«Կրթությունը մեր ավանդույթներին չի հակասում»․ եզդի աղջիկները կրթություն ստանալու համար դեռ պետք է պայքարեն

21-ամյա Լենա Միրզոյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է։ Ինչպես ինքն է ասում՝ ո՛չ անունով, ո՛չ էլ ազգանունով չի տարբերվում որպես եզդի, դրա համար էլ ծանոթության հենց սկզբից ներկայացնում է ազգությունը, որով միշտ հպարտանում է։ Լենան իր համայնքի եզակին է, ով «համարձակվել է» ստանալ բարձրագույն կրթություն և այժմ համալսարանական ուսմանը զուգահեռ վարում է ակտիվ կյանք, մասնակցում է ուսանողական բազմաթիվ նախաձեռնությունների, ինչպես նաև դասավանդում է Ղուկասավանի դպրոցում ու մոտիվացնում նաև այլոց։
Կանանց պայքարը. հետահայաց նամակներ
«Հիմա դու առօրյա գործերից, մեծ ընտանիքի հոգսերի բեռից կքած, կիսափակված աչքերով լրահոսն ես թերթում ու ես հույս ունեմ, որ կհանդիպես նաև նամակիս։ Գրում եմ քեզ, որ կիսվեմ իմ պատմությամբ՝ հույսով, որ այն վարակիչ կդառնա, ու գոնե դու, որ վաղ ամուսնության, կրթություն չստանալու հետևանքով տեսել ես այդքան դժվարություն, զավականերիդ համար կփորձես կառուցել այլ ապագա։ Արդեն հարյուր տարուց ավելի է Ղուկասավանում հայերի հետ եզդիներ են ապրում, բայց, ի տարբերություն հայերի, եզդիները բարձրագույն կրթության չեն դիմում, շատ հաճախ անգամ դպրոցն են կիսատ թողնում։»