Ո՞վ պետք է պաշտպանի երեխաների իրավունքները․

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ. տարիներ շարունակ չլուծված խնդիրներ, որոնք հանգեցնում են ողբերգական դեպքերի

2020-ի օգոստոսին Տավուշի մարզի Խաշթարակ գյուղում վեցամյա երեխայի մահվան մասին հանրությունն իմացավ իրավապահներից։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընտանիքում եղել է 7 երեխա, նրանք պարբերաբար ծեծի են ենթարկվել պապու և նրա դստեր կողմից։ Ընտանիքին ֆինանսապես օգնել են բոլորը՝ բարերարներից մինչև համայնքապետարան, բայց միաժամանակ բոլորը միայնակ են թողել նրանց ընտանեկան բռնության ոչ սովորական խնդրի հետ։

Հարևանները պատմում էին, թե հաճախ են տեսել՝ ինչպես են ծեծի ենթարկվել երեխաները, սակայն հարցին, թե ինչո՞ւ չեն դիմել իրավապահներին կամ խնամակալության հանձնաժողովին, պատասխանը մեկն է. «Էտ խնդիրը, իրենց ընտանեկան լուծելու հարց էր» կամ էլ՝ «Մենք ի՞նչ ասենք, մեր հարևանների հետ կապված ա խնդիրը, ի՞նչ անենք։ Ծնողները հոգեբանական խնդիրներ ունեն, բաժանված են, տատիկ-պապիկն են պահել»։ 

Խնամակալության հանձնաժողովն էլ կտրուկ հերքում էր պարբերաբար երեխաներին ծեծելու մասին պնդումները։

Նմանաբնույթ դեպքերը, ցավոք, քիչ չեն, երբ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն (ԽՀՀ) արդյունավետ չեն գործում, ինչն էլ ընտանիքներում հանգեցնում է ողբերգական իրավիճակների։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Երևանում խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված լիազորությունները քաղաքապետի անունից իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները (ՀՀ կառավարության 2016-ի, N 631-Ն որոշում): Այդ մարմիններին կից ստեղծվում են համանուն հանձնաժողովներ, որոնք գործում են հասարակական հիմունքներով, դրանցում  սովորաբար ներառվում են համայնքի մանկավարժները, բժիշկները, իրավաբաններ,  սոցիալական աշխատող և հոգեբան։

Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմն ինքնին անարդյունավետ է։ Երեխաների պաշտպանության ամենակարևոր պարտավորությունները՝ 40-ից ավելի, հիմնարար կարևորություն ունեցող լիազորություններ, դրված են մեկ մարմնի վրա՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), որոնցից շատերն անգամ տեղյակ չեն, որ իրենք են այդ հիմնարար խնդիրներով զբաղվող պետական լիազոր մարմինը, այդ ոլորտների մասնագիտական կարողություններ չունեն, սակայն կենսական որոշումներ են կայացնում՝ վճռելով մարդկային ճակատագրեր։   

Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումների տիրույթում են և պարտավորությունն է`

  • անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը.
  • երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովումը.
  • կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը, այդ թվում՝ նրանց հրատապ օգնության, անհրաժեշտության դեպքում նաև անհապաղ տեղավորման ապահովումը և  բազմաթիվ այլ հարցեր։ 

Ո՞վքեր են վճռում երեխաների ճակատագրերը

Երևանի 12 վարչական շրջաններում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում մեծամասնությունը ոլորտի հետ առնչություն չունեցող մասնագիտությամբ անդամներ են, իրավաբաններն ու իրավագետները՝ 18-ն են, սոցիալական աշխատողները՝ 15-ը, իսկ հոգեբանները 7-ն են, մասնագիտություն չունի հանձնաժողովների անդամներից 7-ը։ 

Հանձնաժողովների 91 անդամների ճնշող մեծամասնությունը ունի բարձրագույն կրթություն, միայն մեկն է, որ ունի թերի բարձրագույն։

https://create.piktochart.com/output/58860858-yerevan 

Իրավիճակն ավելի վատթար է մարզերում, Գեղարքունիքի մարզի 5 համայնքների տվյալներով հանձնաժողովներում 10 անձ իրավաբան է, ընդհանուր առմամբ հանձնաժողովի անդամների մեծ մասի՝ 31-ի, մասնագիտությունը ոլորտի հետ որևէ  առնչություն չունի. Գեղարքունիքում երեխաների հետ կապված սուր հարցերը լուծում են և, ըստ էության, երեխաների ճակատագրերը որոշում են ռադիոտեխնիկները, ինժեներները, գյուղատնտեսները, ֆիզիկոսները կամ արևելագետները։

https://create.piktochart.com/output/58871193-gegharkunik 

 

Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնական առաջնային օղակը՝ Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից հանձնաժողովները գործում են հասարակական հիմունքներով, այսինքն՝ չեն վարձատրվում, ուստի արդյունավետ աշխատելու մոտիվացիա, մեծ հաշվով, չունեն։ Իրավիճակն այլ երանգներ է ստանում հատկապես մարզերի գյուղական համայնքներում, որտեղ հաճախ նաև շահերի բախման և կանխակալ մոտեցման խնդիրն է որոշիչ դառնում։ 

Երեխաների ճակատագրերը որոշում են մարդիկ, որոնց հանձնաժողովի անդամ դառնալու ընթացակարգը խնդրահարույց է, հանձնաժողովների անդամների թեկնածուների պատշաճ ուսումնասիրություն չի իրականացվում, երեխայի և խնամակալի կամ հոգաբարձուի համադրելիության, շահերի բախման գնահատում չի արվում, երեխայի լավագույն շահերի գնահատում և ապահովում չի իրականացվում, սա փաստում է  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման 2018-ի հետազոտությունը»։ 

«‎Այս պարագայում չեն բացառվում դեպքեր, ներառյալ՝ նաև կոռուպցիոն պայմանավորվածությունների արդյունք հանդիսացող, երբ երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակվի նյութական շահ հետապնդող անձ»,- ասվում է հետազոտությունում։  Բացի այդ, ըստ ոլորտի մասնագետների՝ արձանագրվել են դեպքեր, երբ «‎պատշաճ ուսումնասիրության չի ենթարկվում նաև անձի՝ խնամատար ծնող դառնալու դրդապատճառը, ինչը հաճախ եկամուտ ստանալու ցանկությունն է»: 

Ի դեպ, վերջերս Երևանում մայրը մանկահասակ երեխային նետել էր գետը, փոքրիկին փրկել էր անցորդներից մեկը, որից հետո հանձնաժողովը երեխային խնամակալության էր հանձնել մի տղամարդու, որն, ըստ այդ պահին կալանքի տակ գտնվող մոր՝ երեխայի կենսաբանական հայրն է, որը ժամանակին հրաժարվել էր երեխայից։ Այդ տղամարդն ունի մեկ այլ կին ու որոշ փորձագետների մտավախությամբ՝  երեխայի խնամակալության պատասխանատվությունը ստանձնել է բարերարների աջակցության ակնկալիքով։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների բաժնի առաջատար մասնագետ Լաուրա Կարապետյանն ընդգծում է  նաև մեկ այլ կարևոր խնդիր, այն, որ  Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները տարիներ շարունակ չեն վերապատրաստվում. «Երեխաների իրավունքների դաշտում և այլ հարցերում նոր իրավական ակտեր են ընդունվում, որոնց խնամակալության մարմինները ծանոթ չեն»,- նշում է Կարապետյանը։

2017-ին Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց էր հրապարակել՝ արձանագրելով, որ ոլորտում շարունակում է չլուծված մնալ երեք խումբ-խնդիրներ՝ երեխայի լավագույն շահը և նրա կարծիքը հաշվի առնելը, հանձնաժողովներում աշխատող անձանց մասնագիտական պատրաստվածությունն ու մոտիվացիան, ինչպես նաև իրավական բացթողումները։

Այս զեկույցից 4 տարի անց 2021-ին ՄԻՊ աշխատակազմը կրկին արձանագրում է, որ նշված խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել։ Նախորդ տարվա տարեկան զեկույցում մասնավորապես առաջարկվում է վճար սահմանել հանձնաժողովների անդամների գործունեության համար, սակայն անգամ այս  հարցը, որը, թերևս, մեթոդաբանական ու խորքային, արմատական փոփոխության անհրաժեշտություն ու ժամանակ չի պահանջում, ևս լուծված չէ։ 

Բացի այդ, ըստ ՄԻՊ-ի՝ հանձնաժողովն ու պետական մյուս մարմիններն արդյունավետ չեն համագործակցում, ավելին՝ «ձևավորված չէ և չի գործում հրատապ լուծում պահանջող խնդիրներին արագ արձագանքելու հստակ գործիքակազմ»։ Այս մարմինները չունեն իրենց գործառույթների իրականացման համար առանձնացված տարածք կամ սենյակ, տեխնիկական զինվածություն, փաստաթղթավարության և արխիվացման համար անհրաժեշտ հնարավորություններ։

Չկան նաև հստակ մեխանիզմներ ԽՀՀ անդամների կողմից իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու համար. վստահ է Երեխաների պաշտպանության ցանցի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

«Օրինակ՝ երեխաների հետ կապված մի շարք որոշումներ կայացնելու համար հաճախ կարիք է լինում խորքային ուսումնասիրել խնդիրները և եզրակացություն տալ,  մինչդեռ Հանձնաժողովը եզրակացությունը տալիս է միայն մեկ այցելության արդյունքում և նույնիսկ կարիք առաջանալու դեպքում առանձին մասնագետներ չի ներգրավում։ Եզրակացությունները հիմնականում հիմնվում են սուբյեկտիվ ընկալումների վրա»։

Աիդա Մուրադյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ երեխաների հետ կապված կոնֆլիկտային իրավիճակներում, երեխաների նկատմամբ բռնության գործադրման հարցերում հանձնաժողովը չի գործում օպերատիվ կերպով, ինչի հետևանքով երեխան շարունակում է մնալ ընտանիքում՝ բռնարարների հետ, այս իրավիճակը հանգեցնում է աղետալի հետևանքների։ 

Այս իրավիճակից դուրս գալու համար Մուրադյանն առաջարկում է համայնքներում ավելի ընդլայնել սոցիալական աշխատողների հաստիքների ներդրումը. 

«Համայնքային սոցիալական աշխատանքի ինստիտուտը նորաստեղծ է, այդուհանդերձ այսօր համայնքերում արդեն իսկ ներդրվել են 91 սոցիալական աշխատողների հաստիքներ։ Սոցիալական աշխատողն է այն մասնագետը, որը կկարողանա ժամանակին հայտնաբերել ռիսկային ընտանիքը և արդյունավետ միջամտությամբ կանխել խնդիրների բարդացումը»,- ընդգծում է Մուրադյանը

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից իրականացված  հետազոտության համաձայն՝ իրավասու մարմինները պատշաճ կերպով չեն գնահատում երեխայի և նրա ընտանիքի կարիքները․ 

«Սա իր հերթին հաճախ հանգեցնում է նրան, որ եզրակացությունները գրվում են ընդամենը մեկ տնային այցելությունից հետո», ավելին հետազոտության հեղինակները պնդում են, թե այդ տնայցերի ընթացքում չեն ներգրավվում մասնագետներ, օրինակ՝ հոգեբան, ուստի հանձնաժողովների եզրակացությունները չեն ունենում օբյեկտիվություն։

Սա միակ խնդիրը չէ, որ արձանագրվել է հետազոտությունում, նշվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մեթոդաբանության բացակայության մասին․«Այս մարմինների գործունեությունը չունի գործառույթների իրականացման մեթոդաբանություն, չկան մշակված ընթացակարգեր։ Բացակայում են աշխատանքի պլանավորման և հետազոտական աշխատանքների իրականացման անհրաժեշտ գործիքներ, երեխաների ուղղորդման ընթացակարգեր և այլն»։

Տասնամյակներով չլուծված խնդիրների հետևանքները․

Պետության անգործության և խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի անարդյունավետության, որոշ դեպքերում էլ խիստ սուբյեկտիվ ու կոռուպցիոն շահագրգռվածության հետևանքով առաջին հերթին տուժում են երեխաները, մինչդեռ պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու երեխաներին, պաշտպանելու, իրացնելու և ապահովելու երեխաների լավագույն շահից բխող գործությունները։

Սակայն այս անգործությունից միակ տուժողը երեխաները չեն, տուժում են նաև ծնողները, հատկապես կանայք, որպես առավել խոցելի կողմ։

2019-ին Շիրակի մարզում երիտասարդ մի կին ինքնասպան եղավ: Դեպքից մեկ ամիս առաջ վերջինիս ամուսինը զրկել էր երեխաներից՝  թույլ չտալով անգամ հեռախոսային ու հեռակա շփում ունենալ։ Իրավասու մարմիններն ագործության էին մատնված, համակարգի դեմ պայքարում անզորությունից կինը մեկ ելք է գտնում՝  կախվել։

2016-ին էլ Գեղարքունիքի մարզում երկու երեխաների մայրն ինքնասպան եղավ՝ տարիների պայքարն ապարդյուն էր, ոստիկան ամուսինն անգամ դեմ գնաց դատարանի որոշմանը, ըստ որի երեխաները պետք է հանձնվեին մոր խնամքին։  Երեխաներին զրկեց անգամ տեսակցությունից և որևէ շփումից, կրկին անգործություն ցուցաբերեց Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը ու «ելքը» կրկին ինքնասպանությունը դարձավ։   

Այս հոդվածում, ինչպես նաև ներկայացված  զեկույցներում ու հետազոտություններում արձանագրված խնդիրները տարիներ շարունակ չլուծված մնալով հանգեցնում են  անդառնալի հետևանքների՝ երեխաների խեղվաճ ճակատագրեր, ծնողների դժբախտություն, ցավալիորեն նաև՝ մահվան դեպքեր։

 

Գևորգ Թոսունյան


Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ