Կոռուպցիան՝ պետության հետընթացի ու ինստիտուտների խաթարման հիմնապատճառ

Հայաստանում կոռուպցիան եղել է առաջնային խոչընդոտը ինչպես պետության զարգացման, այնպես էլ անվտանգային հարցերի լուծման տեսանկյունից։ Նորանկախ Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ հենց կոռուպցիայի պատճառով երկիրը հետընթաց է ունեցել, ձախողվել են միջպետական ծրագրեր ու նախագծեր, խոցելի է դարձել անվտանգային համակարգը։ Լավագույն օրինակը, թերևս, հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին է։

Մսխված գումարներչկայացած «Հյուսիս՝ հարավ» ծրագիր

Այս օրինակին հատուկ ենք անդրադառնում՝ ի ցույց դնելու, թե ինչպես է կոռուպցիան կարողացել ձախողել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամեախոշոր միջպետական ծրագրերից մեկը, եթե ոչ՝ ամենախոշորը։

2010-ի հունվարի 14-ի կառավարության նիստը լի էր շռայլ խոստումներով։ Կառավարությունը հավանություն էր տալիս հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին։ Հարցի զեկուցող Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը չէր խորշում օգտագործել ամպագորգոռ որոշ բառեր ու տալ ականջահաճո խոստումներ. «միջազգային բարձր ստանդարտների բավարարող տրանսպորտային ուղիների ստեղծում», որը կապահովի ելքը «դեպի միջազգային շուկաներ», կստեղծեն «տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ», դրանք կհամապատասխանեն «եվրոպական ստանդարտներին»։

Կառավարության նիստին երկար քննարկեցին այս նախագիծը, հարցեր տվեցին, հուսադրեցին միմյանց, ավելին` ժամկետներ սահմանեցին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էր՝ ծրագիր 2010-2017 թվականների ընթացքում է իրականացվելու։ Կառավարության այս նիստից ոչ 7, ոչ էլ 12 տարի անց «Հյուսիս-հարավը» կյանքի չկոչվեց, իսկ դրա համար նախատեսված գումարների մեծ մասը փոշիացվեց։

2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների մի քանի քրեական գործեր հարուցվեցին, որոնք հետագայում միացվեցին։ Միայն այս գործով, ըստ դատախազության 2020-ի զեկույցի, անարդյունավետ ծախսվել է 300 մլն դոլարից ավելի վարկային գումար և պետական բյուջեի միջոց։

Այս երևույթը ոչ միայն ու ոչ այնքան անձերի կամ գումարների, այլ ժողովրդավարության սկզբունքների ու ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների բացակայության մասին։

Կոռուպցիան «խժռում է» ռազմական բյուջեն

Կոռուպցիոն երևույթները նախ և առաջ ի հայտ են գալիս այնպիսի պետություններում ու համակարգերում, որտեղ անարդյունավետ են գործում կամ ընդհանրապես բացակայում են ժողովրդավարության վերահսկողության ինստիտուտները։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ժողովրդավարության մակարդակը որոշվում է 7 առանձին ցուցանիշների («ընտրական գործընթաց», «քաղաքացիական հանրություն», «մամուլի ազատություն», «ազգային ժողովրդավարական կառավարում», «տեղական ժողովրդավարական կառավարում», «դատական համակարգի ազատություն», «կոռուպցիա») միջինացված արդյունքով։

Այս ցուցանիշների ցածր մակարդակը և ժողովրդավարության վերահսկողության բացակայությունը Հայաստանում նախկինում մշտապես հանգեցրել է պետության ռեսուրսների ու հանրային միջոցների վատման կամ փոշիացման։

2015-ին Հայաստանում մեծ աղմուկ հանեց Վաշինգտոնում գործող «Համաշխարհային ֆինանսական բարեվարքության» (Global Financial Integrity) տարեկան զեկույցը, ըստ որի՝ 2004-2013-ին Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար:

Զեկույցի համաձայն՝ պետությունից միջին տարեկան հոսքը կազմել էր 983 մլն դոլար, միայն 2013-ին երկրից ապօրինի արտահոսել է 1 մլրդ 848 մլն դոլար:

Ուշագրավ է, որ 2013-ի ռազմական բյուջեն համահավասար էր Հայաստանից այդ տարվա ընթացքում դուրս բերված ապօրինի գումարների 25 տոկոսին՝ 444,3 միլիոն դոլար։

Հայաստանի ռազմական բյուջեն 2008-2019-ին կազմել է ավելի քան 5,3 մլրդ դոլար, այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի գումար է Հայաստանից ապօրինի հոսել 10 տարվա ընթացքում, քան ծախսվել է անվտանգությունն ապահովելու համար։

2017-ին այս կազմակերպությունը հանդես եկավ նոր զեկույցով։ Նշվում էր, որ 2005-2014-ին այդ գումարը կազմել է 10 մլրդ 47 մլն դոլար։ 

 Իրավապահների գնահատմամբ 2021-ի ավարտին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ (շուրջ 920 մլն դոլար)։

Կրկին՝ որպեսզի ավելի պատկերավոր լինի այս թիվը, այն համեմատենք վերջին տարիներին պաշտպանության ապահովման բյուջեի հետ։

Այսպես՝ 2020-ին, չնայած, որ Հայաստանը պատերազմի մեջ էր ու 24 տոկոսով ավելացել էր ռազմական բյուջեն, այն վերջնարդյունքում կազմեց 396 մլրդ դրամ (շուրջ 825 մլն դոլար) , այսինքն՝ 47 մլրդ դրամով պակաս, քան պետությանը հասցրված վնասը 2021-ի վերջին ամսվա դրությամբ։

2021-ի պաշտպանության ապահովման բյուջեն կազմել է 334 մլրդ (շուրջ 650 մլն դոլար), 2022-ին նախատեսվել էր 340 մլրդ դրամ, իսկ ճշտված պլանը 361 մլրդ էր, և միայն 2023-ի բյուջեն, որը կազմում է 501,3 մլրդ դրամ, գերազանցում է պետությանը հասցրված վնասի չափին։

Կոռուպցիայի հետեւանքով, փաստացի, պետությունը կորցրել է առնվազն մեկ տարվա ռազմական բյուջե, դրանք կարող էին ուղղվել նաև այլ ոլորտներ, մինչդեռ այդ գումարները կոռուպցիոն սխեմաներով «հոսել են» տարբեր մարդկանց գրպանները և դեռ երկար տարիներ կպահանջվի, որպեսզի վերադարձվեն պետությանը, իհարկե եթե դրա համար բավարար քաղաքական կամք եւ իրավապահ մարմինների բարեվարքություն եւ կարողություն լինի։

2021 թվականին վերադարձրվել է ընդամենը 7 մլրդ դրամ վնաս։

Սրանք պարզապես վիճակագրական տվյալներ չեն, սա մեր պետության անվտանգության ու զարգացման ձախողման թվային պատկերն է, որն ակնհայտ ցույց են տալիս, թե որքան են մսխվել պետական միջոցները ու չեն ծախսվել Հայաստանի պաշտպանունակության բարձրացման, սոցիալական, կրթական կամ առողջապահական խնդիրների լուծման համար։ Ընդ որում, սրանք այն թվերն են, որոնք առերևույթ հնարավոր է բացահայտել եւ վերադարձնել պետական բյուջե։

Ինչպես 2013-ին, այնպես էլ 2014-ին Freedom House-ի տվյալներով՝ Հայաստանը դասվել է կիսակարծր ավտորիտար վարչակարգերի շարքում՝ Կոսովոյի և Ղրղզստանի հետ միասին։

Այդ զեկույցում պետությունները գնահատվում են 7-բալանոց սանդղակով, որտեղ 1 միավորը նշանակում է ժողովրդավարական զարգացման առավելագույն մակարդակ, 7-ը՝ նվազագույն։

Freedom House-ի մասնագետները մեր երկիրը գնահատել էին 5,36 միավոր։ «Ընտրական գործընթաց» կատեգորիայում Հայաստանը ստացել էր 5,75 միավոր, «քաղաքացիական հանրություն» կատեգորիայում՝ 3,75, «մամուլի ազատություն» կատեգորիայում՝ 5,75, «ազգային ժողովրդավարական կառավարում» կատեգորիայում՝ 5,75, «տեղական ժողովրդավարական կառավարում»՝ 5,75։ Դատական համակարգի ազատությունը գնահատվել է 5,50, կոռուպցիան՝ 5,25։

Իրավիճակը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի համատեքստում

2020-ին Հայաստանում ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ 2020-2022-ին համապատասխան վարչությունը 356 նախաձեռնություն է սկսել, 67 գործով կիրառվել է հայցի նախնական միջոց, հարուցվել է 26 հայց։ Այս թվերը ոչինչ չեն ասում, քանի դեռ խորամուխ չենք լինում դրանցից յուրաքանչյուրում, օրինակներն, այս տեսանկյունից, ավելի խոսուն են։

Օրինակ, ըստ իրավապահների, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում:

Դատախազությունը դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց  եւ ավելի քան 40 միլիարդ դրամ: 2022-ի մայիսին հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Նշվում էր, որ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Առանձնատունը վաճառքի էր հանվել՝ 63,5 միլիոն դոլարով։

2022-ին դատարան ուղարկվեց Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ գործը։ Ըստ հայցի՝ 2002-2010-ի ընթացքում Բեգլարյանը կոռուպցիոն սխեմաների միջոցով կարողացել է տիրանալ 47 գույքի՝ Երևանում և մարզերում՝ պետությանը հասցնելով 6 մլրդ դրամի վնաս։

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով է անցնում նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախկին այլ պաշտոնյաներ։

Ինչո՞ւ է այս հանգամանքը էական. փաստացի վերջին երկու տասնամյակում Հայաստանի ղեկավար օղակի ներկայացուցիչները ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ՝ մսխելով ոչ միայն պետական բյուջեի միջոցները, այլ նաեւ պետական պարտքի կուտակմամբ ձեռք բերված վարկային ահռելի գումարները, որոնց սպասարկման վճարները, տոկոսները դեռ ահռելի բեռ են պետության-քաղաքացիների վրա։

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ