Մեդիագրագիտություն Վարդենիսում. Քվեսթ խաղ դպրոցում
Վարդենիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում գործող մեր կազմակերպության կողմից ստեղծված Մեդիագրագիտության դասարան-ակումբում իրականացվող կրթական ժամանցային միջոցառման հեղինակն այս անգամ «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շահառու, ավագ դպրոցի աշակերտներ Քնարիկ Մադոյանը և Միլենա Մարտոյան էին։
Քնարիկը և Միլենան հետաքրքիր քվեսթ խաղ էին կազմակերպել, որի ընթացքում վարդենիսցի երիտասարդները տարբեր առաջադրանքների միջոցով ստուգում էին կեղծ լուրերը տարբերակելու իրենց հմտություններն ու գիտելիքները։ Քվեսթ խաղն առանձնանում էր նաև ստեղծագործական և խմբային աշխատանքը խրախուսող հարց-խնդիրներով։ Կարևորելով սեփական փորձը և կարողությունները հասակակիցներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ աղջիկները քվեսթին նախորդող դասընթաց էին կազմակերպել մասնակիցների համար, որին մասնակցեց և իր գիտելիքներով կիսվեց նաև մեդիափորձագետ, ուսուցչուհի Հասմիկ Չարխչյանը։
Միջոցառումն իրականացվել է Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում՝ Վարդենիսը դարձնելով ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող համապետական միջոցառումների մասնակից։ Հատուկ շնորհակալություն Քնարիկին և Միլենային նախաձեռնության և պատասխանատվության համար։
«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ կողմից՝ «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության ֆինանսավորմամբ։