«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոն. օր երկրորդ

«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնի երկրորդ օրը սկսվեց Սևանա լճի ափին «Մեդիա արշավանքով» ծրագրով։ Մարտունի քաղաքի ավագ դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման շրջանակում մասնակիցները նախ մաքրեցին Սևանա լճի ափամերձ տարածքը պլաստիկ շշերից ու աղբից, այնուհետև մեդիափորձագետ Արմեն Սարգսյանի հետ «արշավեցին» անտառ, որտեղ էլ քննարկեցին քննադատական մտքի կարևորությունը և մեդիագրագետ լինելու անհրաժեշտությունը։ «Մեդիա արշավանքն» առանձնահատուկ դարձրեցին մասնակիցների կողմից մեդիագրագիտության մասին հեղինակած երգերը։
➡️Օրվա երկրորդ կեսը առանձնահատուկ էր Կարճաղբյուր համայնքի համար, որտեղ գյուղի դպրոցականներն ու մեծահասակները մեդիագրագիտության ուսուցումը համադրել էին ավանդական գաթայի թխման արարողության հետ։
«Մեդիագրագետ գաթայի» տոնը մեկնարկեց գաթա թխող կանանց դասընթացով՝ քննարկելով մեդիագրագիտության, թվային աշխարհի վտանգների, ծնողների պատասխանատվության եւ թվային հիգիենայի հարցերը, որից հետո միայն անցան ավանդական գաթայի պատրաստման գեղեցիկ արարողությանը։
«Մեդիագրագետ գաթայի» տոնախմբությունն իրենց ներկայությամբ պատվեցին ու մասնակիցներին ոգեւորեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման » ՀԿ նախագահ, հայտնի եւ սիրված խոհարար Սեդրակ Մամուլյանը եւ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը։
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։