Հակաժողովրդավարական պատմույթները հետպատերազմյան Հայաստանում
«Պոպուլիստական կուսակցության տեսանկյունից,
նա ով չի սատարում
պոպուլիստական կուսակցությանը՝
ժողովրդի մաս չէ»
Յան Վերներ-Մյուլեր
Հակադեմոկրատական պատմույթները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան գոյություն ունեն դեմոկրատական գաղափարները։ Տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հակադեմոկրատական պատմույթներ տարածող մեր ժամանակակիցների սիրված զբաղմունքներից մեկը դեմոկրատիայի նկատմամբ քննադատական դատողություններ պարունակող տարբեր դարաշրջանների մտածողների այս կամ այն արտահայտությանը հղում անելն է։ Օրինակ, հաճախ է հիշատակվում Պլատոնի այն գնահատականը, որ դեմոկրատական համակարգում մարդիկ ինչ ուզում՝ անում են եւ որ դա հանգեցնում է պետության անկմանը։
Սակայն թե՛ տեսությունում, թե՛, ինչպես այսօր նորաձեւ է ասել՝ «գետնի վրա» երբեք այդպես չի եղել։ Մանավանդ ժամանակակից դեմոկրատական համակարգերում չկա եւ չի կարող լինել ամենաթողություն։ Ներկայացուցչական դեմոկրատիայի կարեւորագույն տարրերից է՝ իրավունքի գերակայությունը եւ օրենքի գերիշխանությունը, ինչը, նախ եւ առաջ, նշանակում է, որ մարդիկ իրենց գործունեությունում սահմանափակված են մարդու իրավունքներով եւ, այդ թվում, հենց այդ իրավունքների պաշտպանությանը կոչված օրենքներով։ Այսինքն Պլատոնին կամ ուրիշներին հղում անելով կամ առանց դրա՝ պնդելը, թե դեմոկրատիան ամենաթողություն է՝ բացարձակապես անհիմն, ժողովրդավարության տեսության եւ պրակտիկայի հետ առնչություն չունեցողհայտարարություն է։
Ու թեեւ այսօր էլ աշխարհի տարբեր մասերում քիչ չեն դեմոկրատիայի գաղափարը կտրականապես մերժող շրջանակները, սակայն վերջին շրջանում աշխարհի տարբեր անկյուններում տարածվող հակադեմոկրատական նարատիվների զգալի մասը յուրահատուկ բնույթի է՝ այդ պատմույթները, ինչպես ցույց են տալիս տարբեր հետազոտություններ, առնվազն հրապարակայնորեն չեն մերժում դեմոկրատիայի գաղափարը։ Ավելին, հակադեմոկրատական նարատիվներ տարածողներից շատերը ներկայանում են որպես դեմոկրատիայի կողմնակիցներ։ Այստեղ, իհարկե, կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հակադեմոկրատական անվանել այդ նարատիվները։
Բանն այն է, որ հայտարարելով, թե Արեւմուտքի դեմոկրատիան «ճիշտ» դեմոկրատիա չէ եւ որ միայն իրենք են «ճիշտ» դեմոկրատիայի մոդել առաջարկում, նրանք դեմոկրատիայի անվան տակ առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք իմաստազրկում են դեմոկրատիայի էությունը, դեմոկրատիայի նպատակը։
Եվ այստեղ հարկ է նկատել, որ առաջարկվող «ոչ արեւմտյան» «ճիշտ դեմոկրատիայի» տարբեր մոդելները («սուվերեն դեմոկրատիա», «ժողովրդական դեմոկրատիա», «իսլամական դեմոկրատիա» եւ այլն) ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք մարդակենտրոն չեն եւ փաստացի ժխտում են պետության նկատմամբ մարդու եւ նրա իրավունքների գերակայության գաղափարը։ Պատահական չէ, որ այդպիսի խմբերը «դեմոկրատիա» եզրը ընդունելով հանդերձ ուղղակիորեն քննադատում են «լիբերալիզմ» (ազատականություն) հասկացությունը եւ պնդում են, որ հիմնականում հենց լիբերալիզմն է ժամանակակից աշխարհի արատների հիմքը եւ պատճառը։ Ի դեպ, խոսքը ոչ այնքան տնտեսական լիբերալիզմի, այլ հենց քաղաքական լիբերալիզմի մասին է։ Արդյունքում ստանում ենք ձեւով դեմոկրատական, սակայն էությամբ հակադեմոկրատական նարատիվներ, քանի որ առանց մարդու իրավունքների գերակայության, առանց պլուրալիզմի, առանց մարդու իրավունքների պաշտպանության նպատակի, որոնք լիբերալիզմի (որպես մետագաղափարախոսության) հիմքերն են՝ դեմոկրատիան վերածվում է յուրահատուկ ոճի բռնապետության։ Այդպիսի համակարգում, ժողովրդի անունից եւ հաճախ ստվար զանգվածների մասնակցությամբ, իշխանությունները փաստացի կարող են անել այն, ինչ ուզում են՝ չէ որ նրանք սահմանափակված չեն ազատական-ժողովրդավարության վերոնշյալ ինստիտուտներով։
Այստեղ հիշեցի Հունաստանում վաթսունականների վերջերին «սեւ գնդապետների» հեղաշրջման նախօրեին ստեղծված իրական քաղաքական վիճակը նկարագրող օսկարակիր ռեժիսոր Կոստա-Գավրասի 1969-ին նկարահանված «Զեթա» կինոնկարը (ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրանի շրջանակներում, իսկ Կոստա-Գավրասը փառատոնի այս տարվա հյուրերից էր)։ Ֆիլմի բացասական հերոսներից մեկը՝ ծայրահեղ աջ հայացքների տեր բարձրաստիճան զինվորականը դասախոսության ժամանակ շեշտում է, որ իրենց hամակարգը որեւէ «իզմ» չէ, այլ «դեմոկրատիա» է եւ միեւնույն ժամանակ պնդում է, որ պետք է ազգը պաշտպանել նրան պառակտող գաղափարախոսություններից՝ լիբերալիզմից, սոցիալիզմից, անարխիզմից, պացիֆիզմից, բիտնիկներից եւ այլն։ Ֆիլմի վերջում էլ ներկայացվում է իրական ցանկ, որում ներառված է այն ամենը, ի՞նչ արգելվել է «սեւ գնդապետների» հեղաշրջման արդյունքում։ Արգելված էին, օրինակ՝ Տոլստոյը, Սոֆոկլեսը, Մարկ Տվենը, Սարտրը, մամլո ազատությունը, կիսաշրջազգեստները, գործադուլները, երկար մազերը, սոցիոլոգիան, փոփ երաժշտությունը եւ այլն։ Լա՛վ դեմոկրատիա է, այնպես չէ՞։
Նկատենք, որ ժամանակակից հակադեմոկրատական նարատիվների զգալի մասը ունիվերսալ բնույթի է՝ այդ պատմույթները կրկնում են դեռ Պլատոնից սերող, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա որոշ մտքերի մեկնաբանությունների հիման վրա կառուցված մի շարք նարատիվներ, ինչպես նաեւ, դրանց՝ ժամանակակից ակտուալ որոշակի խնդիրների շահարկման վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ դրանք մշակվել են մեկ կենտրոնում, միևնույն մարդկանց կողմից (իրականում, իհարկե, պարզ է, որ դա այդպես չէ)։
Հակադեմոկրատական պատմույթների հիմնական վտանգն այն է, որ ինչպես դեմոկրատական, այնպես էլ ոչ դեմոկրատական երկրներում դրանք առնվազն սնուցում են այնպիսի հակադեմոկրատական քաղաքականություններ, շարժումներ, քաղաքական ուժեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել դեմոկրատական գործընթացներին կամ նույնիսկ վերացնել դրանք։
Ի դեպ, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում տարածում ունեցող նարատիվներից շատերի ծագումը հայաստանյան չէ։ Հիմնականում դրանք հետխորհրդային տարածքում, Արեւելյան Եվրոպայում վաղուց լայն տարածում ունեցող նարատիվներն են։ Պարզապես որոշները, այսպես ասած, տեղայնացվել են՝ դրանց կառուցման համար օգտագործվել են հայկական խնդիրները եւ ակտուալ հասարակական-քաղաքական օրակարգի հարցերը։ Ավելորդ չէ նաեւ ավելացնել, որ հայաստանյան կոնտեքստի վրա կառուցված նարատիվների մեծ մասը՝ ռուսական որոշ շրջանակների, հաճախ հայկական ազգանուն ունեցող պրոպագանդիստների «ստեղծագործություններն են»։
Հայաստանում հետպատերազմյան փուլում նկատելի է հակադեմոկրատական քարոզչության մի նոր մեծ ալիքի բարձրացում՝ իր ենթաալիքներով, որի բովանդակությունը կարելի է գնահատել որպես ծայրահեղ աջ, էնթնոզգայնական պոպուլիստական։ Ի դեպ, դեմոկրատիայի կոնցեպտը հրապարակային ժխտող շրջանակները, հակառակը, տարբեր պատճառներով, որոնք առանձին հետազոտության թեմա կարող են լինել, կտրուկ նվազեցրել են իրենց ակտիվությունը։
Օգտագործելով 44-օրյա պատերազմի հետեւանքները՝ մարդկային ու տարածքային կորուստներն ու հասարակությունում առկա ծանր բարոյահոգեբանական իրավիճակը, մի շարք քաղաքական շրջանակներ սկսեցին ինտենսիվ գեներացնել էթնոազգայնական, ծայրահեղ աջ պոպուլիստական նարատիվների նոր խմբաքանակ՝ իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ հանրային մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Իշխանափոխության նպատակով ստեղծված «Հայրենիքի փրկության շարժում» անունը կրող նախաձեռնության առաջնորդները առատորեն արտադրում եւ տարբեր միջոցներով ինտեսիվորեն տարածում էին բազմաթիվ հակադեմոկրական նարատիվներ, ինչպես նաեւ հարթակ էին տրամադրում ատելության խոսքով, վիրավորանքներով, հայհոյանքներով հագեցած ելույթներ ունեցող բազմաթիվ մարդկանց։ Տարածվող նարատիվները երկու տեսակի էին՝ լիբերալ-դեմոկրատական արժեքներն ուղղակի թիրախավորող ունիվերսալ նարատիվներ, եւ հենց հայաստանյան կոնտեքստի հիման վրա կառուցված պատմույթներ։
Վերջինիս ամենացցուն օրինակներից մեկը հետեւյալն է՝ պատերազմում պարտություն կրեցինք, քանի որ գլոբալիստական, լիբերալ համաշխարհային ուժերի կազմակերպած հեղաշրջման արդյունքում իշխանության եկան լիբերալ, գլոբալիստական տեղական ուժերը, որոնց նպատակն էր ազգային արժեքների, ազգային պետության կործանումը։
Էթնոազգայնական նարատիվների տարածման մի նոր ենթալիքի առիթ հանդիսացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք իշխանություն վերցնելու նոր հնարավորություն էին դիտարկում հիշատակված շրջանակները։ Հակադեմոկրատական նարատիվների տարածման մեկ այլ ենթաալիք բարձրացավ «Արցախը վերջնականապես վաճառում են՝ հարկ է արթնանալ» նարատիվի հիման վրա ստեղծված եւ «Զարթնիր Լաո» կարգախոսը ընտրած «Դիմադրություն» կոչվող հակաիշխանական շարժման փողոցային ակտիվության շրջանում։
Ըստ էության, հետպատերազմյան ժամանակահատվածում հակադեմոկրատական նարատիվների բովանդակությունը մեզ հուշում է, որ դրանք մեծամասամբ հիմնվում են Հայաստանի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված ալարմիստական շեշտադրումների վրա։ Մինչդեռ մինչպատերազմական փուլում այս հարցերին զուգահեռ նաեւ այլ հարցեր էին հանդիսանում հակադեմոկրատական պատմույթների կառուցման առիթ, այդպիսիք էին, մասնավորապես՝ Քովիդի թեման (որն օգտագործվեց տարատեսակ դավադրությունների տեսությունների տարածման համար), ազգային արժեքների դեմ իբր կազմակերպված գրոհը, ԼԳԲԹ ենթադրյալ քարոզչությունը եւ այլն։
Հարկ է նշել, որ ապատեղեկատվությունը, կեղծիքների եւ մանիպուլյացիաների վրա խարսխված հակադեմոկրատական քարոզչությունը հատկապես լայն տարածում է ստանում այնտեղ, որտեղ բարձր չէ մեդիագրագիտության մակարդակը։
2022 թ. հունվարին հրապարակված «Մեդիա սպառումը Հայաստանում» հարցման արդյունքում պարզվել է, որ կասկածելի տեղեկությանը հանդիպելիս հարցվածների միայն 8 տոկոսն է փորձում ստուգել այն։ Նույն հարցման համաձայն հարցվածների մոտ կեսը երբեք չի ստուգում հղումները։ Սա նշանակում է, որ հայ հասարակության զգալի հատվածը հեշտությամբ կարող է դառնալ ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության, հակադեմոկրատական քարոզչության զոհը։
Հարկ է նշել, որ նշված ալիքի եւ բոլոր ենթաալիքների ժամանակ էթնոազգայնական, ծայրահեղ աջ պոպուլիստական ոճի քարոզչություն էին իրականացնում ինչպես ընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի առանցքային ներկայացուցիչներ։ Հակադեմոկրատական հռետորաբանությամբ առանձնանում էին նաեւ մի շարք լրատվամիջոցներ, փորձագետներ, առանձին լրագրողներ, հանրային գործիչներ։ Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական քաղաքական ուժերը հաճախ ավելի կոշտ հռետորաբանություն էին օգտագործում, քան այն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնց ծրագրերն ինքնին ակնհայտ ծայրահեղ աջ պոպուլիստական են։ Կարող ենք ենթադրություն անել, որ այս հանգամանքը ավելի շատ պայմանավորված է նրանով, որ նախկին ավտորիտար համակարգի մի շարք խոշոր քաղաքական ուժերի համար ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանությունը ոչ այնքան քաղաքական աշխարհայացքի մաս է, որքան իշխանության գալու, շահարկումներ անելու, կառավարությանը եւ քաղաքացիական հասարակության կառույցներին հեղինակազրկելու միջոց, գործիք։
Սա, իհարկե, դեռեւս չի նշանակում, որ այդ ուժերի գաղափարախոսությունը հակասում է նրանց գործելակերպին եւ վերոնշյալ հռետորաբանությանը։ Նաեւ ավելորդ չէ նշել, որ այդ շրջանակների Էթնոազգայնական հռետորաբանությունը հիմնված է հասարակության ստվար հատվածի մոտ պետության եւ ազգի անվտանգության հետ կապված պատերազմի արդյունքում ուժեղացված վախերի շահարկման վրա։
Կարեւոր է նշել, որ «ապազգային ուժեր» ձեւակերպման տակ ներդրվել էր այն պատկերացումը, որ դրանք գլոբալ, լիբերալ, օտար ուժերի օրակարգը սպասարկող իշխանություններն են ու օտարերկրյա եւ/կամ միջազգային կազմակերպություններից գրանտներ ստացող եւ ազատական-ժողովրդավարական արժեքներ քարոզող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են: Առաջ էր քաշվում այն նարատիվը, որ արեւմտյան արժեքների, ազատական համակարգի ներդրման արդյունքում երկիրը, ազգը/էթնոսը «կործանվում» են:
Բնականաբար, ի պաշտպանություն այս թեզի որեւէ ապացույց չէր ներկայացվում եւ չէր կարող ներկայացվել։ Ուղղակի առաջ էր քաշվում հետեւյալ կեղծ տրամաբանական կոնստրուկցիան (կեղծ պատճառահետեւանքային կապը)՝ 2018-ին իշխանության եկած ուժերը եւ թավշյա հեղափոխությունը սատարած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ գլոբալիստական, լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության կրող են, ուստի պատերազմում պարտությունը, տարածքներ զիջելը հետեւանքն է նրա, որ այսօր իշխանության են եւ հանրային լայն գործունեություն են ծավալում հենց այդպիսի գաղափարախոսություն ունեցողները։ Ուստի բոլոր նրանք, որոնք այդպիսի գաղափարախոսության կրող են՝ ազգի դավաճաններ են եւ այդ գաղափարախոսությունը եւ վերջինս որդեգրածները պետք է դուրս մղվեն հասարակական-քաղաքական կյանքից։ Բնականաբար սա հակադեմոկրատական քարոզչություն է, որը հիմնված է տրամաբանության կանոնների ակնհայտ խախտման վրա՝ սա նույնն է որ, օրինակ, ասես՝ քանի որ սպիտակ շունը չկարողացավ բարձր ցատկել, ուրեմն դրա պատճառն այն է, որ շունը սպիտակ է։
Իսկ քաղաքացիական հասարակության թիրախավորման հանգամանքը շատ կարեւոր է շեշտել, քանի որ հանրային դիսկուրսում շատերը, ինչպես տեսնում ենք, սխալ դատողություն էին անում, որ, օրինակ, «Հայրենիքի փրկության», իսկ հետագայում «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները զուտ խոսում են «ապազգային», «դավաճան» իշխանություններից ազատվելու մասին եւ որ իբր իշխանափոխության արդյունքում քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների պաշտպանության առումով խնդիրներ չեն լինելու։
Սակայն արդեն իսկ քաղաքացիական հասարակության թիրախավորման հանգամանքը խոսում է այն մասին, որ ծայրահեղ աջ պոպուլիստական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրները ժխտում են ազատականությունը, պլյուրալիզմը, առողջ բանավեճը եւ նրանց նպատակը ոչ թե զուտ իշխանափոխությունն է, այլ բացառապես սեփական պատկերացումներով քաղաքական համակարգ կառուցելն է, որում չկա ազատականություն, ազատ բանավեճ, որում իշխանություններին, որոշակի բարքերին, որոշակի ավանդույթներին ուղղված քննադատությունը, ինքնատիպության դրսեւորումները եւ այլն կարող են պիտակավորվել որպես «հակազգային» եւ «օտարածին» եւ լավագույն դեպքում ուղղակի արգելվել։
Էդգար Վարդանյան
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ