Մեկնարկեց կանանց առաջնորդության ակադեմիա ծրագիրը
Նոյեմբերի 30-ին «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը՝ համախմբելով Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող եւ Արցախից տեղահանված կանանց։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
Ամբողջական կրթական կուրսը բաղկացած է 10 խորացված դասընթացներից, որոնք հինգ շաբաթների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ զարգացնելու են մասնակից կանանց կարողություններն ու հմտությունները։
Ծրագրի մեկնարկային շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան Քրիստինա Ասատրյանի հետ՝ քննարկելու հուզական ինտելեկտի և ինքնաճանաչման թեմաները, որին հաջորդեց հանդիպում հոգեբան Նարինե Խաչատրյանի հետ` «Հետտրավմատիկ սթրեսային խնդիրներ. դիմակայելու հատուկ հմտություններ» թեմաների շուրջ:
Ինքնաբացահայտմանն ու փափուկ կարողությունների զարգացմանը հաջորդեց տարբեր ուղղություններով գիտելիքների ձեռք բերման փուլը։ Ֆինանսական գրագիտության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների վերաբերյալ հարցերը մանրամասն քննարկեցին Ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ։