VOL 3. «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» դասընթաց
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացի երրորդ փուլը՝ նախատեսված Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար, տեղի ունեցավ նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1-ը:
Դասընթացի մեկնարկը տրվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ քննարկմամբ, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան կոռուպցիայի տեսակներին և դրսևորումներին։ Այնուհետև տեղի ունեցան հանդիպումներ հետաքննող լրագրողներ Գևորգ Թոսունյանի և Տիրայր Մուրադյանի հետ։ Լրագրողները գործնական վարժությունների միջոցով մասնակիցներին ներկայացրեցին պետական գնումների և պաշտոնատար անձանց հայտարարագրերի ուսումնասիրության մեթոդներն ու գործիքները։
Երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան նաև քննարկելու ազդարարման համակարգը իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ, ինչպես նաև կոռուպցիայի, անվտանգության և ժողովրդավարության թեմաները՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի հետ։
Դասընթացի կարևոր մաս էին կազմում նաև թեմատիկ խաղերը, կինոդիտումը և կոռուպցիայի շղթաներն ու հետևանքները պատկերող պոստերների մրցույթը, որոնք ոչ միայն օգնում էին մասնակիցներին ամրապնդել ձեռք բերած գիտելիքները և կիրառել դրանք, այլև ստեղծում էին հնարավորություն միմյանց ավելի լավ ճանաչելու և նոր կապեր ձևավորելու համար։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։