Առողջապահության ոլորտ. շատերին անհասանելի  պետպատվեր ու փակուղի մտած քրեական գործեր 

Առողջապահության ոլորտ. շատերին անհասանելի  պետպատվեր ու փակուղի մտած քրեական գործեր 

 

«Պետպատվերի համար գումարն ավարտվել է, պետք է սպասեք». այս արտահայտությունը վերջին երկու տարվա ընթացքում  Արցախյան երեք պատերազմի մասնակից Գևորգ Իսունցը հաճախ է լսել։ 

 

Նա 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է ոտքը, վիրավորել նաև ձեռքը։ 2021-ին Իսունցը պրոթեզավորվել է՝ տանելով ձեռքի կրկնակի վիրահատություն։ Ձեռքի երրորդ վիրահատության ժամանակ բժիշկը հայտնել է, թե պետպատվերի գումարն ավարտվել է 2021-ի համար։ Հաջորդ տարի հաջողվել է ևս մեկ վիրահատություն իրականացնել, որից հետո անհրաժեշտություն է առաջացել ջիլ փոխել։ Այդ ընթացքում Իսունցին կրկին հայտնել են, թե սպառվել է պետպատվերի համար գումարը։

 

«2022-ի ապրիլին իրականացրին հերթական վիրահատություն, հետո նորից պետք է վիրահատություն իրականացնեին, ջիլ պետք է ավելանա, բայց ինձ Միքայելյանի ինստիտուտից ասացին, որ պետպատվերը հանված է»,- նշում է պատերազմի մասնակիցը։

 

Նրա խոսքով՝ սրան գումարվել է կարգի փոփոխությունը. «Ես 2-րդ կարգում էի, հանել են ու նշանակել 3-րդ կարգ։ Երբ նման որոշում կայացրին, հետաքրքրվեցի, թե՞ ոտքս է ավելանալու, որ նման փոփոխություն են արել»։

 

Պետպատվեր. ինչպես է այն ձևավորվում

 

Պետպատվերի գումարների սպառնման մասին լուրերը ակտիվացան 2021-ի հուլիս-օգոստոսին։ Այս խնդիրը նախկինում ևս եղել է, սակայն այն ավելի սրվեց 2020-ի պատերազմից հետո և հատկապես 2021-ին, երբ պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին դիմել հիվանդանոցներ։

 

Ի՞նչ է պետպատվերը ու ինչպես է այն ձևավորվում․ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկումը առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող լրիվ փոխհատուցումն է։ 

 

Յուրաքանչյուր տարի առողջապահության նախարարությանը հատկացվում է բյուջե, որը համամասնորեն բաժանվում է եռամսյակային կտրվածքով։ Կախված դիմելիության աճից՝ եռամսյակային համամասնությունները լրանում են։ Բյուջեի ծավալից անկախ է գործում անհետաձգելի բժշկական օգնությունը։ 

 

Առողջապահության նախարարության գրավոր պատասխանի համաձայն՝ բուժհաստատությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են թվով 54 ենթամիջոցառումների համար: Ինչ վերաբերում է հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը, ապա պլանային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման սկզբունքով, իսկ անհետաձգելի բուժօգնության մատուցումը պայմանավորված չէ պայմանագրային գումարի համամասնությունների սպառմամբ: Միևնույն ժամանակ պետական բյուջեի թվով 4 ծրագերի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով, այսինքն՝ բուժհաստատությունները ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց ամբողջ ծավալով:  

 

Նշվում է նաև, որ առողջապահության նախարարի 2022-ի օգոստոսի 17-ի 3779-Լ հրամանի՝ բուժհաստատությունների պայմանագրային գումարներում արդեն իսկ կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ հիմք ընդունելով նրանց տարեկան կանխատեսվող կատարողականների ծավալները: 

 

«Վերը նշված հրամանով պայմանագրային գումարների համապատասխան փոփոխությունները կնպաստեն ընթացիկ տարում կուտակված հերթերի նվազմանը»,- համոզված են նախարարությունում։

 

Գերատեսչությունը ոլորտային հարցերից առաջնայինն է համարում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրումը, «որը հնարավորություն կտա լուծել ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ»: 

 

Պետպատվերի խոսուն թվերը 

 

Պետպատվերի հատկացումների վերաբերյալ տվյալները հասանելի են Արմեդ համակարգում։ 

Ուսումնասիրենք սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության բաժինը։ Քարտեզի միջոցով ներկայացրել ենք, թե որքան գումար է նախատեսված եղել բյուջեով և որքանն է առկա։

 

ՔԱՐՏԵԶ

 

“>

 

«Պետպատվերը սպառվել է» կամ «հերթագրվեք, հենց լինի, պետպատվեր, կկանչենք» արտահայտություններն ավելի տեսանելի են դառնում, երբ վերլուծում ենք այս թվերը։

 

Հասկանալի էր եւ հեշտ կանխատեսելի, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով հաջորդող մի քանի տարիներին պետպատվերով վիրահատությունների եւ բուժման ծախսերը պետք է մի քանի անգամ աճեին՝ 2021-ի համեմատությամբ հատկացումները կրկնապատկվել են, սակայն կրկին չեն բավարարել։

Պետությունը 2021-ին բժշկական կազմակերպություններին հատկացրել է շուրջ 12 մլրդ դրամ։

2022-ին սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության համար տրամադրվել է շուրջ 26 մլրդ դրամ գումար, որից արդեն օգոստոսի դրությամբ առկա էր 4,1 մլրդ դրամը, այսինքն՝ հատկացված գումարի ընդամենը 16 տոկոսը։ 

Թե ինչու են մեր այս հոդվածի հերոսին՝ Արցախյան երեք պատերազմի մասնակից, ներկայում Երևանում բնակվող Գևորգ Իսունցին ու անկասկած շատերին հայտնում, որ պետպատվերով հերթական վիրահատություն անցնելու համար հարկավոր է հերթագրվել ու սպասել, առավել ակնառու է դառնում, երբ նայում ենք մայրաքաղաքի պատկերը. շուրջ 11 մլրդ դրամ գումարից մնացել է 3 մլրդ դրամը, այսինքն՝ առկա է ընդհանուր միջոցների շուրջ 28 տոկոսը։

Իսունցը բուժվում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որին հատկացրել են ավելի քան 453 մլն դրամ, ներկայում առկա է 123 մլն դրամը։ 

ԳՐԱՖԻԿԱ

 

Արդյունք չտվող քրեական գործեր. Արա Մինասյանի քրեական գործը

 

Առողջապահության ոլորտը, սխալ կլինի, ասել, որ ամենառիսկայիններից է կոռուպցիոն հանցագործությունների տեսանկյունից։ 2021-ին այս ոլորտի 62 աշխատակից ներգրավվել է տարբեր քրեական գործերում, 2020-ին՝ 48-ը։ Ամենաշատը քրեական հետապնդման են ենթարկվել բժիշկները՝ 26 հոգի, պոլիկլինիկայի տնօրեններից 2-ը։

 

Այս ոլորտի աղմկահարույց կոռուպցիոն գործերից մեկով անցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը։ Գործը, սակայն, արդեն 4 տարուց ավելի է տեղից չի շարժվում։

 

2018-ի նոյեմբերին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Արա Մինասյանը 2016-2017-ին փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է 426 միլիոն դրամի չափով գումար։ Ի սկզբանե, իրավապահներին չէր հաջողվել գտնել Մինասյանին, ուստի նրա հանդեպ հայտարարվեց հետախուզում։ 

 

Մինասյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար:

 

Այս գործից անցել է շուրջ չորս տարի, սակայն քննիչներն առ այսօր չեն հայտնաբերել Մինասյանին։ ՀՀ քննչական կոմիտեից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «նկատի ունենալով, որ քննությամբ չի պարզվել Արա Մինասյանի գտնվելու վայրը և նա թաքնվում է քննությունից, ուստի վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»։

 

Ի դեպ, վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, բայց թե ովքեր են նրանք ու կոնկրետ ինչ հանցանքների համար են մեղադրվում, ՔԿ-ն չի մանրամասնել։ 

 

Բժշկական հաստատությունների շենքային պայմանները

 

2018-ից հետո մարզերում մեկնարկել են 8 բժշկական հաստատությունների արդիականացման ծրագրեր, այդ հաստատություններ են՝ Վայոց Ձորի մարզային հիվանդանոց, Թալինի, Չարենցավանի, Մասիսի, Սիսիանի և Մարտունու ԲԿ-ներ, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն և Ծաղկահովիտի ԱԿ։ Շինարարական աշխատանքները կազմելու են 14 մլրդ դրամ։ 

 

Երևանում 2022-ին պետք է մեկնարկի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» և «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» արյան բանկի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է նաև մաշկաբանական և այրվածքաբանական ծառայությունների և համապատասխան ենթակառուցվածքի շենքային պայմանների բարելավում։

 

Մինչդեռ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված են 50 առողջապահական հաստատություններ, որոնց շենքերը ենթակա են վերակառուցման կամ որոնց համար նախատեսվում է կառուցել նոր շենքեր։

 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատությունների արդիականացման նպատակով 2022-ին արդեն իսկ տրամադրվել է շուրջ 5,4 մլրդ դրամ գումար, իսկ 2,3 մլրդ դրամ դեռ նախատեսվում է տրամադրել։

 

Գևորգ Թոսունյան

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: