«Գիշերը գաթայի խմոր էի հունցել, իսկ առավոտյան պատերազմ էր․․․ ու վառարանի փոխարեն աշխարհը վառվեց»
48-ամյա Իննա Սարգսյանը Հադրութից է, որտեղ մինչեւ պատերազմը փոքրիկ ընտանեկան բիզներ ուներ, բոլորը գիտեին Իննայի հայտնի փախլավայի ու գաթայի համը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Իննայի ընտանիքը կորցրեց ամեն ինչ։ Երեւան տեղափոխվելիս Իննան հետը վերցրել է միայն որդու նվիրած էլեկտրական հարիչն ու ընտանեկան բաղադրատոմսերի հին տետրակը։ Այսօր արդեն Երևանում Իննան շարունակում է սիրելի գործը․ քրոջ և ամուսնու հետ բացել են «Հադրութի համը» փոքրիկ արտադրամասը, որտեղ նույն սիրով թխվում են Արցախի գաթան ու փախլավան։ Սա ոչ միայն ընտանիքի սոցիալական վերականգնման հնարավորություն է, այլ, առավելապես, հետպատերազմյա ցավալի ապրումները հաղթահարելու կարեւոր միջոց։
«Դուռդ բաց եմ թողել դուրս գալիս․․․
Դուռդ բաց եմ թողել դուրս գալիս, որովհետև ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ ուրիշին ես բաժին հասնելու։ Հադրութն ուրիշի՞ն։ Անհնար բան էր։ Մեր կյանքում ինչո՞ւ այսքան շատ անհնար բան տեղի ունեցավ։
Հադրութի համը ու քո կարոտը հետս Երևան եմ բերել, ու խմորն էլի հունցում, դնում եմ էն տաք, գունավոր ծածկոցի տակ, որի մեջ փաթաթեցի երեխաներին՝ պատերազմի առաջին օրը, լուսաբացին։ Տուն ջան, կներես․․․ սիրտս քո կարոտից չի մղկտում։ Գիտեմ, կհասկանաս։ Մարդիկ․․․ մարդիկ, որ չկան, ու չեն լինի էլ։ Մարդիկ, որ բակդ սրտաբաց էին դարձնում, հացդ՝ համեղ, սեղանդ՝ երկար»։
Իննայի պատմությունն ու մտորումներն ամբողջական կարող եք կարդալ այս հղումով։