Կանանց իրավունքների պաշտպանության օրը «Հոդված 3» ակումբում

Մարտի 8-ը՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրը, «Հոդված 3» ակումբում նշվեց կանանց ստեղծարար ներուժի ցուցադրությամբ, ձեռներեց կանանց աջակցությամբ և խրախուսմամբ: Ավելի քան 70 կին ձեռներեցներ, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած ստեղծագործ կանայք ներկայացնում էին իրենց ստեղծագործություններն ու ապրանքանիշերը:

Ցուցահանդես-տոնավաճառին իրենց մասնակցությամբ պատվեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը:

Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինին, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, շեշտեց, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կանանց ձեռներեցության աջակցման և զարգացման ուղղությամբ, բայց «առաջիկայում էլ ավելին կիրականացնենք մեր Եվրամիության այլ երկրների գործընկերների հետ, քանի որ Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի հույսի եւ ապագայի տեսլականի»:

«Մեծագույն հարգանք եմ տածում Հայաստանի կանանց, արցախցի կանանց հանդեպ, դուք չափազանց ծանր շրջան ապրեցիք, բայց դուք ապրեցնում եք ձեր երկիրը, դուք առաջնագծում չէիք, բայց ձեր ներուժով եք ոտքի կանգնեցնելու երկիրը, իմ խոնարհումն ու հարգանքը Ձեզ»:

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը հայերենով շնորհավորեց ցուցահանդեսի մասնակից կանանց, խրախուսեց ստեղծարար նոր ծրագրերն ու կարևորեց կանանց ներգրավվածությունը կառավարման, որոշումներ կայացնելու բարձր պաշտոններում:

Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ևս ընդգծեց կանանց՝ բոլոր ոլորտներում լիարժեքորեն ներգրավվածության կարևորության մասին՝ որպես պետության զարգացման և բարգավաճման գրավական.

«Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, որը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց տեսնելու, թե որքան շնորհալի են հայ կանայք, և որքան արժանի են շատ ավելի լսված լինելու: Լիտվայի դեսպանությունը ևս տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի է աջակցում, որոնք հիմնականում միտված են կանանց զորեղացմանն ու կարողությունների զարգացմանը, այս տարի նաև մի շարք ծրագրեր կիրականացնենք հատկապես այն կանանց համար, որոնք պատերազմի հետևանքով ապաստանել են Հայաստանում»:

Ցուցահանդես-տոնավաճառի կանացի ստեղծարար մթնոլորտն ավելի հարստացավ «Նաիրյան» վոկալ անսամբլի կոմիտասյան ու ժողովրդական երգերի հրաշալի կատարումներով: «Նաիրյան» անսամբլը և Մուղդուսյան արվեստի կենտրոնը տարիներ շարունակ արվեստի ուժով են բարձրաձայնում կանանց իրավունքների ու հավասարության խնդիրների մասին, իրենց փոքր միջոցներով աջակցում են սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, իսկ վերջին ամիսներին էլ նեցուկ են արցախցիներին: «Նաիրյան» վոկալ անսամբլը նաև առաջինն է Հայաստանում, որ երգերը ներկայացնում է նաև ժեստերի լեզվով։

Շնորհակալ ենք միջոցառմանն աջակցելու, ժեստերի լեզվով թարգմանությամբ կոմիտասյան հրաշալի մշակումները ներկայացնելու և հոգեթով կատարումներով բոլորիս ջերմացնելու համար: