«ՀՈԴՎԱԾ 3․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ամենամյա մրցանակաբաշխություն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, կայացավ «ՀՈԴՎԱԾ 3․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը, Նիդեռլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսը, Շվեյցարիայի համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար եւ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք նաեւ ներկայացրեցին իրենց հատուկ մրցանակները մարդու իրավունքների տարբեր ոլորտներում աշխատող լրագրողներին։
Լրագրողական մրցույթին ներկայացվել էր շուրջ հարյուր հայտ, որից ժյուրիի անդամները՝ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը եւ վավերագրող ռեժիսոր, վիդեոլրագրող Սոնա Քոչարյանը, երեք անվանակարգերի շրջանակներում ընտրել էին 9 մրցանակիրներին։
Հատուկ մրցանակներ տրվեցին նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից։
Մրցանակակիրներին եւ մրցանակները կներկայացնենք հաջորդիվ՝ մյուս գրառումներում։

«ՀՈԴՎԱԾ 3․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն եւ ճիշտ մոտեցումների արմատավորումը։

Լրագրողական մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (European Endowment for Democracy) աջակցությամբ: