Ավարտվեց ասեղնագործության և ձեռագործության դասընթացն Այգեզարդ համայնքում

Երկու ամիս շարունակ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգում կարելի էր հանդիպել գուլպա, գլխարկ գործող ու ասեղնագործող աղջիկների։ Նրանց այստեղ էր հավաքել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Նեկտար Մնացականյանը։

Նրա նախաձեռնությամբ համայնքի աղջիկները նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերեցին, որոնք կարող են հետագայում օգտագործել նաև սեփական բիզնեսը հիմնելիս։ Աղջիկներին գործել սովորեցրեցին Արցախից Հայաստան տեղափոխված տիկին Անահիտն ու Աստղիկը։ Արդյունքում կարողացանք կարճաժամկետ աշխատանքով ապահովել մեր արցախցի հայրենակիցներին։

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը։ Մինչ օրս կյանքի է կոչվել համայնքային զարգացման 6 ծրագիր։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։