Առողջապահական համակարգի աշխատաժողով Թբիլիսիում

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող բարեփոխումների փորձի փոխանակման աշխատաժողովներից վերջինը կայացավ կրկին Թբիլիսիում եւ նվիրված էր առողջապահական համակարգին։
Աշխատաժողովի շրջանակներում իրականացվեց նաեւ այց Վրաստանի Խորհրդարան, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի տեղակալ Լուսինե Բադալյանը, պատգամավոր Արփի Դավոյանը եւ Առողջապահության նախարարության ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ։
Հանդիպմանը քննարկվեցին առողջապահության ոլորտում խնդիրները, համընդհանուր ապահովագրական համակարգի անցնելու վրացական փորձը, տարիների ընթացքում արձանագրված խնդիրներն ու լուծման ուղիները։
Աշխատաժողովի ընթացքում հանդիպում եւ խնդիրների շուրջ քննարկում տեղի ունեցավ նաեւ Վրաստանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության, Բժշկական եւ դեղագործական գործակալության ներկայացուցիչների հետ՝ դիտարկելով ապահովագրության ներդրման գործընթացը, ֆինանսավորման համակարգը, դեղորայքի բաշխման եւ փոխհատուցման սկզբունքները, բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների վերահսկման եւ մոնիթորինգի մեխանիզմները։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տարբեր ոլորտերում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ դիտարկել վրացական փորձը, տարիների ընթացքում վերհանված խնդիրները, ձախողված եւ հաջողված փոփոխությունները։