Տեղի ունեցավ «Շարժումից դեպի անկախություն» ֆիլմի ցուցադրությունը

Սեպտեմբերի 25-ին, Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված «Շարժումից դեպի անկախություն» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում ֆիլմի հեղինակի եւ Արամ Մանուկյանի հետ։

1988-ին սկսված շարժումը, որի նպատակը ԽՍՀՄ սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ձգտմանն աջակցելն էր՝ հանդիպելով Կրեմլի կոշտ հակազդեցությանը, աստիճանաբար դարձավ պայքար հանուն անկախության եւ ժողովրդավարության։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, իսկ 1989-ից նաեւ Հայոց համազգային շարժումն արեցին ամեն ինչ, որպեսզի ժողովրդին հեռու պահեն արկածախնդրությունից եւ Հայաստանն օրինական ճանապարհով դուրս բերեն Խորհրդային Միության կազմից։ Բայց անկախությունը հնարավոր եղավ նվաճել առաջին հերթին ժողովրդական զանգվածների քաղաքացիական կամքի եւ համառության շնորհիվ։
Ֆիլմն արխիվային ինքնատիպ տեսագրությունների շարք է։

Պատմության շատ դրվագներ ներկայացվում են առաջին անգամ։