«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014-ից գործող համանուն նախաձեռնության հիման վրա, որի հիմնական աշխատանքային ուղղություններն էին Մարդու իրավունքների տարբեր ոլորտների հիմնահարցերի վերաբերյալ հոդվածաշարերն ու հաղորդաշարերը: Ծրագրերի իրականացման առաջին տարվանից աչքի ընկավ բարձր պրոֆեսիոնալիզմով, որի վառ ապացույցն են բազմաթիվ մրցանակները։ 2014-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մարդու իրավունքների ոլորտի խնդիրների վերաբերյալ լավագույն հոդվածի համար գլխավոր մրցանակը շնորհեց ծրագրի ղեկավար Գայանե Աբրահամյանին, ևս երկու խրախուսական մրցանակներ ստացան ծրագրի լրագրողներ՝ Գայանե Մկրտչյանն ու Գոհար Աբրահամյանը։ «Խոսքի ազատություն 2015» հատուկ մրցանակը ստացավ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը իր հեղինակած հեռուստահաղորդումների և դրանցում երկրի կարևոր քաղաքական, հասարակական խնդիրները բարձրաձայնելու համար:
Գայանե Մկրտչյան
2015-ին Գայանե Մկրտչյանի հոդվածը՝ Հաշմանդամ երեխաների մոր պայքարը հանուն լիիրավ կյանքի , «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից անցկացվող «Հաջողության պատմություն» լրագրողական հրապարակումների ամենամյա մրցույթում արժանացավ գլխավոր մրցանակին:
Աննա Մուրադյան
2015 թ. Աննա Մուրադյանի «Բախում հայի և հայի միջև. Ազգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու «աղանդավորների» քարկոծումն է» հոդվածն արժանացավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի առաջին մրցանակին։
Լիլիթ Առաքելյան
2016-ին Media Initiatives Centerի #tvapatum15 լրագրողական մրցույթից «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության շրջանակներում գրված Լիլիթ Առաքելյանի հոդվածը՝ «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» արժանացավ «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի գլխավոր մրցանակին՝ Homo Agendi (Գործող անձ) անվանակարգում:
Սառա Խոջոյան
2016-ին Կրոնական հարցերի շարունակական լուսաբանման համար ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ լրագրող Սառա Խոջոյանը:
Արման Ղարիբյան
2017-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հավասար հնարավորություններ» ամենամյա լրագրողական մրցույթի երկրորդ մրցանակին արժանացավ Արման Ղարիբյանը՝ «Պետական խաբկանք. քվոտային համակարգը չի լուծում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը» հոդվածի համար:
Գոհար Աբրահամյան
2017-ին «ՕՔՍՖԱՄ» և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» մրցույթում լավագույն առցանց հոդվածի մրցանակակիրը դարձավ Գոհար Աբրահամյանը՝ «Եթե ես պարտվեմ կնոջը, դա կլինի խայտառակություն». ընտրություններում կանայք մրցավազքից դուրս են» հոդվածով։