Մեդիագրագիտության ակումբը Ներքին Կարմիրաղբյուրում

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում գործող մեդիագրագիտության դասարան-ակումբը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ կազմակերպելով գյուղի երիտասարդների կրթական և ժամանցային առօրյան։ Ակումբը ստեղծվել է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ։

Ակումբ-դասարանի գործունեության երկու տարիների ընթացքում աշակերտները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, այդ թվում՝ մեդիագրագիտության թեմայով սեղանի խաղի ստեղծմամբ։ Այս տարի դպրոցի աշակերտուհի Շահանե Այվազյանը նոր նախաձեռնություն է իրականացրել՝ կազմելով տեղեկատվական գրքույկ, որը ներկայացնում է սահմանապահ գյուղի պատմությունը, մշակութային առանձնահատկությունները և պատմական վայրերը։ Նա այս աշխատանքը հիմնել է դասարան-ակումբի տարբեր դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների վրա։

Տեղեկատվական գրքույկի մշակման համար Շահանեն բանավոր պատմություններ է հավաքագրել գյուղի տարեց բնակիչներից՝ սկսելով այս գործընթացը Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում։ Այս նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրը դարձել է մեդիագրագիտությանը նվիրված համապետական միջոցառումների մաս։ Գրքույկը պատրաստ կլինի տարեվերջին՝ դառնալով համայնքի պատմության պահպանման կարևոր միջոց։