Տեղի ունեցավ «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում տեղի ունեցավ «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը։

Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ (մթնոլորտային շերտի հատված) են արտանետվում օզոնային շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար գազեր։

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» նախագծի շրջանակում կենցաղային տեխնիկայի նշված տեսակները վերակերպվել են հեղինակային արտ-օբյեկտների, այլ գործառույթ ունեցող իրերի (պահարան, դարակ, սեղան) և կցուցադրվեն հանրային իրազեկման բարձրացման նպատակով։

Ցուցահանդեսին ներկայացվեցին 13՝ թափոնների վերամշակման, խաղաղության, համակեցության, ինքնակրթության կարևորության «սառնարան»՝ որպես վտանգավոր թափոնների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված հեղինակային արտ-օբյեկտներ։

Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանում օզոնային շերտի պահպանության հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանը, Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Արևիկ Մկրտչյանը և այլ հյուրեր։

Ցուցանմուշները կցուցադրվեն Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո կտեղակայվեն այգու տարբեր հատվածներում՝ ծառայելով որպես գրապահոց, դարակ և պահարան։

Լայն սպառման ապրանքների արտադրությունից և որոշ արտադրական գործընթացներից մթնոլորտ են արտանետվում քլոր և բրոմ պարունակող գազեր, որոնք կործանարար ազդեցություն ունեն Երկրի օզոնային շերտի համար։ Դրանցից քլորֆտորածխածինները (ՔՖԱ-ներ (CFCs)) և հիդրոքլորֆտորածխածինները (ՀՔՖԱ-ներ (HCFC-s)) որպես սառնագենտ և որպես մղիչ նյութ օգտագործվում են սառնարանային տեխնիկայում, օդորակիչներում, աերոզոլային բալոններում։ Արտանետվելով վերնոլորտ՝ այս գազերը քայքայվում են՝ արձակելով քլորի և բրոմի ատոմներ, որոնք վնասում են օզոնը։

Նախաձեռնությանը միացել է նաև Վաղարշապատի համայնքապետարանը՝ իր օժանդակությունը բերելով իրականացվող գործընթացին:

***
Նախագիծն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի աջակցությամբ։