Ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը  կանանց իրավունքների վրա

Ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը 

կանանց իրավունքների վրա

Հեղինակ՝ Զարուհի Հովհաննիսյան

 

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցել է մարդկությանը ողջ պատմության ընթացքում, կրել և կրում է սիստեմիկ բնույթ, ներհյուսված է սոցիալական կառուցակարգերի մեջ։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը դուրս է տարիքային, սոցիալ-տնտեսական և աշխարհագրական սահմաններից, ազդում է հասարակության բոլոր շերտերի վրա։

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդգծում է, որ․  «․․․կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների և մարդկության»։ 

Այսպիսով, կանանց նկատմամբ բռնությունն առկա է տարբեր մակարդակներում, և համակարգային բռնության առավել վտանգավոր ձևերից է ընտանեկան բռնությունը։ 

Ընտանեկան բռնությունը համաշխարհային կտրվածքով լրջագույն մարտահրավերներից է, որն առավել սրվում և ակներև է դառնում տարեցտարի ավելի հաճախ կրկնվող համաճարակների, պատերազմների և այլ ճգնաժամային իրավիճակների պատճառով։ Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են։ Հետազոտությունները փաստում են, որ Հայաստանում կանայք հաճախ բռնության են ենթարկվում նախկին և ներկա ամուսինների և զուգընկերների կողմից, սակայն զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3 %-ը բռնության մասին լռում է։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց ընդամենը 12 %-ն է դիմում օգնության որևէ պատասխանատու կառույցի։ Ընտանեկան բռնության ենթարկված կանայք պատասխանատու կառույցներին դիմում են այն ժամանակ, երբ արդեն անհնար է հանդուրժել բռնությունը կամ բռնության հետևանքով ստացել են ծանր վնասվածքներ ։ Ցավոք, ոմանք էլ չեն հասցնում դիմել և զրկվում են կյանքից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ կանանց սպանությունների 35%-ը կատարվում է ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից: Սակայն այդ նույն աղբյուրը նշում է, որ այս վիճակագրությունն ամբողջական չէ : 

Համաձայն ոչ պաշտոնական վիճակագրության՝ ամբողջ աշխարհում գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից կամ որևէ ինֆեկցիոն հիվանդությունից :

Այս համատեքստում շատ կարևոր է ընտանեկան բռնության կանխարգելումը և բռնության ենթարկված կանանց արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց համար աջակցության որակյալ ծառայությունների առկայությունը։

Արդարադատության մատչելիությունը

Ընտանեկան բռնության ենթարկված կանայք տարիներ շարունակ լռում են բռնության մասին, և ահազանգում կամ դիմում են իրավապահ մարմիններին երբ «դանակը հասնում է ոսկորին»։ Սակայն, ահազանգ հնչեցնելուց հետո ևս խուսափում են իրենց իրավունքները վերականգնել դատարանում։ Բռնության ենթարկված կանանց արդարադատության մատչելիության իրավունքը կարևոր նախապայման է կանանց մյուս իրավունքների պաշտպանության և հատկապես խտրականության ու բռնության վերացման համար, ինչպես նաև կարող է երաշխավորել կանանց պաշտպանությունը, բռնության կանխարգելումը, բռնարարների հետապնդումն ու նրանց արդարացի պատիժը։

Ինչպես փաստում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» 2022թ․ հրապարակված « Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը․ «Հայաստանում բռնության ենթարկված կանանց համար արդարադատության մատչելիությունը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խնդիրներով։ Կանայք մեծ մասամբ չեն ստանում բավարար աջակցություն և պաշտպանություն իրավապահ մարմինների կողմից բռնության մասին բողոք ներկայացնելու, ինչպես նաև հետագա փուլերում։ Ավելին՝ բռնության ենթարկված կանայք հաճախ իրենց անվտանգ չեն զգում ոստիկանության բաժիններում, իսկ երբեմն ստիպված են լինում պաշտպանվել անգամ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք ի պաշտոնե պետք է երաշխավորեն բռնության ենթարկված անձի պաշտպանությունը»։

Ինչ վերաբերում է ֆիզիկական բռնության ենթարկված կանանց, ապա բռնարարների հանդեպ դատարանները չափազանց մեղմ են, ընտրում են առավել թույլ պատժատեսակներ։ Իսկ կնոջը ծեծելու համար բռնարար տղամարդիկ վերջին տարիներին միջինում տուգանվել են 63880 ՀՀ դրամով, որն ավելի քիչ է, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը։

Պետության կողմից այս մոտեցումը ամենևին չի նպաստում կանանց արդարադատության մատչելիությանը, ինչպես նաև չի հանդիսանում արդարության վերականգնման և բռնության դեպքերի կանխարգելման համար արդյունավետ մոտեցում։

Բռնության ենթարկված կանանց աջակցությունը

2017 թ․ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի բռնությունից տուժած անձանց աջակցությունն իրականացվում է աջակցության կենտրոնների միջոցով ։ 

2020 թվականից Հայաստանի բոլոր մարզերում, մասամբ պետության ֆինանսական աջակցությամբ, գործում են աջակցության կենտրոններ, որոնց մասնագիտական և նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն։ Այդ կառույցը համակարգում է նաև Հայաստանում գործող և որոշակի պետական աջակցություն ստացող ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների գործունեությունը, որոնք երկուսն են։

Ինչպես նշվում  է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» 2022թ․ հրապարակված «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտության մեջ, աջակցման կենտրոններն ունեն բազմաթիվ ֆինանսական, նյութատեխնիկական, անվտանգային խնդիիրներ, ինչպես նաև համակարգային ու օրենսդրական խոչընդոտներ։

Մասնավորապես․ Ոստիկանության կողմից դեռևս չի իրականացվում պատշաճ ուղղորդում, կամայականորեն ընտրվում են այն դեպքերը, որոնք ուղարկվում են կենտրոնններին, բռնության ենթարկված անձանց նկատմամբ դրսևորում է խտրական վերաբերմունք և արդարացնում են բռնություն գործադրողներին։ Ինչ վերաբերում է պետական այլ կառույցներին, ապա մասնավորապես Խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչները չունեն նվազագույն գիտելիքներ ու պատկերացումներ ընտանեկան բռնության և կանանց ու երեխաների վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ, թույլ են տալիս լրջագույն մասնագիտական և էթիկական խախտումներ։

Այս համատեքստում առկա են նաև օրենսդրական բացեր և այս տարի ՀՀ Աժ  երեք կին պատգամավոր նախաձեռնել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխության գործընթաց, որի շրջանակներում փորձ է արվում առավել արդյունավետ դարձնել ոլորտային օրենսդրությունը։

Ու թեև վերջին տարիներին պետությունը ակնհայտորեն ճանաչում է ընտանեկան բռնության խնդիրը և որոշակիորեն քայլեր ձեռնարկում կանխարգելման ուղղությամբ, սակայն քայլերը դեռևս ոչ բավարար համակարգված են և հատկապես պետական մարմինների միջև համագործակցությունը խիստ թերի է։

Կնասպանություն

Կանանց նկատմամբ խտրականության և բռնության ամենածանր ձևն է կնասպանությունը, որն ամբողջովին ուսումնասիրված չէ, քանի որ վիճակագրությունը թերի է։ Նույնիսկ թերի վիճակագրության պարագայում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հավաքագրած տվյալներով կնասպանության դեպքերը աճել են։

Եթե 2018 թ․ եղել է 3 կնասպանության դեպք, ապա 2022թ․ սպանված կանանց թիվը 15 է։ /Տես գծապատկեր 1-ում/։

Սակայն, հարկ է նշել, որ այս վիճակագրությունը չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ հավաքագրված են բացառապես կնասպանության այն դեպքերը, որոնք որակվել են որպես սպանություն։ Ինքնասպանություն կամ դժպախտ պատահար որակված դեպքերը դուրս են այս վիճակագրությունից։

Փաստացի, նույնիսկ թերի վիճակագրության վերլուծությունը փաստում է, որ կա որոշակի կապ կնասպանության դեպքերի աճի և արտակարգ իրավիճակների միջև։ Մասնավորապես, սկսած 2020թ․ կանանց սպանությունների առավել մեծ թիվը փաստում է, որ Քովիդ-19 համավարակն ու 44 օրյա պատերազմն իրենց ծանր հետևանքներն են թողել կանանց վրա։ Մասնավորապես «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» 2021թ․ կրականացրած «Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում» հետազոտությունը փաստում է, որ 2020թ․-ին Կոալիցիայի թեժ գծերին գրեթե 50%-ով ավելացել էին բռնության վերաբերյալ ահազանգերը։ Պատերազմի և համավարակի հետ հետևանքները շարունակվում են մինչ այժմ և դա երևում է թե՛ դեպքերի ավելացմամն, թե՛ դաժանությամբ։ Ըստ «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի, ավելի շատ կանայք են հայտնում, որ իրենց ամուսիններն ունեն զենք և իրենց սպառնում են։ Ինչպես նաև այս տարի զենքի գործադրմամբ տեղի է ունեցել կնասպանության դեպք, երբ նախկին ամուսինը նռնակի գործարկմամբ սպանել էր կնոջը, ով «Կանանց աջակցման կենտրոնի» շահառուն էր։

Այսպիսով, պատերազմը, համավարակը, ճգնաժամային իրավիճակները, որոնք դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, իրենց լրջագույն ազդեցությունն են ունենում կանանց վրա և դրսևորվում բռնության, խտրականության ամենածանր ձևերի միջոցով։

Այսպիսի իրավիճակում շատ կարևոր է պետության առավել զգայուն մոտեցումը և կանանց աջակցության որակյալ ու մատչելի ծառայությունների առկայությունը, որոնց արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտա ապահովել կանանց անվտանգությունն ու շարունակական աջակցությունը։

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: