Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանի մարզերում
Այս տարի «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մասնակցեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին։ Այս շրջանակում Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի հինգ դպրոցներում գործող մեր դասարան-ակումբներում կրթական ծրագրերի շահառու ուսուցիչներն ու աշակերտները իրականացրեցին մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ։
Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտները ուսուցողական այցով այցելեցին Քյավառ TV, ծանոթացան հեռուստաընկերության աշխատանքին և լրատվական գործունեության առանձնահատկություններին։ Ներքին Կարմիրաղբյուրում աշակերտները մասնակցեցին թվային անվտանգության թեմայով դասընթացի, իսկ Նոյեմբերյանում և Մարտունիում նրանք ձեռք բերեցին փաստերի ստուգման նոր հմտություններ ու գործնական գիտելիքներ։
Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում մեր աշակերտները հանդես եկան նաև ինքնուրույն նախաձեռնություններով։ Նոյեմբերյանում կազմակերպվեց «ՄԵԴԻԱաԼաբիրինթոս», Վարդենիսում՝ «ՄԵԴԻաՔվեսթ», իսկ Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում աշակերտները ներգրավվեցին համայնքի պատմության գրքի պատրաստման աշխատանքներում՝ հարցազրույցների և քննարկումների միջոցով հավաքագրելով արժեքավոր տեղեկատվություն։
Շաբաթի փակման արարողությանը մեր թիմը ներկայացրեց «Ֆեյք լուրերի Մամլո Ակումբ» ուսուցողական և հումորային ինտերակտիվ բեմադրությունը, որը ստեղծվել էր Սամսոն Մովսիսյանի անվան թատերախմբի հետ համագործակցության արդյունքում։ Բեմադրությունը ներկայացվեց Արարատի մարզի Ղուկասավան և Շիրակի մարզի Ախուրյան համայնքներում՝ շարունակելով մեր առաքելությունը՝ մեդիագրագիտությունն ավելի հասանելի և գործնական դարձնելու համար։