Տեսաքննարկում․ Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները

 

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել:

Համաձայն փոփոխության՝ լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում: Ամրագրվում է նաև ֆինանսական թափանցիկության պահանջ: Լրատվամիջոցի կողմից օրենքով սահմանված հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` պետական մարմիններում ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները քաղաքական բանավեճի առարկա են դարձել խորհրդարանում՝ արժանանալով ընդդիմության քննադատությանը: Ընդդիմությունը վստահ է՝ սա ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող և սահմանափակող նախագիծ է: Կառավարող ուժի ներկայացուցիչները հակադարձում են` նման կանոնակարգումն ապահովելու է բարեխիղճ լրատվամիջոցների եւ հանրության ազատ խոսքի իրացման իրավունքը։

Հատկանշական է, որ նոր կարգավորումները արժանացել են ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ փորձագիտական հանրության ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, որոնք ահազանգում են, որ միտումները մտահոգիչ են, քանի որ սա առանձին գործընթաց չէ, այլ շղթայի մի մասնիկը:

Լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող կառավարող ուժի ներկայացուցիչների նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին հանգմանորեն անդրադարձանք հոկտեմբերի 29-ին,տեսակապի միջոցով «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսներն էին.

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ, միջազգային իրավունքի մասնագետ
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ
ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ, մեդիափորձագետ

 

Կարող եք հետևել մեզ Telegram-ում և Instagram-ում։
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին։