ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․հետահայաց նամակներ» լուսանկարչական ցուցադրություն

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, կայացավ եւս մեկ միջոցառում «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․հետահայաց նամակներ»
լուսանկարչական ցուցադրությունը, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի համակարգող Արմեն Գրիգորյանն ու «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շեշտեց, որ այս օրը նշանավորող եւ բազում իրավական փաստաթղթերի հիմք դարձած Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան որպես փաստաթուղթ կենսագործվում է նաեւ նման միջոցառումների, տարբեր ծրագրերի միջոցով՝ բարձրացնելով հանրության իրավագիտակցությունն ու մարդու իրավունքների հարցերի նկատմամբ զգայունությունը։
Լուսանկարների եւ հետահայաց նամակների ցուցադրությունը յուրահատուկ նախագիծ է, որը ներկայացնում է տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաեւ իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ։
Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են անդառնալի կորուստների, պատերազմի, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։
Հերոսներն իրենք են որոշել թե ում են հղում իրենց նամակը եւ կիսում մտորումներն ու ապրումները՝ խնդիրների բարձրաձայնման այս հնարավորությունը դարձնելով ինքնահայեցման եւ ընթերցողի հետ անկեղծ զրույցի մտերմիկ պահ, նաեւ բացառիկ հնարավորություն՝ ուղերձ հղելու նույնպիսի դժվարությունների միջոց անցնող կանանց․ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, պետք է միայն պայքարելու ուժ գտնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Անի Գեւորգյան
Նելլի Շիշմանյան
Նազիկ Արմենակյան
Սուսինա Խաչատրյան
Վաղինակ Ղազարյան
Փիրուզա Խալափյան
Նախագիծն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։