«Պատկերացնո՞ւմ ես, անցնում ես Շուշիի կողքով ու չես մտնում․․․»

59-ամյա Ջուլիետտա Առուստամյանը երկու անգամ անցել է փախստականի դժվար ճանապարհով՝ թողնելով ամեն բան երբեմնի հայրենի բնակավայրում։ Ու չնայած մեծ դժվարություններին, չի հուսալքվում, շարունակում է աշխատել ու աջակցել այլոց։

Կանանց պայքարը. հետահայաց նամակներ

«Մամ, կներես, որ չեմ գալիս։ Շիրիմդ մնաց Շուշիում․․․ քո շիրիմը, պապայի, քույրիկի․․․Մամ, ամեն բան մնաց Շուշիում․ կապերը, ծանոթությունները, սաղ մնաց էնտեղ․․․ ոչ մի բան չվերցրի. է՛լ ձեր նկարները, է՛լ երեխեքի օրագրերը, հիշում ե՞ս ինչ պարտաճանաչ էի գրում ամեն քայլերի մասին, ամեն սովորած նոր բառերը։ Պապայի՝ աքսորից վերադարձի գնացքի տոմսերը, որ էդքան խնամքով էսքան տարի պահել էիր, քո նվիրած ֆլեյտան, որ շատ թանկ ու դժվարությամբ էիր գնել, քամանչան, դաշնամուրս, իմ կիթառները, ընտանեկան վիդեոներ․․․ Տատիկի կախազարդը վերջին շրջանում հաճախ էի կրում, հիշում ե՞ս ինչքան էի սիրում, պատկերացնում ե՞ս, վերջին պահին դուրս գալուց դա էի ուզում գոնե վերցնել, էն էլ չգտա, ախր միշտ աչքիս առաջ էր։