Մեկնարկեց «ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը

Մեկնարկեց «ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը, որն առաջիկա օրերին հետաքրքիր եւ ուսանելի միջոցառումներով է լցնելուԳեղարքունիքի եւ Տավուշի մարզերի տարբեր համայնքների առօրյան։
Մարտունու ավագ դպրոցում փառատոնի բացման արարողությունը սկսվեց Տիեզերք բենդի համերգով, որին հաջորդեցին ողջույնի պաշտոնական ելույթները, դրամաշնորհ ստացած մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը և հատուկ փառատոնի շրջանակներում բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ներկայացումը։
Փառատոնի մասնակիցներին ողջունեցին ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նաթան Օսթինը, դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։
Փոխմարզպետը, շնորհավորելով ուսուցիչներին եւ աշակերտներին, կոչ արեց շարունակական ջանք ներդնել մեդիագրագիտության եւ կեղծ լուրերի դեմ պայքարի կարեւոր գործում։
Նաթան Օսթինն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ մեծապես գնահատում են ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների ակտիվ ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթական հարթակներում.
«Մեդիագրագիտությունը խթանող ծրագրերը խիստ կարեւոր են այս թվային դարաշրջանում, երբ կեղծ լուրերը տարածվում են վայրյանների ընթացքում։ Մեծապես գնահատում ենք MediaDitak փառատոնն ու ծրագիրը, հատկապես, որ դա ուղղված է հասարակության բոլոր շերտերին` երիտասարդներից մինչև մեծահասակներ, որոնք հաճախ ամենախոցելին են կեղծ լուրերի և խոսույթների նկատմամբ», — ասաց պարոն Օսթինը:
Սամսոն Մովսիսյանի թատերախմբի բեմադրած «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» մեդիագրագիտության և վերլուծական մտքի զարգացման կարևորության մասին հումորային ներկայացումը կարողացավ ստեղծել արդյունավետ քննարկումների, գիտելիքների փոխանակման անկաշկանդ միջավայր՝ դառնալով նոր ազդակ կեղծ լուրերի դեմ պայքարի համար։
Փառատոնի առաջին օրն ամփոփվեց «Խորոտ մեդիա» սեղանի խաղի առաջնությամբ, որը փառատոնի շրջանակում ստեղծել են ծրագրի շահառու վարդենիսցի երիտասարդները։ Խաղի նպատակն է ոչ միայն մեդիագրագիտության գիտելիքներ փոխանցել, այլ նաև ծանոթացնել Վարդենիս համայնքի բարբառին։
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը եւ դրան նախորդած մեդիագրագիտության ճամբարն ու դասընթացների ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։