ԷԼԻՏԱ թիմը համաբուհական ուսանողական բանավեճի Ⅱ առաջնության հաղթող

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համաբուհական ուսանողական բանավեճի երկրորդ առաջնության եզրափակիչը։ Բովանդակային և կառուցողական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց ԷԼԻՏԱ թիմը։

Եզրափակիչ խաղում բանավիճում էին ԷԼԻՏԱ և ՎԵՍՏԱ թիմերը՝ «ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման լավագույն լուծումն արտահերթ ընտրություններն է» թեմայով։ Մրցակցող թիմերը նախապատրաստվել էին թե՛ դեմ, թե՛ կողմ դիրքորոշումներով։ Վիճակահանության արդյունքում ԷԼԻՏԱ թիմը բանավեճի ընթացքում պաշտպանեց կողմ դիրքորոշումը, իսկ ՎԵՍՏԱ թիմը՝ դեմ դիրքորոշումը։

Հանդիպման վերջում պարգևատրվեցին մրցաշարին մասնակից բոլոր թիմերը։

Շնորհակալ ենք համաբուհական ուսանողական բանավեճի երկրորդ առաջնության գնահատող կազմին․

▪️ Գայանե Աբրահամյան․ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի տնօրեն
▪️ Գեմաֆին Գասպարյան․ Բուն TV գործադիր տնօրեն
▪️ Դավիթ Ամիրյան․ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակ
▪️ Սաթեն Հակոբյան․ «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամ
▪️ «Ռեֆորմ» բանավեճի ակումբի ուսանող դատավորներ՝ Արմինե Հարությունյան և Նարե Գալստյան։

Ավելի քան 4 ամիս տևած համաբուհական ուսանողական բանավեճի երկրորդ առաջնությանը մասնակցեցին 20 թիմերի շուրջ 120 երիտասարդներ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից։

«Ռեֆորմ» բանավեճի ակումբի շրջանակներում արդեն 2 տարի անընդմեջ տեղի է ունենում hամաբուհական ուսանողական բանավեճի մրցաշարեր։ Առաջին և երկրորդ մրցաշարերը միավորել են Հայաստանի ավելի քան 40 գյուղերի ու քաղաքների ուսումնական հաստատությունները ներկայացնող շուրջ 240 ուսանողների։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ` «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։