Հայտերի ընդունում | «Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբար 2021

Եթե երիտասարդ ես և ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում, ցանկություն ունես ստանալ գիտելիքներ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության եւ այլ ոլորտներից, ձեռք բերել հմտություններ և կարողություններ ծրագրեր իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու, եւ վերջապես, ստանալ դրամական աջակցություն համայնքում քո գաղափարն ու նախաձեռնությունն իրականացնելու եւ համայնքիդ աջակցելու համար, ապա այս ծրագիրը հենց քո համար է:

Մեկնարկում է «Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբարի» 2021 թվականի հայտադիմումների ընդունումը։

«Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբարն արդեն երրորդ տարին է իրականացվում և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է։ Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում մարդու իրավունքների, սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ՝ երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը եւ բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։

2019- 2020 թթ․ ճամբարի շրջանակում կարողացել ենք համայնքային զարգացման 14 գաղափար կյանքի կոչել։ Իրականացված ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Այս տարի ճամբարին կարող են դիմել Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ապրող 18-23 տարեկան երիտասարդները։ Ընտրության փուլերից հետո դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել կարողությունների զարգացման յոթօրյա կրթական ճամբարին, որին կհաջորդեն ծրագերի ընտրության և իրականացման փուլերը։

Ճամբարի շրջանակում կրթական դասընթացները նախատեսված են հուլիս ամսին։ Աշնանն արդեն կմեկնարկի ընտրված ծրագրերի իրականացման փուլը։

Եթե հետաքրքված եք ծրագրով, լրացրեք հայտադիմումը մինչև մայիսի 31-ը։

«Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Շտապե՛ք, դիմել մեր զիլ ճամբարին ու զարգացնել սեփական համայնքը)