Գենդերային հիմնահարցերը՝ հակաեվրոպական քարոզչության գործիք

Հայաստանում և տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես հակաեվրոպական հաղթաթուղթ գործածվում է գենդերային հավասարության հետ կապված հարցերի շուրջ կեղծ քարոզչությունն ու մանիպուլյացիան։ Սա նոր երևույթ չէ, այն թափ է հավաքել 2013 թվականին, երբ Հայաստանը պետք է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեր կամ ընտրեր Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու ճանապարհը։ Արդյունքում Հայաստանը ընտրեց երկրորդը, երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին անսպասելիորեն հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման մասին։ Այդ միանձնյա որոշումը լուրջ դիմադրության չարժանացավ Հայաստանում նաև այն պատճառով, որ նախքան այդ արդեն իսկ հակաեվրոպական ակտիվ քարոզչություն էր իրականացվել Հայաստանում։

Այդ քարոզչության մեխը արևմտյան արժեքների՝ մարդու իրավունքների, հավասարության ու հակախտրականության սկզբունքի քննադատությունն է․ արժեքներ, որոնք զարգացել են Արևմուտքում, սակայն այսօր համարվում են համընդհանուր ու համամարդկային։ Արևմտյան պետությունները Հայաստանում մշտապես աջակցել են հանուն մարդու իրավունքների և գենդերային հավասարության համար տարվող պայքարը, ուստի այդ պետությունների դերակատարումը նվաստացնելու համար անհրաժեշտ էր խեղաթյուրել գենդերային հավասարության հասկացությունը, դրա շուրջ զանազան առասպելներ հյուսել ու ոչ իրազեկ մարդկանց վախեցնել, թե Եվրոպայից արժեքներ են ներմուծվում Հայաստան, որպեսզի քանդեն հայկական ընտանիքները, խեղաթյուրեն ավանդական արժեքները, նվազեցնեն երկրում ծնելիությունն ու թուլացնեն մեր պետությունը։

2013 թվականին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր «Կանանց ու տղամարդկանց հավասարիրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքի նախագիծը, պահպանողական և ազգայնական ներկայացող, սակայն,  իրականում ռուսամետ խմբերը սկսեցին ակտիվ հակաքարոզչություն իրականացնել՝ հանրային ուշադրությունը բևեռելով ոչ թե օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների, այլ «գենդեր» եզրույթի վրա։ Օգտվելով հանրության մեծամասնության անիրազեկությունից՝ այդ խմբերը «գենդեր» հասկացության վերաբերյալ ծայրահեղությունների հասնող առասպելներ հյուսեցին ու ակտիվորեն շրջանառեցին՝ ընդհուպ հասնելով նրան, որ այդ եզրույթը որոշ շրջանակներում սկսվեց գործածվել որպես վիրավորանք ու հայհոյանք։ Գենդերային հավասարությունը ներկայացվում էր որպես նույնասեռականների իրավունքների պաշտպանության քողարկված գործիք, հանրությունը մանիպուլացվում էր այն գաղափարով, թե իբր նման օրենք ընդունելով Հայաստանում օրինականացվելու է նույնասեռականների ամուսնությունը և նրանց թույլատրվելու է երեխա որդեգրել։

«Գենդեր» եզրույթով սկսեցին անվանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց իրավունքների պաշտպաններին։ Գենդերային հավասարության գաղափարը ներկայացվում էր որպես այլասերվածություն, անգամ մանկապղծություն և արյունապղծություն։

Թերևս ավելորդ է նշել, որ 2013 թվականին ընդունված օրենքից հետո Հայաստանում չի գրանցվել նույնասեռականների օրինական ամուսնության գեթ մեկ դեպք, սակայն այս կեղծ թեզը հետագայում ակտիվորեն շրջանառվեց նաև ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագծի և Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումներում։

Պետք է ընդունել, որ հակագենդերային արշավներ իրականացնող խմբերին հաջողվեց որոշակի ազդեցության հասնել ինչպես հասարակության լայն շրջանակներում, այդպես էլ պետական մարմիններում։ Այդ տարիներին պետական մարմիններին ոչ պաշտոնապես արգելված էր հանրային խոսքում գործածել «գենդեր» եզրույթը, իսկ կանանց իրավունքների պաշտպանության առումով այդ տարիներին որոշակի հետընթաց գրանցվեց, քանի որ իրավապաշտպաններն աշխատում էին մշտական թիրախավորման և հետապնդման պայմաններում։

Սակայն ինչպես openDemocracy անկախ մեդիա հարթակն է նշում՝ Հայաստանում գենդերը աշխարհաքաղաքական է։ Խեղաթյուրելով գենդերային հավասարության գաղափարն ու այն ներկայացնելով որպես հայաստանյան հասարակությանը սպառնացող վիթխարի վտանգ ու մարտահրավեր՝ ռուսամետ ուժերը փորձում էին/են խոչընդոտել Հայաստան-Եվրոպական միություն հետագա մերձեցումը։ «Այս ժամանակ էր, որ ավելի վաղ ստեղծված պուտինյան ակումբներըսկսեցին ցուցադրել իրենց ու կազմակերպեցին մի քանի համաժողովներ եվրասիականինտեգրման թեմայով՝ թիրախելով կանանց իրավունքներով զբաղվող հասարակականկազմակերպություններին ու նախաձեռնելով եվրոպական արժեքների թեմայի շուրջխեղաթյուրումների ալիք»,- նշված է «Գենդերային քաղաքականությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ[1]։

Հակագենդերային քարոզչություն իրականացնող ակտիվ դեմքերը բացահայտորեն հակադրում էինեվրոպական արժեքները ռուսական արժեքներին՝ պնդելով, որ Հայաստանը պետք է ավելի խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի հեճուկս «այլասերված» Եվրոպայի։

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրը չէր, որտեղ հակագենդերային արշավներ էին տարվում։ Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնել փորձող Արևելյան գործընկերության երկրներում[2] 2012 թվականից սկսեցին հանրային գործունեություն ծավալել Ծնողական կոմիտեները, որոնք հանդես էին գալիս ընտանեկան արժեքների պահպանության դիրքերից և դիտարկում էին գենդերային հավասարությունը որպես ավանդական ընտանիքները կործանող գաղափարախոսություն[3]։ Հայաստանում գործող «Համահայկական ծնողական կոմիտեն» մշտապես փորձել է ներկայացնել Եվրոպան որպես այլասերվածության որջ, որտեղ տղամարդու ու կնոջ միջև սահմանները ջնջված են, ընտանիքները՝ վերացած։

Այս կոմիտեն և դրա գաղափարախոսությանը հարող անհատները մշտապես թիրախավորել են գենդերային հավասարություն ջատագովող հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին ու ակտիվիստներին։ Վերջիններիս վերաբերյալ պարբերաբար  ներկայացվում են կեղծ տեղեկություններ՝ մեղադրելով ընդհուպ ազգային դավաճանության մեջ։

Հակագենդերային քարոզչության թերևս ամենացցուն օրինակներից մեկը «Իրավունք» օրաթերթում 2014 թվականին տպագրված հոդվածն էր՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ։

«Սահմանադրական իրավունք միություն» ռուսամետ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանին պատկանող թերթը հրապարակել էր վեց տասնյակ ակտիվիստների անուններ և նրանց ֆեյսբուքյան էջերի ակտիվ հղումներ՝ նրանց հռչակելով պետության թշնամիներ և կոչ անելով հանրությանը զրո հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր դարձած Հայկ Բաբուխանյանն այդ տարիներին պետական մրցանակ ստացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, իսկ ավելի ուշ դարձավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․հանուն նոր միության» շարժման համահիմնադիր։

Հակագենդերային քարոզչությամբ զբաղվող խմբերը ակտիվիստների վերաբերյալ կեղծ քարոզչական նյութեր էին ստեղծում ու ակտիվորեն տարածում համացանցում։ Ստեղծվում էին լրատվական և ոչ լրատվական կայքեր, որտեղ կենտրոնացվում էր հակագենդերային արշավների նյութերը, դրանցից շատերը ռուսական նմանօրինակ քարոզչական նյութերի բառացի թարգմանություններ էին։ Այդպիսի կայքերը հաճախ ժամանակավոր կյանք էին ունենում, որոշ ժամանակ անց կամ փակվում էին, կամ այլևս չէին թարմացվում։

Նոր փաստաթղթեր՝ հին թեզեր

Հակագենդերային արշավները ժամանակ առ ժամանակ պասիվանում և ակտիվանում են՝ հիմնականում պայմանավորված Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմամբ։ Հակագենդերային քարոզիչները դարձյալ ակտիվացան 2016-2017 թվականին, երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրելուն։ Այդ անգամ Եվրոպական արժեքները նվաստացնելու համար հարմար առիթ հանդիսացավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Ինչպես արդեն նշեցինք՝ «Համահայկական ծնողական կոմիտեն» կեղծ տեղեկություններ էր տարածում օրենքի նախագծի նպատակների վերաբերյալ՝ փորձելով շահարկել հանրության համար զգայուն թեմաներն ու դրանցով պայմանավորված վախերը։

Բացի նույնասեռականների ամուսնությունն օրինականացնելու վերաբերյալ կեղծ թեզից շրջանառվում էր նաև երեխաներին ընտանիքից խլելու վերաբերյալ սուտը։

Մասնավորապես, հայաստանյան ընտանիքներին վախեցնում էին, որ օրենքի ընդունումից հետո պետության ներկայացուցիչները խլելու են երեխաներին ծնողներից այն դեպքում, երբ նրանց նկատմամբ բռնություն կիրառվի։ Այնինչ երեխային բռնությունից պաշտպանելու պետության դրական պարտավորությունն արձանագրված է եղել Հայաստանի կողմից դեռևս 1992 թվականին վավերացրած Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, և ընտանեկան բռնության վերաբերյալ ազգային օրենքն այս առումով որևէ նորամուծություն ՀՀ օրենսդրական դաշտ չէր բերելու։

2017-ին ընդունված եւ 2018-ից ուժի մեջ մտած օրենքից հետո հակագենդերային քարոզիչների կեղծ սպառնալիքներից որևէ մեկը, բնականաբար, իրականություն չդարձան, սակայն հանրության մեծամասնությունն արագ մոռացավ, թե ինչ կեղծիքներ էին շրջանառվում և տրվեց նույնպիսի մանիպուլյացիաների արդեն «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնությանկանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման շուրջ քննարկումների ժամանակ։

Կոնվենցիան մամուլում շրջանառվում է «Ստամբուլյան կոնվենցիա» անվանումով պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ այն ստորագրվել է թուրքական Ստամբուլ քաղաքում։ Թուրքիայի հետ կոնվենցիայի կապը սահմանափակվում էր այդքանով և նաև նրանով, որ Թուրքիան առաջիններից մեկն էր ստորագրել ու վավերացրել այն։ Ավելի ուշ՝ 2021 թվականին, Թուրքիան դուրս էր եկել պայմանագրից՝ չեղարկելով իր անդամությունը Ստամբուլյան կոնվենցիային։ Չնայած այս իրողությանը՝ Ստամբուլյան կոնվենցիան, ի թիվ այլ մանիպուլյացիաների, փորձ է արվել կապել Թուրքիայի հետ։ Ու թեև ՀՀ կառավարությունն այն ստորագրել էր 2018 թվականի հունվարին, երբ երկիրը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, արդեն մեկ տարի անց՝ ընդդիմադիր դարձած ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միացել էր կոնվենցիայի դեմ հակաքարոզչություն անող խմբերին։

«Հետ­հե­ղա­փո­խա­կան­ ի­րա­վի­ճա­կո­ւմ­ հա­կա­գեն­դե­րային­ արշավ­նե­րի­ ան­դամ­նե­րը­ նո­ր՝­ ար­դեն­ լի­ար­ժեք­ ընդ­դի­մա­դիր­ դիր­քից հան­դես­ գա­լու­ ա­ռա­վել­ ագ­րե­սիվ­ դե­րա­կա­տար­ման­ հնա­րա­վո­րությո­ւն­ ստա­ցա­ն։­Սե­ռա­կա­նու­թյան­ և ­գեն­դե­րի ­հար­ցե­րը ­և­ դրան­ցով զբաղ­վող­ ա­ռա­ջա­դի­մա­կան­ քա­ղա­քա­ցի­ա­կան­ հա­սա­րա­կու­թյա­նը վե­րս­տին­ շա­հար­կո­ւմ­նե­րի,­ նեն­գա­փո­խո­ւմ­նե­րի­ և­ դա­վադ­րա­կան տե­սու­թյո­ւն­նե­րի ­թի­րա­խո­ւմ ­դնե­լո­վ՝­դրա­նց­ գլ­խա­վոր քա­ղա­քա­կան նպա­տա­կն­ է ­դար­ձել ­քա­ղա­քա­ցի­ա­կանև ­ի­րա­վա­պա­շտ­պա­նա­կան գոր­ծու­նե­ու­թյան ­հետ ­կա­պա­կց­վող ­ե­րի­տա­սա­րդ ­քա­ղա­քա­կան­ գործիչ­նե­րի­ և­ ժո­ղո­վր­դա­կան­ հե­ղա­փո­խու­թյան­ հե­ղի­նա­կա­զր­կու­մը,­ ինչ­պես­ նաև­ Հայաս­տա­նի­ հա­սա­րա­կու­թյան­ բևե­ռա­ցու­մը­ նման զգայո­ւն՝­սե­ռա­կա­նու­թյան ­թե­մայի ­շո­ւրջ», — նշում են «Հա­կա­գեն­դե­րային ար­շավ­նե­րի գոր­ծու­նե­ությու­նը,­ հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը և ­նպա­տակ­նե­րը հետ­հե­ղա­փո­խա­կան Հայաս­տա­նո­ւմ» հետազոտության հեղինակները[4]։

Այնուամենայնիվ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկող խմբերին հաջողվեց ազդել հետհեղափոխական Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի ու կառավարության վրա այնպես, որ վերջիններիս որոշ ներկայացուցիչներ սկսեցին ոչ միայն թերահավատորեն վերաբերվել կանանց բռնությունից պաշտպանելուն ուղղված փաստաթղթի նպատակներին, այլև հրապարակայնորեն հանդես գալ դրա դեմ։ Արդյունքում կոնվենցիայի վավերացումը դուրս մնաց իշխող ուժի օրակարգից և այդպես էլ չհասավ խորհրդարան։

Հետազոտողների կարծիքով՝ ­«սե­ռա­կա­նու­թյան և ­գեն­դե­րի ­հար­ցե­րի, ­ա­ռա­ջա­դիմա­կան­ քա­ղա­քա­ցի­ա­կան ­հա­սա­րա­կու­թյան թի­րա­խա­վո­րու­մը ­հակա­գեն­դե­րային ­ար­շա­վա­կան­նե­րն ­ի­րա­կա­նաց­նո­ւմ ­են ­«ա­րևմ­տյան դա­վադ­րա­կան­ ու­ժե­րի»­ դեմ­ հռ­չակ­ված­ գոր­ծու­նե­ու­թյան,­ սա­կայն ի­րա­կա­նո­ւմ­ հետ­հե­ղա­փո­խա­կան Հայաս­տա­նո­ւմ ­կա­ռա­վա­րող­ ուժի դեմ­ մա­րտն­չե­լու­ և­ ռու­սաս­տա­նա­մետ­ քա­ղա­քա­կան­ մշա­կույ­թի պահ­պա­նու­թյան ­նպա­տակ­նե­րո­վ»[5]։

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ  հա­կա­գեն­դե­րային­ ար­շավ­նե­րը, թեև ­ ձևա­վոր­վե­լ են­ աշ­խար­հի­ տար­բեր­ ծայ­րե­րո­ւմ­ հա­մը­նդհա­նուր­ հա­կաի­րա­վա­պա­շտ­պան­ և­ հա­կա­ժո­ղո­վր­դա­վար­ ար­շավնե­րի­ վե­րել­քի­ ա­լի­քի­ վրա,­ «այ­դու­հան­դե­րձ­ ի­րե­նց­ քա­ղա­քա­կան ա­կունք­նե­րով­ առա­վե­լա­պես ­կապ­ված­ են ­կրեմ­լյան ­շր­ջա­նակ­նե­րին և­ նրանց­ կող­մից­ հետ­խո­րհր­դային­ երկր­նե­րո­ւմ­ տար­վող­ ՌԴ­ ազդե­ցու­թյան­ պահ­պան­ման­ կամ­ զար­գաց­ման­ քա­ղա­քա­կա­նու­թյան օ­րա­կար­գի­ն»[6]։

2020 թվականի 44-օրյա պատերազմը մի կողմից մոռացության մատնեց և հանրային օրակարգից դուրս թողեց Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումները, մյուս կողմից էլ նոր հնարավորություն ստեղծեց գենդերային հավասարություն  ջատագովողներին թիրախավորելու համար։ Ռուսամետ ուժերը պատերազմում կրած պարտության մեջ «գտան» գենդերային հավասարության գաղափարախոսության մեղքը՝ տարածելով տեղեկատվություն, թե իբր կանանց իրավունքների պաշտպանները տարիներ շարունակ փորձել են թուլացնել հայ տղամարդուն, հետևաբար և հայկական բանակը, որպեսզի մենք չկարողանանք պատերազմում հաղթել։ Բանակում տասնամյակներ տիրող կոռուպցիոն երևույթներից հանրության ուշադրությունը շեղելու համար ռուսամետ քարոզիչները նաև մեկ այլ «մեղավորի» են մատնացույց անում․ խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների իրավունքների պաշտպանության զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնց մի մասը նաև ջատագովում է գենդերային հավասարությունը Հայաստանում։

Ներկայումս հակագենդերային արշավները Հայաստանում հարաբերական դադարի փուլում են, սակայն ամենայն հավանականությամբ առաջին իսկ հարմար առիթի դեպքում նրանք դարձյալ գլուխ կբարձրացնեն և դարձյալ կշրջանառեն այն նույն թեզերը, որոնք կեղծ լինելը թեև ապացուցվել է տարիներով, սակայն հանրության լայն շրջանակների կողմից մոռացության է մատնվել։ Այդպիսի առիթ կարող է լինել Հարավային կովկասում Արևմտյան երկրների դերակատարման ավելացումն ու Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Նման զարգացումների դեպքում հակագենդերային արշավները, մանիպուլյացիաներն ու կեղծիքները վստահաբար, իրենց երկար սպասեցնել չեն տա։

Արման Ղարիբյան

[1] «Գենդերային քաղաքականությունը Հայաստանում․ օրենսդրական հակագենդերային քարոզչության և համայքն ձևավորելու ռազմավարությունների ուսումնասիրություն», Անի Ջիլոզյան, 2017 թվական, էջ 11, https://www.womensupportcenter.org/Gender_politics_final_Armenian-compressed.pdf։

[2] Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս։

[3] «Հա­կա­գեն­դե­րային ար­շավ­նե­րի գոր­ծու­նե­ությու­նը,­ հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը և ­նպա­տակ­նե­րը հետ­հե­ղա­փո­խա­կան Հայաս­տա­նո­ւմ», Մարիամ Խալաթյան, Արփի Մանուսյան, Նվարդ Մարգարյան, Աննա Ժամակոչյան, Սոցիոսկոպ հասարակական կազմակերպություն, 2020 թ․, էջ 13, https://socioscope.am/wp-content/uploads/2020/08/2020_Anti-gender-campaigns_-research_Arm.pdf։

[4] Նույն տեղում, էջ 21։

[5] Նույն տեղում, էջ 22։

[6] Նույն տեղում, էջ 116։

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ