Ֆեյքեր, դավադրապաշտական տեսություններ, էթնոազգայնական նարատիվներ

Հայաստանում 2018-ից հետո առանձնահատուկ կերպով սկսեցին տարածվել տարատեսակ դավադրապաշտական տեսությունները, դեմոկրատական օրակարգը թիրախավորող կեղծ լուրերը, ծայրահեղ աջ, էթնոազգայնական մանիպուլյատիվ նարատիվները։ «Ֆաքթ չեքինգ» անող տարբեր կառույցների, անհատ հետազոտողների, այդ թվում, իմ հետազոտությունների եւ դիտարկումների նախնական ամփոփումը ցույց է տալիս, որ մինչ այժմ դրանք հիմնականում վերաբերել են հետեւյալ թեմաներին՝ Քովիդ, «ազգային արժեքների» պաշտպանության անհրաժեշտություն, սեռական կրթություն, կրթական համակարգի բարեփոխումներ, անվտանգային խնդիրներ, ազգային  եկեղեցի, իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների վավերացում։

Խնդրին առնչվող հետազոտություններից կառանձնացնեմ «Freedom House» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին» հետազոտությունը, «Սոցիոսկոպ» կազմակերպության «Դավադրության տեսությունները և հակագենդերային արշավները կորոնավիրուսի համատեքստում»  հետազոտությունը եւ «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» հետազոտությունը։ Բոլոր նշված աշխատություններում բավականին մանրամասն ներկայացվում եւ վերլուծվում են վերոնշյալ թեմաների շուրջ առկա հակադեմոկրատական  նարատիվները, վերջիններս տարածող սուբյեկտները եւ այլն։

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով տարբեր նյութեր եւ վերլուծություններ կարող եմ եզրակացնել, որ վերոնշյալ գրեթե բոլոր թեմաներով տարածվող կեղծ լուրերին եւ մանիպուլյացիաներին միավորում է առնվազն մեկ հանգամանք՝ դրանք մեծամասամբ հակաազատական բնույթ ունեն եւ տեղավորվում են ծայրահեղ աջ, էթնո-ազգայնական պոպուլիստական դիսկուրսի շրջանակներում։ Այն մասին, թե ի՞նչ է ծայրահեղ աջ պոպուլիզմը եւ ինչպիսի՞ն է ծայրահեղ աջ պոպուլիստական դիսկուրսը Հայաստանում կարող եք կարդալ իմ հետեւյալ հետազոտությունում։

Հայաստանյան հակադեմոկրատական նարատիվների բովանդակությունը եւ կոնտեքստը,  դրանց մաս կազմող ատելության խոսքի շեշտադրումները հիմք են տալիս ենթադրել, որ այդ նարատիվները մեծամասամբ օգտագործվել են երկրի դեմոկրատացմանը խոչընդոտելու եւ ազատական-դեմոկրատական արժեքները, ինստիտուտները վարկաբեկելու համար։ Հարկ է նշել, որ այդ ամենով զբաղվել են ոչ միայն իշխանություն կորցրած սուբյեկտները՝ մինչհեղափոխական շրջանի կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն կառավարությունների ներկայացուցիչները։ Վաղուց մարգինալ դարձած Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներից մինչեւ  ծայրահեղ աջական էքստրավագանտ ակտիվիստները, տարբեր պատճառներով, ակտիվորեն շրջանառել են հակադեմոկրատական նարատիվներ, զբաղվել են կեղծ լուրերի եւ մանիպուլյացիաների տարածմամբ։ Սակայն բոլոր այդ շրջանակներին միավորում է երկու բան՝ դեմոկրատական համակարգի, ազատական արժեքների նկատմամբ հակակրանքը եւ ատելությունը ներկայիս իշխանությունների հանդեպ։

Նաեւ պետք է նշեմ, որ քաղաքական եւ ռազմական ոլորտներին առնչվող ապատեղեկատվություն տարածել են նաեւ քաղաքական դաշտի իշխանական հատվածի որոշ ներկայացուցիչներ, ինչի մասին խոսել են նույն փաստեր ստուգող կառույցները եւ բարեխիղճ հետազոտողները։ Սակայն դավադրապաշտական տեսությունները, ատելության խոսք պարունակող ծայրահեղ աջ-պոպուլիստական, էթնո-ազգայնական նարատիվները տարածել են ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որոշակի շրջանակներ եւ անհատներ։

Հարկ է նաեւ նկատել, որ դավադրապաշտական տեսությունների, կեղծ լուրերի, հակադեմոկրատական նարատիվների զգալի հատվածը որոշ ուժեր տարածել են իրենց համար խիստ անբարենպաստ քաղաքական կոնյունկտուրա առաջանալուց հետո միայն։ Այս հանգամանքը հիմք է տալիս առաջ քաշել այն հիպոթեզը, որ վերոնշյալը օգտագործվել է որպես գործիք իրենց բիզնես-քաղաքական շահերը սպասարկելու գործում։

Օրինակ, դաշնակցականները կամ ԲՀԿ-ականները թավշյա հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածի սկզբնական փուլում երբեք չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը «Սորոսի դրածոն է եւ եկել է պետությունը քանդելու, գլոբալիստների շահերը սպասարկելու, Ղարաբաղը ծախելու եւ ազգայինը այլասերելու համար»։ Ավելին՝ նրանք որոշ ժամանակ եղել են Փաշինյանի կառավարության մասը եւ միայն իշխանական լծակները կորցնելուց հետո են սկսել շրջանառել նշված թեզերը։ Ի դեպ, այս փաստը կհետաքրքրի ծայրահեղ աջ պոպուլիզմը ուսումնասիրող ակադեմիական շրջանակներին, քանի որ ի դեմս այս քեյսի գործ ունենք ծայրահեղ աջ պոպուլիզմի կոնյուկտուրայնության օրինակի հետ։

Ապատեղեկատվությունը եւ ժողովրդավարական օրակարգի թիրախավորումը Հայաստանում այն աստիճանի մեծ չափերի է հասել, որ այդ փաստի վրա հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր միջազգային կառույցներ։ Օրինակ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնավորապես նշել է՝ «…Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները և խաղաղաշինությունը, դարձել են հարձակումների, մեղադրանքների և ատելության խոսքի թիրախ»:

Նկատվել է նաեւ, որ Հայաստանում շրջանառվող ապատեղեկատվության մի զգալի հատվածը օտարերկրյա ծագման է․ համենայնդեպս մանիպուլյատիվ, հակադեմոկրատական թեզերից շատերը վաղուց տարածում ունեն տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում եւ այլն։

Սակայն, եթե, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մանիպուլյատիվ նարատիվները արտասահամանյան ծագման են, ապա Լանզառոտեի կոնվենցիայի վավերացման դեմ արշավը՝ կարծես թե հայաստանյան «նոու-հաու» է։  Հավանաբար, դրանց հեղինակները մտածել են, որ կոնվենցիայի վավերացման գործընթացը լավ առիթ է, որ գրեթե այն ամենն ինչ ասվել է Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, որոշակի շտկումներով արտաբերվի նաեւ Լանզառոտեի կոնվենցիայի դեմ։

Եվ այստեղ վերադառնում ենք այն հարցին, որ հոդվածի առարկա հանդիսացող երեւույթները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խիսը որոշակի նպատակ են հետապնդել՝ ապալեգիտիմացնել երկրի դեմոկրատական օրակարգը, իջեցնել իշխանության եկած ուժի վարկանիշը, վարկաբեկել քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին եւ այդ ամենը փորձել անել հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այս ամենը մի մեծ ծրագրված, ուղղորդված որոշակի հակաարշավի բաղկացուցիչն է, այլ ոչ թե ծայրահեղ աջ, էնթո-ազգայնական պոպուլիստական ուժերի, այսպես ասած, բնականոն սովորական գործունեություն։

Սա, իհարկե, չի նշանակում, որ նշված երեւույթները տարածող բոլոր սուբյեկտները համաձայնեցված են գործել՝ շատերն ուղղակի տրվել են մոդային, կամ փորձել են այդ ծրագրված արշավի ալիքի վրա սեփական շահերն առաջ տանել եւ այլն։

Սակայն այստեղ հարց կարող է առաջանալ՝ իսկ ինչո՞ւ հենց վերոնշյալ բովանդակությամբ էր որոշվել թիրախավորել դեմոկրատական օրակարգը, քաղաքացիական հասարակությանը, կառավարող ուժին։ Կարծում եմ պատճառները մի քանիսն են։ Նախ, ծայրահեղ աջ պոպուլիզմը, որը ֆորմալ առումով հանդես գալով դեմոկրատական խաղի կանոնների շրջանակներում թիրախավորում է լիբերալ-դեմոկրատիան, վերջին տարիներին բավականին մեծացրել է իր ներկայությունը տարբեր երկրների քաղաքական լանդշաֆթում։  Փաստորեն աշխարհում ծայրահեղ աջ պոպուլիստական ուժերի կողմից ժամանակակից մի շարք թեմաներով ստեղծված բազմաթիվ նարատիվները տեղական հակադեմոկրատական ուժերը կարող են վերցնել, հարկ եղած դեպքում փոքր ինչ տեղայնացնել եւ տարածել։

Նկատվել է նաեւ, որ տարածվող նարատիվների զգալի մասը ռուսաստանյան ծագման է։  Հաշվի առնելով դրանք տարածող շրջանակների մեծ մասի պրոկրեմլյան կողմնորոշումները, մեծ հավանականություն կա, որ դրանք նաեւ տարածվում են Կրեմլից աջակցություն ստանալու ակնկալիքով՝ «տեսե՛ք, մենք ձեր նման ենք մտածում եւ պայքարում ենք ձեր թշնամիների դեմ»։

Չի բացառվում նաեւ, որ որոշ պատմույթներ հենց մերձկրեմլյան շրջանակներն են տարածում։

Էթնո-ազգայնական, ուլտրա-պահպանողական հայացքները լայն տարածում ունեն գրեթե ամենուրեք, այդ թվում՝ Հայաստանում, եւ մարդկանց հայրենասիրական զգացմունքների, պահպանողական հայացքների շահարկումը կարող է շատերին բնական դաշնակից դարձնել հակադեմոկրատական ուժերի հակաիշխանական, հակադեմոկրատական արշավում։ Բացի դրանից, այդ ամենը տարածողներից շատերը, առնվազն մասամբ, էթնո-ազգայնական գաղափարախոսության կրող են եւ այդ հողի վրա պատրաստված կեղծիքներ տարածելը ավելի հեշտ է, քան եթե այդ կեղծիքները լինեին այլ գաղափարախոսական բազայի վրա։

Այստեղ խոսենք նաեւ այն մասին, թե ինչի հիման վրա եմ եզրակացնում, որ ուսումնասիրվող երեւույթների մեծ մասը հակադեմոկրատական, հակաազատական ուղղվածության են։

Սկսենք իշխանությունների կամ քաղաքացիական հասարակության այս կամ այն ներկայացուցչի, սուբյեկտի,  «սորոսական» լինելու մասին նարատիվներից։ Հիշում եմ, երբ երջանկահիշատակ Տիգրան Կարապետյանը, իր սեփական հեռուստատեսությամբ` ԱԼՄ-ով խոսում էր Ջորջ Սորոսի (վերջինիս հունգարացի հրեա լինելու հանգամանքը հատուկ շեշտադրելով) եւ նրա «մութ», «դավադիր» գործերի, սոցիալական քարտերի միջոցով մարդկանց «չիպավորման» մասին, այդ ժամանակ այդպիսի թեզերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ, օրինակ, Ռուսաստանում, դիտարկվում էին որպես մարգինալ դիրքերում գտնվող ուլտրա-պահպանողականների «անշառ» պատմույթներ։ Եթե որեւէ վերլուծաբան, հասարակագետ ասեր, որ տարիներ անց այդպիսի նարատիվները մեյնսթրիմային են դառնալու բազմաթիվ երկրներում, որոշներում՝ դառնալով իշխանական պատմույթներ, մյուսներում, ինչպես, օրինակ, Հայաստանում՝ հանդիսանալով խոշոր ընդդիմադիր ուժերի պատմույթներ, այդ թվում դառնալով խորհրդարանական կուսակցությունների հիմնական նարատիվները՝ կարծում եմ, որ նման պնդում անողին կծաղրեին կամ առնվազն լուրջ չէին ընդունի ակադեմիական շրջանակներում եւ մեյնսթրիմային մեդիա միջավայրերում։

Իրականում «սորոսականության» նարատիվը այն մասին է, որ մարդիկ որեւէ ազդեցություն չունեն սեփական կյանքի, պետության կառավարման վրա եւ որ կա մեկը՝  «հզոր չարիքը», որը մեղավոր է բոլոր տեսակի անհաջողությունների, խնդիրների համար։ Այն էթնոզգայանական, հակադեմոկրատական ժամանակակից դիսկուրսի կարեւոր տարր է եւ հարմար գործիք է այդ դիրքերից հանդես եկող քաղաքական շրջանակների համար։ Նրանց ուղերձը հետեւյալն է․ Սորոսը գլոբալիստ է՝ մենք ազգային ենք, մենք պետություն ենք կառուցում իսկ սորոսականները՝ քանդում են, մենք բարոյականության ջատագով ենք, իսկ սորոսականները՝ անբարոյականության եւ այլն։ Հետաքրքրական է, որ մեր տարածաշրջանում սորոսականության նարատիվը հիմնականում առաջ են քաշում Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները, կրեմլամերձ շրջանակները, Վրաստանի էթնոազգայնական պահպանողական խմբերը, իսկ Հայաստանում` խորհրդարանական ընդդիմությունը, որոշ արտախորհրդարանական ուժեր եւ էնթնոազգայնական ռադիկալ խմբեր։ Ի դեպ, Ալիեւին, կրեմլամերձ որոշ քարոզիչներին եւ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությանը միացնում է առնվազն այն, որ բոլորը հայտարարել են, որ Փաշինյանը Սորոսի դրածոն է։

Հակադեմոկրատական էին նաեւ լայն տարածում գտած Կովիդի հետ կապված դավադրապաշտական տեսությունները, որոնցից մեկն էր, օրինակ, այն տեսությունը, թե իբր մարդկանց հեռավար կերպով կառավարելու համար 5G աշտարակներով ակտիվացված միկրոչիպեր են տեղադրում։ Այս տեսությունը հակադեմոկրատական է այն պատճառով, որ նման գաղափարները չեն ճանաչում որեւէ գիտական քննարկում, գիտական էքսպերտիզա եւ կոչված են դեմոկրատական աշխարհի նկատմամբ անվստահություն սերմանել՝ «տեսեք, չկա դեմոկրատիա, ինչ-որ ուժեր մարդկանց կառավարում են»` այս գաղափարն է ներմուծվում այսպիսի տեսություններ տարածողների կողմից։ Սա Հայաստանից դուրս ստեղծված եւ հակադեմոկրատական, ուլտրա-պահպանողական շրջանակների կողմից շրջանառվող դավադրության տեսություն է, որը լայնորեն տարածվում էր նաեւ Հայաստանում: Այս դավադրության տեսության շրջանառողների մեծ մասի տրամաբանությունը հետեւյալն էր՝ «տեսե՛ք, հայաստանյան իշխանություններն էլ մարդկանց կառավարելու համաշխարհային դավադրության մաս են, ուստի մի՛ վստահեք իշխանություններին»։

Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների դեմ ստեղծված նարատիվներին միավորում է այն, որ դրանք առաջ են մղում այն գաղափարը, թե իբր հայաստանյան իշխանությունները իրականացնում են հայկական ավանդական ընտանիքը քանդելու, երեխաներին այլասերելու, ազգային արժեքները անբարոյական գլոբալիստական արժեքներով փոխարինելու գլոբալիստերի ծրագիրը։

Այստեղ մենք նույնպես տեսնում ենք հակադեմոկրատական եւ ծայրահեղ աջ էթնո-ազգայնական նարատիվ։ Մարդու տարբեր իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները «ազգային արժեքներ» հասկացությանը հակադրելով մերժվում է այն փաստը, որ հասարակությունում տարբեր խմբերին պատկանող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորումներ գոյություն ունեն, մերժվում են բանավեճը, տարբեր խնդիրների լուծմանն ուղղված, կյանքի որակի, մարդու անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Առաջ է քաշվում ժամանակակից դեմոկրատական կոնցեպցիային հակասող հակագիտական այն գաղափարը, որ ժողովուրդը աստծո կողմից ստեղծված, ժամանակի մեջ անփոփոխ, բացառիկ պատմական առաքելություն ունեցող էթնոսն է։

Մեր հոդվածում շոշափվող թեման կարեւոր է այնքանով, որ մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես տարիներ շարունակ տարածվող հակագիտական, հակադեմոկրատական նարատիվները խորությամբ նստել են մարդկանց գիտակցության մեջ եւ սնուցում են հակադեմոկրտական ագրեսիվ վարք տարբեր երկրներում։ Ավելին, մենք տեսնում ենք, որ ոչ միայն խիստ ավտորիտար երկրներում է այդպես, այլ նաեւ Եվրամիության անդամ որոշ երկրներում, օրինակ՝ Լեհաստանում, Հունգարիայում։

Այսինքն, սա մի անմեղ բան  չէ, մեղմ ասած՝ այս պատմույթներն՝ բարդ երեւույթներին պարզ բացատրություններ տալու, մարդկանց էմոցիաների վրա խաղալու պատճառով ունեն որոշակի գրավչություն եւ դրանց միջոցով արդարացնում են բռնություն, իրավունքների ոտնահարում, դրանք օգտագործվում են ինքնարդարացման համար՝ պասիվ կամ ակտիվ կերպով այս կամ այն հակադեմոկրատական, հակաիրավական, կամ բռնություն պարունակող այս կամ այն քայլին աջակցելու համար։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ դրանց մեխանիզմները, ինչո՞ւ են դրանք տարածվում, ովքե՞ր են տարածում, արդյո՞ք հնարավոր է կանգնեցնել դրանց տարածումը, արդյո՞ք կա հակառակ պատմույթների տարածման կարիք եւ եթե այո՝ ապա ինչպե՞ս պետք է դրանք տարածել։ Խնդիրն արդիական է Հայաստանի համար, քանի որ բոլոր նշված երեւույթները ոչ թե միայն առանձին ծայրահեղ աջ մարգինալ խմբերի նարատիվներն են, այլ դրանք նաեւ օգտագործվում են մեյնթսրիմային՝ խորհրդարանական ընդդիմության, նախկին իշխանությունների եւ նրանց աջակիցների կողմից՝ Հայաստանի դեմոկրատական օրակարգը չեզոքացնելու նպատակով։

Ավելին, շատերը, տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ընդդիմանալով ներկայիս իշխանություններին կամ միացել են այս «խրախճանքին», կամ էլ, առնվազն երբեք չեն քննադատել կեղծիքներ, հակադեմոկրատական նարատիվներ տարածելու պրակտիկան՝ հավանաբար «պայքարում բոլոր միջոցները արդարացված են» սկզբունքը որդեգրելու պատճառով։

Հեղինակ`  Էդգար Վարդանյան, անկախ հետազոտող, քաղաքագետ

___________________________

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ

պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: