«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դասարան-ակումբը  Ներքին Կարմիրաղբյուրում

«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագրի շրջանակում
մեր հերթական մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբը այս անգամ բացվեց Ներքին Կարմիրաղբյուրի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում։
Դասարան-ակումբի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը։ Ծրագրի շահառու ուսուցիչներ Արևիկ Մելիքյանը և Մարինե Առաքելյանը ներկայացրեցին դասարան-ակումբում սպասվող միջոցառումների մանրամասները։Այնուհետև լրագրող, բլոգեր Հրանտ Ղազումյանը աշակերտների հետ քննարկեց մեդիագրագիտության կարևորությունը՝ պատասխանելով ներկաների մի շարք հարցերին։
Առաջիկա ամիսներին ակումբում կարողությունների զարգացման դասընթացների մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունենալու իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝ խթանելով մեդիագրագիտության հմտությունների և քաղաքացիական կրթության զարգացումը, նաեւ ապահովելով համայնքի երիտասարդների կրթական ժամանցը։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ
Առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրի արդյունքում դասարան-ակումբներ են բացվելու Գեղարքունիքի և Տավուշի համայնքների չորս դպրոցներում։