Ամփոփեցինք «Հոդված 3» ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերը

Ամփոփեցինք «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը։ Ավարտվեց այս ճամբարը, բայց շատ շուտով կմեկնարկի նորը` 2021թ. ճամբարը և նոր խմբերը, նոր եռանդով ու գաղափարներով կլծվեն իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման գործին։

2020 թվականի ճամբարի բոլոր մասնակիցներին հյուրընկալեցինք «Հոդված 3» ակումբում՝ ամփոփելու ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման նախագծերի արդյունքները և կիսվելու դրանց իրականացման ընթացքում ստացած վառ հիշողություններով։

Հանդիպմանը հյուրընկալեցինք նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, որը մասնակիցների հետ քննարկեց ներկա մարտահրավերները հաղթահարելու ուղիները և պատասխանատու քաղաքացի լինելու կարևորությունը։

Ճամբարի մասնակիցները ներկայացրեցին դրամաշնորհ ստացած նախագծերի իրականացման ընթացքը, իսկ վերջում՝ բոլորը ստացան վկայականներ և նվերներ։
_ _
«Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է։ Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում մարդու իրավունքների, սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։

2019-2020 թթ․ ճամբարի շրջանակում կարողացել ենք համայնքային զարգացման 14 գաղափար կյանքի կոչել։

Առաջարկում ենք ծանոթանալ իրականացված ծրագրերին՝ 2020 և 2019։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։