտարարություններ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Գուտերեշի հայտարարություններից մեկը, չեզոք երանգ ունեն։ Սա միայն ոգևորում է ագրեսորին», — շեշտել են նամակի հեղինակները:
Քաղհասարակության ներկայացուցիչները ողջունելի զարգացում են համարել Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը, որն աշխատում է Հայաստանի տարածքում, սակայն նշել են, որ դրա առաքելության ժամկետը ընդամենը երկու ամիս է, և այն բավարար անձնակազմ չունի տեղում: «Ավելին, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի երկարաձգել առաքելության ժամկետը՝ առանց զգալի միջազգային ճնշման, սակայն շատ կարևոր է, որ նման միջազգային առաքելությունը մնա որպես ուժի հետագա կիրառումը կանխելու մեխանիզմ: ՄԱԿ-ը կարող է ունենալ իր խոսքն այստեղ, բայց նաև քննարկել այս առաքելությանը միանալու ջանքերը: Միջազգային ավելի ազդեցիկ ներկայությունն ու ներգրավվածությունը խաղաղության միակ հույսն է՝ հաշվի առնելով երկու կողմերի միջև ուժերի ահռելի անհավասարակշռությունը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման ռիսկը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա։ Բաքվին պետք է պարզ լինի, որ աշխարհը հետևում և ակնկալում է, որ նա կհրաժարվի ուժի և ահաբեկման շարունակական կիրառումից և կսկսի ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետ, որոնք, կլինեն միջազգային միջնորդությամբ։ Պետք է ճնշում գործադրվի նաև Բաքվի վրա, որպեսզի թույլատրվի մարդասիրական մուտքը տարածաշրջան (այս պահին միայն ԿԽՄԿ-ն ունի մուտք), հատկապես ՄԱԿ-ի համար», — ասված է նամակում։
Եզրափակելով նամակը՝ կազմակերպությունները նշել են, որ թեև ԼՂ հիմնախնդիրը կարող է թվալ փոքրամասշտաբ հակամարտություն, այն ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու վտանգավոր նախադեպ է ստեղծում և թուլացնում է հակամարտությունները լուծելու և կանխելու համար նախատեսված միջազգային շրջանակներն ու ինստիտուտները, այդ թվում՝ ՄԱԿ-ը: