«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական նոր ծրագիր

Փետրվարի 24-ին մեկնարկեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած մարզային կրթական նոր ծրագիրը։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական նոր ծրագրի առաջին փուլում Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցների ուսուցիչները եռօրյա ինտենսիվ դասընթացների մասնակցեցին՝ զարգացնելով մեդիագրագիտության, քաղաքացիական կրթության ու քննադատական մտածողության դասավանդման հմտություններն ու կարողությունները։
Ծրագրի մեկնարկին ուսուցիչներին իր ողջույնի խոսքը հղեց Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը՝ կոչ անելով բաց չթողնել հնարավորությունն ու հարստացնել գիտելիքները մեդիագրագիտության ու քաղաքացիական կրթության զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ շեշտեց, որ նման ծրագրերով հասարակական կազմակերպությունները աջակցում են պետությանը ուսուցչական անձնակազմի կարողությունների զարգացման հարցում։
Երկու մարզերից ընտրված, ավագ եւ հիմնական դպրոցների 20 ուսուցիչները առաջիկա ամիսներին եւս շարունակելու են դասընթացների մասնակցությունը, որին կհաջորդի արդեն իսկ իրենց դպրոցներում եւ համայնքներում, իրենց նախաձեռնությամբ ստեղծված մեդիագրագիտության ծրագրերի իրականացման փուլը։
Հաջորդ ամիս այս երկու մարզերի 40 աշակերտներին եւս դասընթացների հետաքրքիր շրջան է սպասվում, ինչպես նաեւ հետագայում՝ ուսուցիչ- աշակերտ համագործակցության նոր ձեւաչափով ծրագրերի իրականացում։
Մեդրագրագիտության կարողությունների զարգացման այս ծրագիրն իրականացվում է Freedom House միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։