Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. ո՞րն է հայաստանի անելիքը

Փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումը, իսկ մինչ այդ Մոսկվայի կողմից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը վկայում են հետխորհրդային տարածաշրջանում ուժերի վերադասավորման գործընթացի, իսկ Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխման մասին:
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս երկու գործընթացների վերաբերյալ ընդգծված զուսպ է: Միևնույն ժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները, հատկապես, Բաքու-Մոսկվա դաշնակցության վերաբերյալ հռչակագրի կնքումը համարում են ՀՀ իշխանությունների ձախողումը, քանի որ արդյունքում «Երևանը զրկվում է տարածաշրջանում ՌԴ-ի միակ դաշնակիցը լինելու առավելությունից»:
Իրավիճակը միանշանակ չի ընկալվում նաև հանրային տիրույթում: Կախված քաղաքական հայացքներից ու դիրքորոշումներից` հանրության մի մասը ողջունում է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը` կարծելով, որ դա կմոտեցնի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Մյուսներն, ընդհակառակը, դատապարտում են ՌԴ-ին երկակի չափորոշիչների կիրառման համար։
Մտահոգություններն ավելի առարկայական են դառնում Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խորացման ֆոնին, երբ զոհասեղանին կարող է հայտնվել նաև արցախյան հիմնահարցը: Մանավանդ, որ վերջինիս ընթացքի վրա պաշտոնական Երևանի ազդեցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո խիստ սահմանափակ է:
Ուկրաինական ճգնաժամի հնարավոր խորացման, ռուս-ադրբեջանական դաշնակցային կապերի հաստատման հնարավոր հետևանքներին ու նոր իրավիճակում Հայաստանի դիրքավորման հնարավորություններին հանգամանորեն կանդրադառնանք փետրվարի 24-ին, ժամը` 14:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի` «ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԵՆ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵԼԻՔԸ» թեմայով քննարկմանը:
Բանախոսներն են.
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՌԻԼՈՎ, ՌԴ գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ