Կանանց հզորացումը կրթության և բիզնեսի միջոցով

Վերջին հինգ շաբաթների ընթացքում «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառուները, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ, ձեռք են բերել ծառայությունների եւ ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություններ, ինչպես նաև վաճառքի մենեջեր դառնալու մասնագիտական գիտելիքներ։ Ծրագիրը վարում էր «Academy Partners by Madatyan» ընկերության հիմնադիր, իրավաբան Տիգրան Մադաթյանը։

Մեկամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են իրավաբանական փաստաթղթաշրջանառության, առցանց հարթակներում վաճառքի կազմակերպման, էջերի կառավարման, ինչպես նաև առցանց սպառողական շուկայում ձեռներեցություն նախաձեռնելու և ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնման նրբությունները։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը մշտապես կարևորել են պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնումը և տնտեսական հզորացումը։ Այդ նպատակով նրանք իրականացրել են բազմաթիվ ծրագրեր՝ աջակցելով ավելի քան 11,000 արցախցի ընտանիքների։