Մանիպուլյացիա և թյուրըմբռնում․ թիրախում իրավապաշտպաններն են

2018 թվականի իշխանափոխությունից հետո ընդդիմադիրի կարգավիճակում հայտնված  նախկին իշխանությունների, նրանց արբանյակների և ԶԼՄ-ների  թիրախում հայտնվեցին իրավապաշտպաններն ու ակտիվիստները։

Վերջիններս արժանացել էին նորաթուխ ընդդիմադիրների զայրույթին երկու հիմնական պատճառով․ նախքան իշխանափոխությունը մշտապես բարձրաձայնել են երկրում առկա մարդու իրավունքների խախտումների, իշխանությունների թերացումների, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման բազմաթիվ փաստերի մասին և դրանով իսկ որոշակիորեն նպաստել են հանրային ցասման հասունացմանը, որի արդյունքում էլ 2018-ի հնարավոր դարձավ իշխանափոխությունը։

Սակայն երկրորդ պատճառն այլ էր եւ ավելի հեռահար՝ իշխանափոխությունից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց գիտելիքով և փորձով նպաստելու էին երկրում արմատական բարեփոխումների իրագործմանը, որոնց բարեհաջող ընթացքի դեպքում նախկին իշխանությունները ոչ միայն հնարավորություն ու հույս չէին ունենալու վերադարձնել կորցրած իշխանությունը, այլև նրանցից շատերը դատապարտված և ունեզրկված կլինեին։

Վերջին հանգամանքը իրապես անհանգստացնող էր նախկին իշխանությունների և նրանց արբանյակների համար։ Քաղաքացիական հասարակությունը նրանց համար առավել վտանգավոր թվաց, երբ 2018 թվականի դեկտեմբերին մի շարք հասարակական կազմակերպությունների և «Բաց հասարակություն հիմնադրամներ — Հայաստան»-ի կողմից հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ, ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը։

Այն ներառում էր արդարադատության վերականգնման, անցումային արդարադատության գործարկման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական իշխանության ձեւավորման, կրթության լայնածավալ բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, տարածքային համաչափ զարգացման, ընտրական օրենսգրքի նորոգման, իշխանության ճյուղերի իրական տարանջատման եւ այլ ոլորտներում արմատական բարեփոխումների ուղղությունները:

Համոզվելով, որ քաղաքացիական հասարակությունը սկզբունքորեն դիրքավորվում է որպես բարեփոխումների առաջամարտիկ, կառավարության ընդդիմախոսներն իրենց համար գլխավոր թիրախ ընտրեցին իրավապաշտպաններին ու ակտիվիստներին՝ նպատակ ունենալով նրանց հեղինակազրկելով խզել կառավարություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը և տապալել բարեփոխումների գործընթացը Հայաստանում՝ ապացուցելով, որ հեղափոխությամբ իշխանության եկած կուսակցությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում կատարել իր խոստումները։

Կեղծիք և մանիպուլյացիա

Իշխանափոխությանը հաջորդած առաջին 2 տարիներին նախկինում իշխանություն ունեցող կուսակցություններն առավել պասիվ էին, փոխարենը Փաշինյանի սուր քննադատողի դիրքերը զբաղեցնում էին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, ով հիմնադրեց «Վետո» շարժումը, և Արթուր Դանիելյանի կողմից ղեկավարվող «Ադեկվադ» շարժումը, որը հետագայում գրանցվեց որպես կուսակցություն։

Ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ Atlantic Council-ի Digital Forensic Research Lab-ի փորձագետների հետաքննությունը պարզել էր, որ այդ և նրանց հետ համագործակցող անձինք կապ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս երկու շարժումներն էլ իրենց թիրախում պահում էին ոչ միայն Փաշինյանի կուսակցությանը, այլև քաղաքացիական հասարակությանը, որին սկսեցին պիտակավորել որպես «սորոսականներ»։

            Գրեթե ամենօրյա ռեժիմով Մալյանը խոսում, գրում, որևէ գործողություն էր նախաձեռնում ընդդեմ «սորոսականների»։ «Վետո» շարժման գրասենյակում նա տեղադրել էր Ջորջ Սորոսի սիլուետը և «Սորոսի գործակալական ցանցը ՀՀ-ում» վերտառությամբ պատ էր ստեղծել, որի վրա փակցրել էր գրեթե բոլոր ակտիվ իրավապաշտպանների, ակտիվիստների, քաղաքական և հասարակական գործիչների լուսանկարները։ Հիմնական մեղադրանքը մեկն էր․ այդ մարդիկ, ըստ Մալյանի, գումար են ստացել Ջորջ Սորոսի ստեղծած «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից և այդ փողերի դիմաց «քանդել են» երկիրը։

Իհարկե, քանդելու կոնկրետ և հատկապես փաստարկված օրինակներ գրեթե երբեք չէին ներկայացվում, դրա կարիքն էլ կարծես չկար, քանի որ Մալյանին եթեր տրամադրող ԶԼՄ-ները գրեթե երբեք էլ նրանից փաստեր չեն պահանջել։ 2020 թվականի դեկտեմբերին «սորոսականների» մասին Մալյանի ստեղծած ֆիլմում «Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ, ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը Մալյանը յուրովի վերլուծում է հակառուսականության դիտանկյունից՝ շեշտադրելով, որ այդ բարեփոխումների իրագործման արդյունքում հնարավորություն կստեղծվեր «վերախմբագրելու անցյալը, չեղարկելու միջազգային պայմանագրերը, օրենքներն ու փաստաթղթերը։ Մեր դեպքում դա կարող է լինել, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելը»։

Մալյանի՝ մանիպուլատիվ գործունեության, նրա կողմից տարածվող ապատեղեկատվությունը հերքելու վերաբերյալ միայն Փաստերի ստուգման հարթակը գրեթե 2 տասնյակ նյութ է հրապարակել։ Նույն հարթակում մոտ 2 տասնյակ նյութեր են հրապարակվել նաև «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանի հայտարարությունների վերաբերյալ։

Վերջինս ակտիվիստներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով աչքի էր ընկնում դեռևս նախքան 2018-ի իշխանափոխությունը։ Ամենացցուն օրինակը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Դանիելյանի այն կեղծ պնդումներն էին, թե իբր 2018-ի փետրվարին Երևանի ավագանիում ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին բռնության ենթարկելը կազմակերպված էր, և հենց այդ պատճառով դեպքից «րոպեներ անց» քաղաքապետարանի մոտ հայտնվեցին ակտիվիստներ, որոնք հանդես էին գալիս բռնության դեմ։

Այնինչ, ակտիվիստների ակցիան իրականում տեղի էր ունեցել բռնությունից ավելի  քան 5 ժամ անց, աշխատանքային օրվա ավարտին, երբ բռնության կադրերից ցնցված քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց։ Հենց տեղում իրենց հետ բերած թղթերի վրա ակտիվիստները գրել էին կոչեր, բռնությունը քննադատող խոսքեր։ Այդ ամենը թեև հեռարձակվել էր ուղիղ եթերով, սակայն չէր խանգարել Դանիելյանին հեռուստաեթերում ակնհայտ սուտ տեղեկություն տարածել։

Սակայն հատկանշական է, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը եւ նրանց հետ համագործակցող կամ նույն խոսույթները տարածող անձինք գրեթե միաժամանակ   հայտարարեցին, որ հեռանում են հանրային դաշտից, սակայն, ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։ Իրավապաշտպաններին թիրախավորելու գործով սկսեցին զբաղվել նախկինում իշխանություն զբաղեցրած կուսակցություններն ու նրանց աջակիցները։

Վերջին տարիներին մալյանական պարզունակ «սորոսականության» թեզին գումարվել է իրավապաշտպաններին հեղինակազրկելու մեկ այլ մանիպուլյատիվ գործելակերպ։ Որևէ ընդդիմադիր գործչի կամ ընդդիմության հավաքներին մասնակցող անձանց հետ տեղի ունեցած գրեթե բոլոր միջադեպերից հետո գտնվում են մի խումբ մարդիկ, որոնք բղավում են «իսկ որտե՞ղ են իրավապաշտպանները», «ինչո՞ւ են լռում», «ինչո՞ւ են հանդուրժում բռնությունը»՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իրավապաշտպանները կողմնակալ են և արձագանքում են միայն նախկին իշխանության իրավախախտումներին։ Սա այն պարագայում, երբ ընդդիմության երթերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները արժանացել են քննադատության ինչպես իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, այդպես էլ անհատ իրավապաշտպանների կողմից։

Բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապաշտպաններին հեղինակազրկելու համար շրջանառվում են ոչ միայն մանիպուլյատիվ, այլև ակնհայտ կեղծ տեղեկատվություն։ Օրինակ, գրող և որպես տվյալագետ հանդես եկող Բյուրակն Իշխանյանը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կանանց անունից մի հայտարարություն էր նախաձեռնել, որով կանանց իրավունքների պաշտպաններին ուղիղ տեքստով մեղադրում էր կանանց նկատմամբ բռնությունը որպես ազգայինհատկանիշ ներկայացնելու մեջ։ Այս ակնհայտ կեղծիքը հերքվում է ոչ միայն իրավապաշտպանների բազմաթիվ հարցազրույցներով, որտեղ նրանք ընդգծում են, որ կանանց նկատմամբ բռնությունը հայկական ֆենոմեն չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում, այլև նրանով, որ կանանց իրավունքների պաշտպանները ավելի քան տասը տարի միջոցառումներ են կազմակերպում նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը։

Նույնպիսի ակտիվություն է ցուցաբերվում նոյեմբերի 25-ից սկսվող 16-օրյակի շրջանակներում, երբ ամբողջ աշխարհում ընդդեմ գենդերային բռնության ակտիվության օրեր են։ Բյուրակն Իշխանյանի՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող հայտարարությանը 2 ամսում միացել է ընդամենը 40 օգտատեր։

               Իսկ Բյուրակն Իշխանյանի եղբայրը՝ Հովհաննես Իշխանյանը, առցանց հարթակում ստորագրահավաք է սկսել իրավապաշտպանների գործունեության դեմ։ Նախկինում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում աշխատած Հովհաննես Իշխանյանը կոչ է անում «կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը»։

 Օգոստոսի 17-ի դրությամբ կոչի ներքո ստորագրել է ընդամենը 146 օգտատեր։ Հանրային աջակցության բացակայությունը սակայն չի խանգարում ընդդիմադիր ԶԼՄ-ներին թեմայի վերաբերյալ եթեր տրամադրել Իշխանյանին, որի ժամանակ նա պնդում է, թե «այսպես կոչված իրավապաշտպանների մղիչ ուժը ցեղասպան պետությունների փողերն են»։ Ի դեպ, թերևս պարադոքսալ է այն, որ նույն Հովհաննես Իշխանյանի լուսանկարը փակցված էր Նարեկ Մալյանի «գործակալների պատին» ՝ իրավապաշտպան ՀԿ-ում աշխատելու և «ցեղասպան պետությունների» տրամադրած դրամաշնորհներից աշխատավարձ ստանալու հիմքով։ Այսօր Իշխանյանը, ըստ էության, շարունակում է Մալյանի՝ կիսատ թողած գործը։

Թյուրըմբռնում և անհիմն ակնկալիքներ

Արդարև իրավապաշտպաններին մեղադրող հայտարարությունների ոչ բոլոր հեղինակներն են միտումնավոր թիրախավորում նրանց։ Որոշների դեպքում գործում են իրավապաշտպանների և ակտիվիստների գործունեության վերաբերյալ պարզ թյուրըմբռնումները։ Մարդկանց երբեմն թվում է, որ եթե որևէ ակտիվիստ կամ իրավապաշտպան ակտիվ է եղել որևէ խնդրի հարցում, ապա նա պարտավոր է նույնպիսի ակտիվություն ցուցաբերել նմանատիպ այլ խնդիրների առկայության դեպքում ևս։ Սա մի կողմից հասկանալի է, քանի որ մարդկանց մեծամասնությունը չեն պատկերացնում, թե ինչ է իրավապաշտպանությունը, ակտիվիզմը։ Նրանց թվում է, որ միշտ նույն մարդկանց խումբը պետք է զբաղվի որևէ խնդրով․ սա նաև պատասխանատվությունը իրենցից մեկ ուրիշի վրա դնելու փորձ է։

Օրինակ, երբ ականատես են լինում կնոջ նկատմամբ բռնության, փոխարեն իրենք միջամտեն, անտարբեր չլինեն, բարձրաձայնեն, ակնկալում են, որ դա միայն կանանց իրավունքների պաշտպանների գործն է։ Այսպիսով նաև փորձ է արվում արդարացնելու սեփական անգործությունն ու անտարբերությունը։

Կանանց իրավունքների պաշտպանների վերաբերյալ նաև մոլորություն կա․ մարդկանց հաճախ թվում է, որ իրավապաշտպանները ոչ թե կանանց իրավունքների, այլ հենց կանանց պաշտպաններ են, այսինքն՝ ցանկացած պարագայում եթե որևէ կնոջ հետ որևէ դեպք է պատահել, իրավապաշտպանները պետք է արձագանքեն։ Օրինակ, երբ կին ցուցարարի են բերման ենթարկում կամ փողոցից հեռացնում, ոմանք ակնկալում են, որ կանանց իրավունքների պաշտպանները դրան պարտավոր են արձագանքելու։

Այդպիսի հայտնի միջադեպերից էին 2020 թվականի հունիսին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը փակած ԲՀԿ-ական կին պատգամավորներին փողոցից հեռացնելը, 2022 թվականին Դիմադրության շարժմանը մասնակցող կանանց բերման ենթարկելը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի և ոստիկանների միջև տեղի ունեցող հայտնի միջադեպերը, որոնցից հետո կանանց իրավունքների պաշտպաններին մեղադրում էին լռելու համար։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ կանանց իրավունքների խախտումները առանձնացվում են մարդու իրավունքների խախտումներից այն փաստով, որ իրավախախտման հիմքը գենդերային է, այսինքն՝ սեռով պայմանավորված, հաճախ պայմանավորված սեռերի վերաբերյալ խտրական, կարծրատիպային ընկալումներով և հասարակության ակնկալիքներով։

Եթե խախտվել է կնոջ իրավունքը, սակայն խախտման հիմքը որևէ կերպ հնարավոր չէ կապել նրա սեռի հետ, ապա տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, ոչ թե կանանց իրավունքների խախտում։ Այս տարբերությունը, իհարկե, շատերը գուցե չհասկանան, և հենց սա է հնարավորություն ստեղծում որոշ խմբերի թիրախավորելու և հեղինակազրկելու կանանց իրավունքների պաշտպաններին։

Մեկ այլ հայտնի օրինակ է, երբ Ամուլսարում հանքարդյունաբերության դեմ պայքարող բնապահպան ակտիվիստներից ակնկալում են, թե նրանք պետք է ցանկացած բնապահպանական խնդրի դեպքում պայքարի առաջնագծում լինեն։ Որոշ մարդկանց թվում է, թե ակտիվիզմը աշխատանք է կամ կյանքի առաքելություն, որից շեղվել չի կարելի։ Այնինչ, ակտիվիզմը հիմնականում սահմանափակված է տեղանքով ու ժամանակով, ինչպես նաև՝ ռեսուրսներով։ Նույն անձը չի կարող լինել ամենուր, չի կարող մշտապես պայքարել՝ մոռանալով իր անձնական կյանքի, խնդիրների մասին։ Այս թերըմբռնումը հաճախ պատճառ է դառնում, որ ակտիվիստներին մեղադրեն կողմնակալության, որևէ պայքարում ակտիվ լինելու համար գումարներ ստանալու կամ այլ շահագրգռություն ունենալու մեջ։

  Իսկ երբեմն իրավապաշտպաններին քննադատողներն այնպիսի ծայրահեղության են հասնում, որ ակնկալում են, որ նրանք պետք է ջանասիրաբար  պաշտպանեն այն անձանց իրավունքները, որոնք տարիներ շարունակ վարկաբեկել, թիրախավորել, առցանց հարձակումներ են գործել իրենց դեմ։

Այստեղ տեղին է հիշել  բոլոր իրավապաշտպաններին «սորոսական» պիտակը փակցրած Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ Ռեստարտ շարժման ակտիվիստները փորձեցին նրան աղբամանը նետել․ թեև դա քննադատվել է որոշ իրավապաշտպանների կողմից, սակայն անգամ այդ պարագայում իրավապաշտպանները քննադատության թիրախ դարձան՝ Մալյանին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։

Լինի դա դիտավորության, թե թյուրըմբռնման հետեւանք՝ այնուամենայնիվ, հասարակության մեծամասնության մոտ մեդիագրագիտության բացակայության պայմաններում նախկին իշխանության և ներկայիս ընդդիմության ներկայացուցիչներին հիմնականում հաջողվում է կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվություն շրջանառել իրավապաշտպանների վերաբերյալ և մնալ անպատիժ, մանավանդ, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները հաճախ որևէ կերպ չեն հակադարձում կամ արձագանքում դրանց, իսկ իրավապահ մարմիններն իրենց ռեսուրսները կենտրոնացրել են միայն իշխանություններին հասցեագրվող ատելության խոսքը պատժելու վրա։

Արման Ղարիբյան

Իրավապաշտպան, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ